1 մարտի 2022 - 17:57 AMT
ՀՈԴՎԱԾ
Մշակութային ճակատը
Ինչպես է արվեստի աշխարհն արձագանքում ռուս-ուկրաինական պատերազմին
Նկարիչները հրաժարվում են ցուցադրություններից, պատկերասրահները նկուղում են պահում արվեստի թանկարժեք գործերը, ուժայինները փշալարերով են պատում թանգարանները:

Պատերազմի մշակութային ճակատը մի քանի ուղղությամբ է գործում: Պայքարում են արվեստի բացառիկ նմուշների պահպանման համար, բաց նամակներով և կոչերով պահաջնում են կանգնեցնել պատերազմը, Ռուսաստանն ու ռուս արտիստներին դուրս են թողնում արվեստի չքաղաքականացված աշխարհից:

Պատերազմի դեմ պայքարն ազգություն չի ճանաչում: Այս ճակատում կռվում են թե ուկրաինացի, թե արևմտյան և թե ռուս արվեստագետները: Նրանք հիշեցնում են, որ պատերազմի զոհերն ու տուժածները միայն զինվորները կամ խաղաղ բնակիչները չեն: Արվեստի եզակի գործերը ևս թիրախում են և շատ հաճախ թանկ գին են վճարում:20րդ դարի ուկրաինացի ժողովրդական նկարչուհի Մարիա Պրիմաչենկոյի 25 աշխատանք մոխիր են դարձել: Իվանկովի թանգարանն ավերվել է գրեթե ամբողջությամբ: Օդեսայի ժամանակակից արվեստի թանգարանը փշալարերով փակել է շենքը, արվեստի գործերն էլ տեղավորել նկուղում: Այս և այլ փաստեր ի մի բերելով Ուկրաինան ՅՈՒՆԵՍԿՕ-ին կոչ է արել կասեցնել Ռուսաստանի անդամակցությունն այդ կազմակերպությանը: Հաշվի առնելով արևմուտքի ցասումը և պատժամիջոցների նորանոր փաթեթները, այս սցենարը ևս բացառել պետք չէ:

Միջազգային տարբեր կազմակերպություններ, թանգարաններ և արտիստներ մեկը մյուսի հետևից չեղարկում են Ռուսաստանում իրենց ցուցադրությունները, դադարեցնում համագործակցությունը, կասեցնում պայմանագրերը: Նյու Յորքի Մետրոպոլիտեն Օպերան օրինակ այլևս չի համագործակցի Վլադիմիր Պուտինին աջակցող և նրանից աջակցություն ստացող արտիստների և կազմակերպությունների հետ: Դիրիժոր Վալերի Գերգիևին հեռացրել են Մյունխենի ֆիլհարմոնիկ նվագախմբի ղեկավարի պաշտոնից: Ռուսաստանի ղեկավարությանը չդատապարտելու և Պուտինի մտերիմը լինելու պատճառով Գերգիևի հետ գործակցությունը դադարեցրել է նաև իտալական «Լա Սկալա»-ն: Գերմանական մի կազմակերպություն որպես բողոքի նշան դադարեցնում է Տրետակովյան պատկերասրահի հետ համատեղ ցուցահանդեսը: Արևմտյան մի շարք արտիստներ փակում են իրենց անհատական ցուցահանդեսները Ռուսաստանի տարբեր թանգարաններում:

Ռուսաստանի կառավարության և անձամբ նախագահ Պուտինի դեմ «մշակութային պատժամիջոցներ» են կիրառում ոչ միայն արտասահմանցի, այլև ռուս արվեստագետները: Ռուսաստանը չի մասնակցի Վենետիկի 59-րդ միջազգային բիենալեին: Սա արվեստի աշխարհում ամենանշանակալի իրադարձություններից մեկն է, որի գլխավոր նպատակներից մեկն արվեստի լեզվով մարդկանց երկխոսության հարթակ տրամադրելն է: Ռուսաստանի տաղավարի համադրողները հրաժարվել են մասնակցությունից, պատճառաբանելով, որ արվեստի համար տեղ չի մնում այն աշխարհում, որտեղ մարդիկ մահանում են ավիահարվածներից:

Ռուսաստանում ապրող և ստեղծագործող տասնյակ նկարիչներ, երգիչներ և դերասաններ ևս դեմ են պատերազմին: Նրանց մի մասը բողոքն արտահայտում է սոցցանցերում, մյուսները հրաժարվում են տարբեր նախագծերում իրենց մասնակցությունից կամ չեղարկում են համերգները: Կան նաև դեպքեր, երբ թանգարանների և թատրոնների տնօրենները հեռանում են պաշտոնից ու լքում են երկիրը:

Մշակութային բողոքի այս ակորդն, իհարկե, հատկապես ուժեղ է հնչում արևմուտքում: Արևմտյան ամենահայտնի դեմքերը միլիոնավոր դոլարների նվիրատվություններ են անում, օգնում են փախստականներին կամ էլ նվազագույնը սոցցանցերում և հարցազրույցներում դատապարտում են Ռուսաստանի իշխանությանը: Ռոբերտ Դե Նիրոն օրինակ, Քեմբրիջի համալսարանում ուսանողների հետ հանդիպման ընթացքում կոչ է արել անտարբեր չլինել, իրերն իրենց անունով կոչել և ագրեսիան կանգնեցնելու համար ինչ-որ բան անել: Փոլ ՄաքՔարթնին հիշել է 2008-ին Ուկրաինայում կազմակերպված համերգը, Շերն էլ կոչ է արել օգնել ուկրաինացի եղբայրներին և քույրերին ու դատապարտել այն ագրեսորներին, որոնք ինչքան էլ ուտում են, քաղցած են մնում:

Եվ վերջում, կարծես թե արևմտյան մշակութային պատժամիջոցները հասնում են նաև Հայաստան: Ամերիկյան The Walt Disney Company-ն կասեցրել է Ռուսաստանում իր ֆիլմերի ցուցադրումը, Warner Bros-ն էլ հետաձգել է «Բեթմեն»-ի պրեմիերան: Հայաստանի կինոթատրոնները հոլիվուդյան ֆիլմերը Ռուսաստանից են ստանում՝ ռուսերեն թարգմանությամբ: Սա նշանակում է, որ ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա հետևանքները տհաճ կլինեն նաև Բեթմենի հայ երկրպագուների համար: