7 փետրվարի 2022 - 19:41 AMT
ՀՈԴՎԱԾ
Ո՛չ թալանին
Արևմտյան թանգարանների աֆրիկյան մշակույթը
Դեռ 2012-ին կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանը պնդում էր, որ Բրիտանական թանգարանում գտնվող Անահիտ աստվածուհու արձանի մասունքները պետք է բերել Հայաստան և, որ այդ հարցը պետք է մշտապես մեր հասարակական օրակարգում լինի։

Հարցն օրակարգից դուրս եկավ կարճ ժամանակում, շատերը նաև ծաղրում էին նման նախաձեռնությունները, բայց հատկապես վերջին տարիներին մշակութային ժառանգությունը տուն վերադարձնելու փորձերն ակտիվացել են ամբողջ աշխարհում։

Եվրոպական թանգարաններն արվեստասերի համար իսկական դրախտ են՝ մշակութային հարուստ ժառանգություն, արվեստի արժեքավոր գործեր, ամենաքննարկված աշխատանքների բնօրինակներ… Սա մեդալի միայն մի կողմն է։ Մյուս կողմում արվեստասերը պետք է հարց տա՝ ի՞նչ ծագում ունեն արտեֆակտերը և ինչպե՞ս են թանգարանները ձեռք բերել դրանք։ Այս հարցը շատ հաճախ չի հնչում, դրա համար էլ շատ ավելի հեշտ է դառնում խուսափել պատասխանից և պատասխանատվությունից։

Դժվար է պատկերացնել, որ արվեստի գործի կամ մշակութային ժառանգության մասին պատմող տեղեկագրերում նշված լինի, թե տվյալ գործը 200 տարի առաջ գողացել են ու հենց դրա համար էլ այն հայտնվել է բրիտանական, ոչ թե օրինակ աֆրիկյան որևէ երկրի թանգարանում։ Իսկ իրականում հենց այդպես էլ եղել է։ Աֆրիկյան մշակութային ժառանգության 90%-ը գտնվում է եվրոպական թանգարաններում։ Նախկին եվրոպական գաղութներն այսօր պահանջում են իրենց վերադարձնել այն, ինչն արևմուտքը թալանել է դարեր առաջ։

Մշակութային կոթողները վերադարձնելու մասին խոսակցությունները հատկապես ակտիվացել են վերջին տարիներին, երբ Եվրոպայի գաղութատիրական անցյալը կրկին ուշադրության կենտրոնում է։ Այս ֆոնին աֆրիկյան երկրներն ավելի պահանջատեր են դարձել և մեկը մյուսի հետևից հայտեր են ներկայացնում։ Ամեն բան ավելի լրջացավ, երբ 2017֊ին Ֆրանսիայի նախագահը Բուրկինա Ֆասոյի մայրաքաղաքում հայտարարեց, որ Ֆրանսիան մաս առ մաս կվերադարձնի աֆրիկյան մեկ այլ երկրի՝ Բենինին պատկանող մշակութային ժառանգությունը։ Եվ իսկապես, 2021-ին Բենինին պաշտոնապես վերադարձվեց 1892 թվականին երկրից դուրս բերված 26 արտեֆակտ՝ արձաններ, գավազաններ, պալատական դռներ, թագավորական գահ և այլն։ Ֆրանսիայի խորհրդարանն էլ թալանված արտեֆակտերը Սենեգալ և Բենին վերադարձնելու մասին օրինագիծ է ընդունել։ Սա, իհարկե, քայլ առաջ է, բայց կաթիլ է օվկիանոսում։ Ֆրանսիական թանգարաններում 90,000֊ից ավելի աֆրիկյան արտեֆակտ կա։

Ֆրանսիական ֆլեշմոբին միացել են եվրոպական այլ երկրներ ևս։ Բելգիայում «աֆրիկյան արմատներով» շուրջ 85,000 արտեֆակտ կա։

Կառավարությունը խոստացել է զբաղվել դրանց «հայրենադարձությամբ»։ Նիդեռլանդներում էլ հայտարարում են, որ աֆրիկյան ժառանգությունը պետք է ազատել եվրոպական գերությունից և, որ իրենց թանգարաններում թալանով ձեռք բերված արվեստի գործերը տեղ չունեն։

Եվրոպացիների արձագանքը միանշանակ չէ և ոչ բոլորն են ոգևորված։ Պորտուգալիայի խորհրդարանն օրինակ, դեմ է քվեարկել մշակութային ժառանգության նմուշները նախկին գաղութներին վերադարձնելու օրինագծին։ Պատճառների թվում հատկապես ընդգծվում են աֆրիկյան թանգարանների ոչ բավարար պայմանները։ Իրականում սա օբյեկտիվորեն լուրջ խնդիր է։ Աֆրիկյան շատ թանգարաններ չունեն բավարար ռեսուրսներ արվեստի գործերն ու կոթողները պահպանելու համար։ Խնդիրների թվում՝ անվտանգային թույլ համակարգ, որակավորում չունեցող մասնագետներ, ջերմակայուն հատուկ համակարգի բացակայություն և այլն։ Աֆրիկյան ժառանգությունը տուն վերադարձնելու կոչով անհատներն ու կազմակերպությունները դիմում են նաև Եվրամիությանն ու կոչ անում հարցին համակարգային լուծում տալ։ Այս փուլում Եվրոպական Միությունը պարտադրող որևէ օրինագիծ չունի և որոշումը թողել է անդամ երկրների քաղաքական էլիտայի խղճին։

Մշակութային ժառանգության պահպանմամբ և տուն վերադարձնելու ակնկալիքով արևմտյան թանգարաններին դժվար կացության մեջ են դնում նաև այլ երկրներ, օրինակ՝ Հունաստանն ու Չինաստանը։ Չինացիների պնդմամբ աշխարհում 1.6 միլիոն գողացված չինական անտիկ իրեր և արվեստի նմուշներ կան։ Հույներն էլ միայն վերջերս 47 անտիկ նմուշներ են վերադարձրել Միացյալ Նահանգներից։ Իսկ Գերմանական «գերությունից» վերջին տասնամյակներին Հունաստան է վերադարձել 13 հազար արտեֆակտ։