4 փետրվարի 2022 - 10:20 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱՊՊԱհարզան
Ինչո՞ւ են վարորդները դժգոհ ԱՊՊԱ-ի հետ համատեղ կյանքից
Արդեն մի քանի օր հանրապետության հրապարակում բողոքի ազդանշաններ են լսվում։ Վարորդների մի մասին բերման են ենթարկում մեքենաներով, մյուսներին՝ առանց մեքենաների։ Այս «պատահարը» ԱՊՊԱ֊ի գործառույթների շրջանակում չէ, հետևաբար հատուցումներ էլ չկան։ Վարորդների ակցիան ԱՊՊԱ֊ի վճարների թանկացման դեմ է։ 2021-ի տվյալով գործող ԱՊՊԱ պայմանագիր ունեցող տրանսպորտային 578,521 միջոց կա։ Հանրապետության հրապարակում մի քանի տասնյակ մեքենա կար։ Խնդիրը չի լուծվում։

Բազային ապահովագրավճարը

Փետրվարի 7֊ից ԱՊՊԱ֊ն կթանկանա։ Որոշումն ընդունել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, հաստատել է՝ Կենտրոնական բանկը։ Վարորդներին բյուրոյի պարզաբանումները չեն բավարարել։ Փորձենք հասկանալ, թե ինչ համակարգային խնդիրներ կան թանկացումների հետևում։

Ապահովագրողները թանկացումները մի քանի կետով են բացատրում՝ վթարների թվի աճ, փոխհատուցման ծավալների ավելացում, ոլորտի և ծառայությունների բարելավման ձգտում, պահեստամասերի և մեքենայի վերանորոգման թանկացումներ։

Նոր փոփոխություններով ուժի մեջ են մտնում ԱՊՊԱ֊ի հաշվարկման նոր կանոններ։ Մինչև 3 000 դրամով կավելանա բազային ապահովագրավճարի չափը։ Այսպիսով բազային սակագինը 18.7 հազար դրամի փոխարեն կկազմի 21.7 հազար դրամ։ Մի նրբություն կա։ Այս սակագինը կգործի միայն այն վարորդների համար, որոնք ապահովագրական պատմություն ունեն։ Նախկինում ԱՊՊԱ պայմանագիր չունեցած վարորդների համար կգործի միասնական 41 հազար դրամ սակագինը։ Սրա հետ մեկտեղ հիշենք, որ սովորաբար բազային ապահովագրության վերջնական արժեքը հասկանալու համար հիմնական ապահովագրավճարին ավելանում էին այլ գործակիցներ ևս։ Օրինակ վարորդի տարիքը, մեքենայի շարժիչի հզորությունը, վարորդի այսպես ասած «ԱՊՊԱ պատմությունը» և այլն։ Այսինքն՝ հետևյալ բանաձևով. «Բազային ապահովագրավճար = Հիմնական ապահովագրավճար x Ռիսկայնության գործակիցներ»։

Տաքսիների և մեծ ձիաուժով մեքենաների համար ապահովագրավճարը շատ ավելի բարձր է ստացվում։ Նոր փոփոխություններով բյուրոն խնդրի լուծման տարբերակ է առաջարկել՝ խմբակային սակագների փոխարեն կկիրառեն անհատական սակագներ՝ հիմնված անհատական ռիսկերի վրա։ Որոշման մեջ նշվում է, որ անցում են կատարելու «հաշվարկման ավելի արդար մեթոդաբանության»։

Բոնուս֊Մալուս

Վարորդները նախ վրդովված են, որ պարտադիր ապահովագրավճարների մասին որոշումը կայացվել է առանց հանրային քննարկման կամ իրազեկման։ Նաև նշում են, որ առաջին հայացքից որոշ վարորդների համար ձեռնտու այս փոփոխությունները ընդհանուր համակարգի համար լուրջ խնդիրներ կարող են առաջացնել։ Վթարների թվի աճն օրինակ վարորդների մեկնաբանմամբ հիմնավոր պատճառ չէ, որովհետև աճել է նաև մեքենաների թիվը, հետևաբար նաև դրամական հոսքերը։

Մտավախությունները պայմանավորված են նաև նրանով, որ նոր որոշմամբ փոխվել է նաև բոնուս-մալուս համակարգի կիրառման մեթոդը։ Բոնուս֊մալուսն ապահովագրավճարների զեղչերի և հավելավճարների համակարգն է։ Նախկինում մեղավոր վարորդը ցանկացած վթարի դեպքում 4 մալուսային դաս էր ստանում։ Յուրաքանչյուր դասը ապահովագրության արժեքն ավելացնում էր երեք տոկոսով։ Նոր փոփոխություններով մինչև 100.000 դրամ վնասի դեպքում վարորդը կստանա 3 մալուսային դաս և այսպես՝ կախված հատուցման չափից կավելանա նաև մալուսային դասը։ Եթե հատուցման չափը 1 միլիոն 800 հազար դրամ և ավելի է, վարորդը կստանա 8 մալուսային դաս։ Վարորդների խոսքով այս տրամաբանությամբ ապահովագրությունը վարորդի համար կարող է թանկանալ մինչև 300%֊ով։ Առավելագույն հատուցման սահմանաչափը գույքի համար 18 միլիոն դրամ է, անձնական վնասների համար՝ 33 միլիոն դրամ։

Նախորդ տարիների փորձը

Հայաստանում բոլոր մեքենաների համար ԱՊՊԱ պայմանագիր ունենալը պարտադիր է արդեն 11 տարի։ Այս ընթացքում ևս ապահովագրական շուկայում թանկացման դեպքեր եղել են։ Ապահովագրական ընկերությունների դեմ էլ հարյուրավոր բողոքներ են ներկայացվել։ 2014-ին օրինակ ապահովագրական ընկերությունները ԱՊՊԱ պայմանագրերի թանկացումը մեկնաբանում էին գնաճով։ Ապահովագրավճարի հաշվարկի հիմքում պահեստամասերի, վերանորոգման և բժշկական ծառայությունների արժեքներն են և ապահովագրական որոշ ընկերություններ բնականոն գնաճը հիմք ընդունելով նվազագույն սահմանաչափի փոխարեն կիրառում էին առավելագույնը։ Վարորդները մտահոգված են, որ նախկինների հետ համադրելով նոր փոփոխությունները վատ նախադեպերի հիմք են դառնում։ Ոլորտի մասնագետներն էլ առաջարկում են ուսումնասիրել միջազգային փորձը և խնդիրների երկարաժամկետ լուծման համար ֆինանսական մեխանիզմից բացի կիրառել նաև այլ, առավել արդյունավետ մեթոդներ։