Խանութներում կամ ռեստորաններում արհեստական մսով պատրաստված ուտեստներ դեռ չենք գտնի, բայց արտադրական ընթացքն առաջ է գնում արագ տեմպերով: Ներդրողներն այս ոլորտի ստարտափերի վրա միլիոնավոր դոլարների ներդրումներ են անում: Շատ շուտով սննդի համաշխարհային շուկա կմտնի կենդանական մսի այլընտրանքը:
Ինչպե՞ս են «աճեցնում» արհեստական միսը
Եթե վերականգնողական բժշկության մասին գաղափար ունեք, ապա արհեստական մսի աճեցման ընթացքն ավելի լավ կպատկերացնեք: Կիրառվում են նմանատիպ մեթոդներ: Մսի մանրաթելերն արտադրվում են կենդանիների մկանային հյուսվածքների բջիջներից, հետո դրանց հստակ ձև են տալիս և բիոռեակտորի միջոցով դարձնում են միս: Արհեստական միսը պետք չէ շփոթել բուսական մսի հետ: Արհեստական մսի տեխնոլոգիան բոլորովին այլ է, միսը լաբորատոր պայմաններում է ստեղծվում:
Արհեստական մսի ստեղծման վրա աշխարհում աշխատում է 60-ից ավելի կազմակերպություն: Կանխատեսվում է, որ արհեստական մսի շուկայի շրջանառությունը 2032-ին կհասնի 593 միլիոն դոլարի: Առանց խոզին մորթելու հնարավոր է ուտել խոզի միս ու սա գիտաֆանտաստիկ ժանրից չէ:
Ե՞րբ արհեստական միսը կհասնի մեր սեղաններին
Մինչ միսը լաբորատորիայից կհասնի մեր տան ջեռոց, նախ վերանայվում է գնային քաղաքականությունը: 2013-ին արհեստական մսով մեկ ուտեստի արժեքը 400 հազար դոլարի սահմանում էր: Այսօր խոսքը մի քանի հարյուր դոլարի մասին է: Վերջնանպատակն է՝ արհեստական մսի արժեքը հասանելի դարձնել միջին աշխատավարձով սպառողներին: Տարբեր տվյալներով՝ մինչև 2040 թվական մեր սպառած մսի 60%-ը դուրս կգա լաբորատորիաներից:
Սոցիալ-տնտեսական հետևանքները
Առաջին հայացքից էլ պարզ է, որ լաբորատորիայում ստեղծված միսն անասնաբուծության և կենդանական մսի արտադրության համար լուրջ խնդիրներ կարող է առաջացնել: Ավանդական մսամթերք արտադրողները լուրջ մրցակիցներ են: Խոսքը հարյուրավոր միլիարդ դոլար ծավալով շուկայի մասին է: Եթե մեծ կազմակերպությունները բավարար ռեսուրս ունեն շուկան մոնոպոլիզացնելու, ապա փոքր ու միջին բիզնեսը, սովորական ֆերմերն ու անասնապահը լուրջ ֆինանսական խնդիրների առաջ կկանգնեն: Պահանջարկի նույնիսկ մի քանի տոկոս նվազումը շատերին կարող է պարզապես զրկել եկամտի հիմնական աղբյուրից:
Քննարկվող լուծումներից մեկը գիտնական-ֆերմեր գործակցությունն է: Պարզ ասած, առաջարկ կա ֆերմերներին վերապատրաստել, որպեսզի կարողանան իրենց հմտություններն ինտեգրել նոր տեխնոլոգիաների հետ: Մյուս կողմից, այս սցենարի իրագործումն օբյեկտիվ պատճառներով մի փոքր բարդ է պատկերացնել օրինակ սահմանամերձ գյուղում ապրող Մերուժան պապիկի դեպքում: Արհեստական մսամթերքը Հայաստան դեռ չի հասել, բայց նույնիսկ հիպոթետիկ պատկերացնելու դեպքում, սոցիալական այս խնդիրներն արդեն նշմարվում են:
Էկոլոգիական հետևանքները
Արհեստական մսամթերքի էկոլոգիական հետևանքների շուրջ կարծիքները կիսվել են: Մի կողմից, հետազոտողները պնդում են, որ լաբորատոր պայմաններում ստեղծված միսը 20 տոկոսով կնվազեցնի անասնաբուծության հետևանքով մեթանի արտանետումների ծավալը: Եթե համեմատենք՝ լաբորատորիայում ստեղծված միսն ակնհայտորեն ավելի քիչ հողատարածք է պահանջում, քիչ էներգիա ծախսում և քիչ ջերմոցային գազեր արտանետում:
Մյուս կողմից, արհեստական մսի ստեղծման ծախսերը չափազանց մեծ են և գիտնականների մոտ կիրառվող տեխնոլոգիաների վերաբերյալ լուրջ հարցեր են առաջանում: Տեսակետ կա, որ երկարաժամկետ հեռանկարում արհեստական մսի աճեցումն ավելի էներգատար է, բիոռեակտորների աղտոտումն էլ իր բոլոր հետևանքներով ամենաանհանգստացնող սցենարներից է: Կարճ ասած, գիտնականների մի խումբ պնդում է, որ լաբորատորիայում ստեղծված միսը կարող է ավելի մեծ վնաս տալ կլիմային, քան անասնաբուծությունը: Սա կախված է նրանից, թե օգտագործվող էներգիան ինչպես է արտադրվում:
Մինչև արհեստական մսամթերքը մուտք կգործի սպառողական շուկա, մարդիկ ակտիվ քննարկում են դրա մարդկային (բացառվում է կենդանիների սպանդը) և ոչ այնքան մարդկային (մարդիկ զրկվում են եկամտի հիմնական աղբյուրից) կողմերը: