Արևմուտքը ռուս գործարարներին և նախագահ Վլադիմիր Պուտինի մերձակա շրջապատի միլիարդատերերին սեղմում է ամեն օր ավելացող պատժամիջոցներով, սառեցված հաշիվներով և զբոսանավեր առգրավելով:
Ուկրաինայում ծնված, Մեծ Բրիտանիայում ապրող հրեական արմատներով ռուս միլիարդատեր Միխայիլ Ֆրիդմանն արևմտյան պատժամիջոցներից ամենաշատը տուժած գործարարներից է: Ալֆա Գրուպի հիմնադրի կարողությունը մինչև պատերազմը 14 միլիարդ դոլար էր: Հիմա Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրա ամբողջ կարողությունը սառեցրել է: Շաբաթներ առաջ Ֆրիդմանը հարցազրույցներից հրաժարվում էր, լրագրողների զանգերին էլ չէր պատասխանում: Այսօր գործարարն այնքան ճարահատյալ վիճակում է, որ ինքն է զանգել լրագրողին և նեղսրտել ստեղծված պայմաններից:
Ֆինանսական որևէ գործողություն անելուց առաջ Ֆրիդմանը ստիպված է ձևաթուղթ լրացնել և դիմել Մեծ Բրիտանիայի կառավարությանը: Եթե բախտը բերի, կառավարությունն ամսական 3000 դոլար գումար կտրամադրի: Ֆրիդմանն այքան բարդ վիճակում է, որ նույնիսկ չի կարողանում վճարել տան հավաքարարին: Նույնիսկ մտածում է տան մաքրությունն իր վրա վերցնել, ինչպես հին և բարի ժամանակներում, երբ ուսանողական տարիներին ապրում էր հանրակացարանում: Ֆրիդմանը նաև իսրայելական անձնագիր ունի, բայց Լոնդոնից չի հեռանում, որովհետև Իսրայելում տուն չունի և գումար էլ չունի՝ նորը գնելու համար: Նա կարծում է, որ արևմտյան երկրները չգիտեն, թե ում հետ գործ ունեն: Վստահեցնում է՝ գործարարները Պուտինի վրա այնքան ազդեցություն չունեն, ինչքան արևմուտքն է կարծում: Հետևաբար չեն կարող ստիպել կամ խնդրել Պուտինին՝ վերջ դնել պատերազմին: Այս կերպ ռուս գործարարն ուղիղ տեքստով ասում է, որ իր դեմ կիրառվող պատժամիջոցներից տուժում է միայն ինքը և Պուտինի որոշումների վրա ազդելու որևէ լծակ չունի:
Ընդհանուր առմամբ Եվրամիության, Մեծ Բրիտանիայի, Միացյալ Նահանգների թիրախում են հայտնվել տասնյակ ռուս գործարարներ: Նրանցից շատերին մեղադրում են «կրեմլամետ» դիրքորոշման մեջ: Ամերիկյան մամուլը գրում է՝ նախկին փոխվարչապետ, ադամանդի հանքի գործադիր տնօրեն, ՊԱԿ նախկին ղեկավար… ռուս որոշ օլիգարխնեը զբաղեցրել կամ զբաղեցնում են թոփ պաշտոններ: Պատժամիջոցները չեն նշանակում, որ պետությունը կարող է առգրավել գործարարների ամբողջ ունեցվածքը: Նրանք իրավասու են սառեցնել ակտիվները, արգելել վաճառքը կամ փակել եկամուտ ստանալու լծակները: Սառեցված ակտիվները տեխնիկապես շարունակում են պատկանել գործարարներին, բայց պատկերավոր ասած՝ նրանց ձեռքերն ու ոտքերը կապված են: Իրականում այս պատժամիջոցները կարող են տասնյակ դատական գործերի հանգեցնել: Իրավական հարցերն էլ կարող են տարիներ տևել:
Պատերազմի առաջին օրերին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ռուս օլիգարխներին դիմելով հայտարարեց՝ «մենք գալիս ենք ձեր հետևից, ձեր շքեղ առանձնատների, զբոսանավերի և օդանավերի հետևից»: Սա ոչ թե սպառնալիք էր, այլ զգուշացում, որովհետև հաջորդող օրերը ցույց տվեցին, որ ռուս միլիարդատերերի ունեցվածքն իսկապես վտանգված է: Միացյալ Նահանգներում նույնիսկ հատուկ քննչական խումբ է ստեղծվել, որի նպատակն է հետախուզել ռուս օլիգարխներին և առգրավել նրանց ունեցվածքը: Այս խմբում ընդգրկված են երկրի ֆինանսների, ներքին գործերի և արդարադատության նախարարությունները:
Եվրոպայում ևս մեկը մյուսի հետևից անակնկալ են մատուցում միլիարդատերերին և առգրավում զբոսանավերն ու առանձնատները: Իտալիայում, օրինակ, առգրավեցին գործարար Անդրեյ Մելնիչենկոյի՝ 530 միլիոն եվրո արժողությամբ աշխարհի ամենամեծ մասնավոր զբոսանավը: Նրա ունեցվածքը գերազանցում է 11 միլիարդ դոլարը: Իտալացիներն առգրավեցին նաև Ալիշեր Ուսմանովին պատկանող շքեղ ու թանկարժեք առանձնատունը, հեռուստալրագրող Վլադիմիր Սոլովյովի երկու վիլլաները: Լոնդոնում ավելի դաժան գտնվեցին: Ցուցարարները ներխուժեցին և գրավեցին միլիարդատեր Օլեգ Դերիպասկայի առանձնատունը: Մեծ Բրիտանիայի փոխվարչապետն էլ հայտարարեց, թե կառավարությունը գուցե օգտագործի ռուս օլիգարխների առանձնատները՝ ուկրաինացի փախստականներին տեղավորելու համար:
Պատժամիջոցների տակ է նաև Ռոման Աբրամովիչը, կասկածի տակ են նույնիսկ Չելսին վաճառելու նրա ծրագրերը: 12 միլիարդ դոլար կարողություն ունեցող Աբրամովիչը հետևողականորեն հերքում է Պուտինի կամ Կրեմլի հետ ցանկացած կապի առկայությունը, բայց առայժմ դա նրան չի փրկում:
Վերադառնանք Ալիշեր Ուսմանովին, որն, ըստ Forbes-ի, 17 միլիարդ դոլար կարողություն ունի: Արևմտյան մամուլն Ուսմանովին անվանում է Պուտինի ամենասիրելի օլիգարխը, Եվրամիությունը նրան բնութագրում է որպես «գործարար-պաշտոնյա», ամերիկացիներն ասում են, որ Ուսմանովը լուծում է Պուտինի բիզնեսի հետ կապված բոլոր խնդիրները: Այս շարքից հետո առնվազն հստակ է, որ Ուսմանովն արևմուտքի կողմից ամենաշատը թիրախավորված օլիգարխներից է:
Կա նաև կարծիք, թե ռուս որոշ միլիարդատերեր իրավաբանների, ամբողջ աշխարհում գործընկերների և ապահով պայմանների շնորհիվ կարողանում են խուսափել պատժամիջոցների ծանր հետևանքներից: Որոշներն էլ իրենց զբոսանավերն ուղարկել են Մալդիվներ և Մոնտենեգրո՝ տհաճ անակնկալներից խուսափելու համար:
Կան նաև գործարարներ, որոնք ուղիղ տեքստով ասում են, որ պատերազմը խնդրի լուծում չէ և քննադատում են իշխանությանը: 29 միլիարդ դոլար կարողություն ունեցող և Ռուսաստանի ամենահարուստ մարդը համարվող Ալեքսեյ Մորդաշովը, օրինակ, Պուտինին կոչ է արել դադարեցնել արյուրնահեղությունը: Որոշ գործարարներ նաև ֆինանսական աջակցություն են տրամադրում ուկրաինացիներին և պատերազմի հետևանքով տուժածներին: Լինում են նաև դեպքեր, որ պատերազմը քննադատելու և խաղաղության կոչերի համար մարդիկ զրկվում են ոչ միայն գումարից, այլև պաշտոնից: Նախկին փոխվարչապետ, ՖԻԴԵ-ի նախագահ, «Սկոլկովո»-ի նախագահ Արկադի Դվորկովիչն իշխող «Միասնական Ռուսաստան» կուսակցության առաջարկով ազատվել է «Սկոլկովո» հիմնադրամի նախագահի պաշտոնից: