10 մարտի 2022 - 19:13 AMT
ՀՈԴՎԱԾ
Զսպելով բարկությունն ու գնաճը
Պատերազմն ու մեր դատարկվող գրպանը
Պարենային ճգնաժամ, համաշխարհային սով, ռեկորդային թանկացումներ… ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքների մասին խոսելիս լավատեսական կանխատեսումներ գրեթե չկան: Փոխարենը մասնագետները զգուշացնում են սոցիալ-տնտեսական ծանր ամիսների մասին:

Թանկացումներն արդեն նկատելի են տասնյակ երկրների տասնյակ ոլորտներում: Ռուսաստան, Ուկրաինա, Միացյալ Նահանգներ, Եվրոպա, նաև Հայաստան… ավիատոմսերից մինչև էներգակիրներ, բեռնափոխադրումներից մինչև հացահատիկի պաշարներ: Թանկանում է ամեն ինչ:

Թանկացումների իրական պատկերը կհստականա հատկապես մարտ ամսվա տվյալներն ամփոփելիս, բայց եղած թվերն արդեն մտահոգիչ են: Նախ պարենային անվտանգության և գնաճի մասին: Համաշխարհային շուկայում 14 տարվա մեջ առաջին անգամ ցորենի գինն աճել է մոտ 40 տոկոսով: Աշխարհում ցորենի արտահանման 22 տոկոսը բաժին է հասնում Ռուսաստանին, 10 տոկոսը՝ Ուկրաինային: Կան երկրներ, որոնք հացահատիկի գրեթե ամբողջ պաշարը ներկրում են այս երկու երկրներից: Հայաստանն օրինակ ներկրվող ցորենի շուրջ 90 տոկոսը Ռուսաստանից է ստանում: Կառավարությունը հացահատկի հնարավոր ճգնաժամի ֆոնին պնդում է, որ իր թիվ մեկ խնդիրը սպասվող գնաճը զսպելն է: Հայաստանում ռեսուրսներն ու պաշարները մեծ չեն, բայց ճգնաժամի առաջին փուլը հաղթահարել կստացվի: Վիճակն անկանխատեսելի կդառնա, եթե հակամարտությունը երկարի:

Բարդ է նաև ձիթայուղի հարցը: Ձեթի դեֆիցիտը հասել է Եվրոպա: Իսպանիայում օրինակ, յուրաքանչյուր մարդու հաշվով ձիթայուղ գնելու սահմանափակումներ են դրել: Վիճակը բարդ է նաև Թուրքիայում, ձիթայուղի պաշարների 70 տոկոսը Ուկրաինայից և Ռուսաստանից ստացող Թուրքիան հիմա ստիպված է հանգստացնել իր քաղաքացիներին, որոնք մոտալուտ թանկացումների վտանգը զգալով գրոհել են սուպերմարկետները: 3 օրում 5 լիտրանոց ձիթայուղի արժեքը ավելացել է 35 տոկոսով:

Արևմուտքի պատժամիջոցների ֆոնին ռեկորդային գնաճ են սահմանում էներգակիրները: Նավթի համաշխարհային շուկայում 13 տարվա մեջ առաջին անգամ մեկ բարելի գինը անցել է 140 դոլարը: Գազի 1000 խմ-ն էլ առաջին անգամ հասել է 3500 դոլարի: Միացյալ Նահանգները և Մեծ Բրիտանիան որոշել են ամբողջությամբ հրաժարվել ռուսական գազից և նավթից: Եվրամիությունն ընտրել է փուլային տարբերակը, քանի որ ԵՄ երկրներ ներկրվող բնական գազի 40 տոկոսը Ռուսաստանից է գալիս: Տարբեր տվյալներով գազի գինը մինչև տարեվերջ Եվրոպայում կարող է թանկանալ մինչև 50 տոկոսով:

Թանկացումների պատճառներից մեկն է նաև մատակարարման շղթաների խախտումը և հետևաբար նաև բեռնափոխադրումների կտրուկ թանկացումը: Այստեղ միանգամից երեք խնդիր կա՝ ցամաքային երթուղիների վրա ազդող սահմանափակումները, օդային փակ տարածքները, ծովային բեռնափոխադրումների չեղարկումները: Եվրոպան, Միացյալ Նահանգները, Կանադան և մի քանի այլ երկիր ևս փակել են Ռուսաստանի համար իրենց օդային տարածքը: Սա ոչ միայն անհարմար է դարձրել չվերթները՝ 2 ժամի փոխարեն 20 ժամ թռիչքներով, այլ նաև ավիատոմսերի կտրուկ թանկացման է հանգեցրել: Սրա հետևանքները զգում ենք նաև Հայաստանում: Մոսկվա-Երևան-Մոսկվա չվերթները հասնում են մինչև 2000 դոլարի: Փետրվարի սկզբին նույն ավիատոմսերի արժեքը 200-250 դոլարի սահմանում էր:

Լոգիստիկ շղթաների խախտման և մատակարարումների խնդիրների պատճառով բարդացել է նաև տարատեսակ հումքերի ներկրումն ու արտահանումը: 2020-ին Ռուսաստանը 335.5 միլիարդ դոլարի ապրանք է արտահանել ամբողջ աշխարհում: Պատերազմի հետևանքով խոշորագույն բեռնափոխադրող ընկերությունները, որոնք պատասխանատու են համաշխարհային առևտրի մոտ 80 տոկոսի տեղափոխման համար, դադարեցրել են համագործակցությունը ռուսական ընկերությունների հետ: Հայաստանյան շուկան շղթայական ձևով կապվում է ռուսականի հետ, հետևաբար, տնտեսագետների կանխատեսմամբ Ռուսաստանում նշմարվող թանկացումները կհասնեն նաև այստեղ:

Վիճակագրական կոմիտեի տվյալով Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2022թ. փետրվարը 2021թ. փետրվարի նկատմամբ) կազմել է 6.5%: Պատերազի հետևանքների և Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների առումով պատկերն ավելի հստակ կդառնա, երբ հրապարակվեն մարտ ամսվա տվյալները: Կենտրոնական բանկից էլ հայտնում են, որ ճգնաժամային այս իրավիճակի պատճառով բազմաթիվ գործոններ կան, որոնց տատանողականությունն այս փուլում բարձր է: Գնաճի վրա դրանց ազդեցությունը հասկանալու համար տատանողականության որոշակի նվազում է անհրաժեշտ:

Եվ պատերազմական այս խառնաշփոթի ֆոնին ճգնաժամը խորացնում է արտարժույթի շուկայի տատանումները: Պատերազմի սկզբից ի վեր ռուսական ռուբլին արժեզրկվում է: Մարտի 10-ին 1 ռուբլու առքը 4.3 դրամի սահմանում է: Մինչև փետրվարի 24-ը 1 ռուբլին 6.5 դրամի սահմանում էր: Սա նշանակում է, որ Հայաստանի այն բնակիչները, որոնք աշխատավարձ կամ դրամական այլ փոխանցումներ են ստանում ռուբլով՝ այս տատանումների և ռուբլու արժեզրկման պատճառով կարող են լուրջ կորուստներ ունենալ: Զուգահեռ բարձրանում է դոլարի գինը և այս իրավիճակում շահում են այն քաղաքացիները, որոնք եկամուտ են ստանում դոլարային փոխանցումներով: Մարտի 10-ի դրությամբ 1 դոլարը 516 դրամ է: