12 մարտի 2021 - 13:31 AMT
ՀՈԴՎԱԾ
Կարապետյանի գործը շարունակողները
Ինչ խնդիրներ ունեն հայկական հուշարձանները հետազոտողները
Մոտ մեկ տարի առաջ՝ 2020-ի փետրվարի 27-ին մահացավ հուշարձանագետ Սամվել Կարապետյանը։ Նա հայկական լեռնաշխարհում՝ ՀՀ-ում ու երկրի տարածքից դուրս բազմաթիվ հուշարձաններ է ուսումնասիրել և բացահայտել, հավաքել պատմական ու մշակութային ահռելի ժառանգություն։

PanARMENIAN.Net-ը խոսել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանի հետ՝ իմանալու՝ ինչ է անում հիմնադրամը Կարապետյանից հետո, ինչպես են ընթանում աշխատանքներն ու ովքեր են շարունակում նրա կիսատ թողած գործը։

ՀՃՈւ-ն՝ առանց Սամվել Կարապետյանի

Շարունակում ենք անել մեր գործը, մեր հիմնական խնդիրը Հայաստանի տարածքից դուրս, Մեծ Հայքի տարածքում գտնվող հայկական ու ոչ հայկական հուշարձանների ուսումնասիրությունն է։ Մեծ դժվարություն էր Սամվել Կարապետյանի անժամանակ մահը․ նա մեր շարժիչ ուժն էր, գլուխը, ինքն էր ծրագրում ամենը, ուղղորդում։ Նրա կորստի դժվարությանը գումարվեցին նաև 2020-ի արհավիրքները, բայց մենք մեզ խոստում էինք տվել, որ պետք է գործը շարունակել: Եվ այո՛, ունեցանք որոշ հաջողություններ և մի քանի հրատարակություններ, որով էլ ինքնավստահություն ձեռք բերեցինք: Սամվելն այս տարիների ընթացքում մեզ սովորեցրել է հենց այս օրվա համար, երբ ինքը չլինի, իր գործը շարունակողները լինել։ Տարեվերջում հասկացանք, որ թեկուզ որոշ չափով, բայց կարողանալու ենք այս գործը շարունակել։

Սամվելը բազմաթիվ կիսատ գործեր ուներ, տարբեր ուղղություններով էր աշխատում։ 90-80%-ով ավարտուն գործեր ունի, և հարյուրավոր գրքերի վերնագրեր, որ նախագծում էր գրել։ Օրինակ՝ Կարապետյանի «Վրաստանի հայկական եկեղեցիները» խորագրով գիրքը 70%-ով ավարտուն է, «Խոջիվանքը» անգլերեն է տպագրված, բայց հայերենը համարյա պատրաստ է։ 2004-ից պատրաստ է նաև «Արցախի մանրատեղանուններ» գիրքը՝ Արցախի տարածքների մասին, որտեղ ամեն բլրի, ձորի, գետի անուն տարիներով է հավաքել։ Սամվելի կենդանության օրոք տպագրության ծախսը հոգացող հովանավոր չկար, բայց նրա մահից հետո գիրք կհրատարակվի։ Եթե նա չհավաքեր այդ մանրատեղանունները, ապա Հյուսիսային Արցախի բռնագաղթից հետո ոչ ոք չէր հիշելու դրանք:

Ինչո՞ւ հենց մեր պատմության ու մշակույթի մասին պետք է իմանան աշխարհում, չէ՞ որ բազմաթիվ ժողովուրդներ կան, որոնք պատմություն ու մշակույթ ունեն

Չեմ ուզում ուրիշ ժողովուրդների մասին ասել․ նրանք ունեն ուրույն մշակույթ, որն իրենցն է։ Մեր խնդիրը մի քիչ այլ է, մենք ունենք մի այնպիսի տարածաշրջան, որ մեր մշակույթն ամեն րոպե վտանգված է։ Ավելի ենք ապրում մեր մշակույթով, որովհետև զգում ենք, որ դրանք կորցնելու վտանգ կա։ Մենք մեր բնօրրանում ոչ նյութական մշակույթը կորցրած ժողովուրդ ենք․ ցեղասպանության պատճառով կորցրել ենք մեր բարբառները, տեղանունները, ծեսերը, սովորույթնները, շարժական հուշարձանների (եկեղեցական իրեր, ձեռագրեր) մեծ մասը։ Հիմա մեր մշակույթից մնացել են միայն անշարժ հուշարձանների փշրանքներ, և ջանում ենք դրանցից մի մասնիկ ստանալու համար։

Այդ վախն է պատճառը, որ այժմ Քարվաճառի, Քաշաթաղի, Հադրութի դեպքում մտածում ենք մեր հուշարձանների մասին․ մեզ դա է մնացել։ Հադրութի բնակիչների տեղահանությամբ, օրինակ, այս պահին կորցնում ենք նրանց յուրօրինակ բարբառը։ Մեր վախն ուրիշ է։ Միայն աշխարհի համար չենք անում՝ մեզ համար ենք անում, որ մեր երեխեքին ցույց տալու բան ունենանք։

ՀՃՈւ-ին տրվող պետաջակցությունը 2021-ի համար կրճատվել է, բայց ասել են՝ ժամանակավոր է։ Հիմնադրամն արդեն մոտ 10 գիրք ունի պատրաստ, տպագրական ծախսը հոգացող հովանավոր չկա։ Քորթոշյանն ասում է՝ ֆինանսական հարցերից շատ չեն խոսում․ մի ընտանիքի նման են աշխատում, և եղել է դեպք, որ ամիսներով չեն վճարվել այդ աշխատանքի համար։

Այն մասին, թե ինչպես աշխարհում չգտնվեց 1000 հայ, որ կգներ Մեծ Հայքի քարտեզը կազմող «Հայաստանի պատմություն» գրքաշարը

Մեր գործունեության մեխն այս պահին «Հայաստանի պատմություն» գրքաշարն է, դրանցից 4-ն արդեն հրատարակվել են՝ «Հայոց ձորը», «Սալմաստը», «Արծկեն» և «Մրավականքը»։ Գրքերը հերթով գալով վերածվելու են Արևմտյան Հայաստանի քարտեզի, սա մեր դաշտային ու գրասենյակային նյութերի ամփոփումն է, գյուղ առ գյուղ ներկայացնում է տվյալ գավառի պատմությունը։ Այժմ աշխատում ենք «Խնուս» և «Պարսպատունիք» գավառների վրա, երկուսի տպագրման ծախսի համար էլ հովանավոր ունենք, նախապատրաստական աշխատանքները մենք ենք անում։

Մտածում էինք, որ աշխարհում կգտնվի թեկուզ 1000 հայ, որ կուզի ունենալ պատկերազարդ գրքերի այս շարքը։ 1000 բաժանորդ ունենալու դեպքում տպագրության խնդիր չէինք ունենա, յուրաքանչյուր բաժանորդից վերցված նախավաճառքի գումարով կհոգայինք ամեն գրքի տպագրության ծախսը։ Դժբախտաբար, մեր բաժանորդների թիվը 100-ը չի անցնում։

Քորթոշյանն ասում է՝ իհարկե, այս գործը բոլոր երիտասարդների համար սիրելի լինել չի կարող, բայց ապագայում, ինչպես և դրանից առաջ, կգտնվեն մարդիկ, որոնք իսկապես սիրում են այն։

«Մեկ է՝ մարդ պիտի սիրի իր երկիրը, իր պատմությունը ու հետազոտելու, նոր բան գտնելու հանդեպ սեր ունենա։ Բացահայտումների հաճույքը պիտի դառնա երիտասարդներին այս գործում ներգրավվելու գործոն․ մարդն այս գործում բացահայտում է երկրի ու պատմության մի հատվածը՝ օգնելով հասկանալ իր կյանքի ու ժողովրդի պատմությունը»,-եզրափակում է նա։

Անահիտ Հակոբյան / PanARMENIAN.Net