26 հունվարի 2022 - 18:26 AMT
ՀՈԴՎԱԾ
Մեքենաների կտրուկ թանկացման պատճառը
Ի՞նչ սպասել նոր տարում
Օգտագործված մեքենաների գներն ավելի արագ են աճում, քան բիթքոինը: Սա ոչ թե հոռետեսական կանխատեսում է, այլ պարզ մաթեմատիկա:

Ամերիկացի փորձագետները վերլուծություններով ու հստակ փաստերով պնդում են, որ ավտոտնակում պահած մեքենան ձեր ամենաշահավետ ներդրումը կարող է լինել:

Մեծ էներգիա ու շատ ժամանակ պետք չէ հասկանալու համար, որ շուկայում լուրջ խնդիրներ կան: Մեքենաների թանկացումն ու դրա հետևանքներն առօրյա խոսակցության թոփ թեմա են դարձել: Հայաստանյան շուկայում խնդրի արմատները հասկանալու համար պետք է նաև պարզել, թե ինչ է կատարվում գլոբալ մակարդակով:

ԵԱՏՄ-ն և արտոնյալ ժամկետի ավարտը

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելիս Հայաստանին 5 տարի անցումային ժամկետ հատկացվեց, ինչի արդյունքում հայերը մեքենաները մաքսազերծում էին ոչ թե միասնական, այլ ավելի ցածր դրույքաչափով: Արտոնյալ ժամկետը լրացավ 2019-ի ավարտին և 2020-ի հունվարի մեկից մեքենաները ներկրվում են Հայաստան ԵԱՏՄ միասնական դրույքաչափով: Այսինքն մի քանի անգամ ավելի բարձր մաքսատուրքով: Մինչև 2020-ը արտոնյալ պայմաններից ոչ միայն հայ ներկրողներին էին օգտվում, այլ նաև Ղազախստանի քաղաքացիները: Անցումային ժամանակահատվածում հայ ներկրողներն իրավունք ունեին մեքենաները վաճառել միայն ՀՀ քաղաքացիներին, բայց ղազախները արտասահմանից բերված և Հայաստանում մաքսազերծված մեքենաների հիմնական գնորդներից էին: Նույնիսկ կան տվյալներ, որ ղազախները գրանցվում էին հայերի անունով ու հասցեով և իրենք էլ էին առևտուր անում:

2019-ին Հայաստան է ներկրվել 189 000 ավտոմեքենա, սա առնվազն երեք անգամ ավելի շատ էր 2018-ին ներկրված մեքենաների թվից: Սխեման պարզ էր. Արտասահմանից մեքենաներ բերել արտոնյալ դրույքաչափով և դրանք վաճառել մաքսատուրքերի թանկացումից հետո: Այս բիզնես պլանը հատկապես ռիսկային դարձավ հենց նույն շրջանում կորոնավիրուսի մատուցած տհաճ անակնկալից հետո: Արտադրական փուլից մինչև ծովային փոխադրումների թանկացում. ոլորտը բախվեց երկարաժամկետ խնդիրների մի մեծ փաթեթի:

Քովիդի հետևանքներն ու գլոբալ շուկան

Թանկացումները տարածվել են միջազգային ամբողջ շուկայում, բայց մեզ հատկապես հետաքրքիր է ամերիկյան շուկան, որովհետև հայերը հիմնականում հենց ամերիկյան աճուրդներից են մեքենա գնում: Ընդամենը մեկ տարում օգտագործված մեքենայի միջին գինն ավելացել է 21-28 տոկոսով: Եթե 2020-ին օգտագործված մեքենան հնարավոր էր գնել 13.500 դոլարով, ապա մեկ տարի հետո նույն մեքենայի համար պետք է վճարել 17 հազար դոլար:

Պահանջարկի և առաջարկի մասին պարզ տրամաբանությունն այստեղ ևս գործում է: Այս դեպքում օգտագործված մեքենաների շուկան ուղիղ կապ ունի նաև առաջնային շուկայի հետ: Համավարակի պատճառով շատ գործարաններ ամիսներով չեն աշխատել, հետևաբար հումքի արտադրության խնդիր է առաջացել: Հատկապես խնդրահարույց է միկրոչիպերի պակասուրդը: 2021-ին չիպերի վաճառքը 500 միլիարդ դոլարի է հասել, բայց այս թիվը պետք է դիտարկել շուկայի կոնտեքստում: Չիպերի պակասուրդի պատճառով 2021-ին համաշխարհային ավտոարդյունաբերությունը 210 միլիարդ դոլար է կորցրել: 11 միլիոն մեքենայի արտադրություն կամ չեղարկվել է, կամ էլ հետաձգվել: Կորոնավիրուսը, լոքդաուններն ու ուշացումները նաև ծովային փոխադրումների կտրուկ թանկացման պատճառ դարձան: Ֆինանսական կոլապսից խուսափելու և շահույթ ունենալ նպատակով ընկերությունները մոտ 30 տոկոսով բարձրացրին փոխադրման գինը: Առնվազն 2022-ի համար ոլորտի փորձագետների կանխատեսումները հուսադրող չեն: Մեքենաների արտադրությունը, հետևաբար նաև արդեն օգտագործված մեքենաների առքն ու վաճառքը կարգավորելու և գնային տատանումները զսպելու համար պետք կգա առնվազն երկու տարի: