29 մարտի 2022 - 16:05 AMT
ՀՈԴՎԱԾ
Սկանդալն Օսկարի երկրորդ անունն է
Կինոաշխարհի ամենաքննարկվող մրցանակաբաշխության դեպքերն ու դեմքերը
Ուիլ Սմիթի ապտակը ստվերեց ռուս–ուկրաինական թեմայով թվիթերյան քննարկումները և դարձավ օրվա գլխավոր թեման: Սա ավելի շատ օրինաչափություն է, քան բացառություն: Կինոաշխարհի ամենաքննարկվող՝ «Օսկար» մրցանակաբախշությունն իր գրեթե հարյուրամյա պատմության ընթացքում միշտ էլ եղել է տարվա ամենաուշագրավ իրադարձություններից մեկը:

Քննարկումները հատկապես ակտիվ են, երբ համեմվում են սկանդալային դեպքերով ու դեմքերով: Իսկ սկանդալն Օսկարի երկրորդ անունն է: Քաղաքական ելույթներ, ռասիստական հայտարարություններ, սխալ հայտարարված անուններ ու շփոթված դերասաններ: Ամերիկյան կինոակադեմիայի մրցանակաբաշխությանն ուղեկցող սկանդալները երբեմն առանձին Օսկարի են արժանի:

Օսկարի արձանիկը տան ամենաերևացող հատվածում դնելը շատերի երազանքն է, բայց կան նաև օսկարակիրներ, որոնք որոշել են հրաժարվել արձանիկից: Առաջին նման դեպքը 1936-ին էր, երբ սցենարիստ Դուդլի Նիկոլսը որոշեց չվերցնել արձանիկն ի աջակցություն նոր ձևավորվող Writers Guild շարժմանը: Արձանիկից հրաժարվում են նաև սեփական պատկերացումներին և արժեհամակարգին չհակասելու համար: 1971-ին Ջորջ Սքոթը դարձավ տարվա լավագույն դերասան, բայց մրցանակաբաշխությանը մասնակցելու փոխարեն Սքոթը որոշել էր մնալ տանը և ժամանակ անցկացնել ընտանիքի հետ: Դերասանն Օսկարի արձանիկից հրաժարվել էր, որովհետև ստեղծագործական աշխարհում համեմատություններ անելն ու որևէ մեկին ընտրելն անընդունելի էր համարում:

Օսկարի շուրջ հաճախ սկանդալների և քննադատությունների պատճառ են դառնում ռասիստական մեկնաբանություններն ու որոշումները: Հատկապես 20-րդ դարում խտրական վերաբերմունքն այնքան ակնհայտ էր, որ երբեմն սահմնաված էր նաև օրենքով: Դերասանուհի Հեթի Մաքդենիելը դարձել է առաջին սևամորթ մարդը, որն արժանացել է Օսկարի: 1940 թվականին Մաքդենիելը «Քամուց Քշվածները» ֆիլմում իր դերակատարման համար հաղթել է երկրորդ պլանի լավագույն դերասանուհի անվանակարգում: Թվում էր, որ խտրական բարքերը վերանայելու ճանապարհին սա մեծ ձեռքբերում և առաջընթաց է, բայց խորը արմատներ գցած խտրական վերաբերմունքը չշրջանցեց նաև օսկարակիր դերասանուհուն: Այդ տարիներին Կալիֆորնիայում սևամորթներին արգելված էր անգամ մասնակցել հանրային միջոցառումների: Ֆիլմի անձնակազմի համար նախատեսված սեղանի շուրջ աֆրոամերիկացի դերասանուհու համար տեղ չկար: Նա ստիպված էր նստել անձնակազմից առանձին՝ վերջին շարքերում: Նույնիսկ այնտեղ նստելու և շենքում գտնվելու համար հատուկ թույլտվություն էր պետք: Մաքդենիելից հետո կես դար պահանջվեց, որ աֆրոամերիկացի մեկ այլ կին՝ Վուպի Գոլդբերգն, Օսկար ստանա:

Տասնյակ տարիներ անց էլ մրցանակաբաշխության շրջանակում ռասիզմի թեման խնդրահարույց է մնում: 2015-ին դերասանական 4 անվանակարգերում ոչ մի սևամորթ դերասանի անուն չկար: Սա դժգոհության մեծ ալիք բարձրացրեց և սոցցանցերում սկզիբ դրեց #OscarsSoWhite շարժմանը: Բազմաթիվ դերասաններ և կինոաշխարհի ներկայացուցիչներ բոյկոտեցին 2016-ի մրցանակաբաշխությունը: Քրիս Ռոքը (հենց նրան է այս տարի բաժին հասել Ուիլ Սմիթի ապտակը) մրցանակաբաշխության վարողն էր նաև 2016-ին: Իր 10 րոպեանոց մոնոլոգում Ռոքը կես կատակ, կես լուրջ անդրադարձավ նաև կաթսայի մեջ եռացող թեմային: Ռոքի խոսքով աֆրոամերիկացիները միայն հնարավորություն են ուզում, բայց նույնիսկ դա չեն ստանում և եթե հաղորդավարի ընտրությունը ևս անվանակարգով լիներ, ապա իրեն հաստատ չէին ընտրի:

Այս տարվա մրցանակաբաշխության ընթացքում ռուս-ուկրաինական պատերազմին արված անդրադարձն ամենևին էլ նորություն չէ մրցանակաբաշխության համար: Տասնամյակներ շարունակ Օսկարի բեմը նաև քաղաքական հայտարարությունների, սոցիալական և այլ խնդիրներ բարձրաձայնելու հարթակ է դարձել: 1973-ին «Կնքահայրը» ֆիլմում իր դերի համար լավագույն դերասան ճանաչված Մառլոն Բրանդոն այդպես էլ չհայտնվեց Օսկարի բեմում: Նրա փոխարեն բեմ բարձրացավ բնիկ ամերկացի ակտիվիստ մի կին, որը բողոքում էր Հոլիվուդում և առհասարակ տարբեր ոլորտներում Ամերիկայի բնիկ ժողովուրդների հանդեպ խտրական վերաբերմունքից: Հանդիսատեսի մի մասն արձագանքեց ծափերով, մյուսները՝ դժգոհությամբ: Այս դեպքից հետո ամերիկյան կինոակադեմիան արգելեց մրցանակակիրներին իրենց փոխարեն որևէ այլ մարդու բեմ ուղարկել:

1975-ին Օսկարի բեմից Վիետնամի պատերազմի մասին պատմող վավերագրական ֆիլմի հեղինակը քննադատել է ամերիկյան իշխանությանը և Վիետնամի ժողովրդի անունից ուղերձ է կարդացել: Այս ելույթից հետո Օսկարի այդ տարվա վարող Ֆրանկ Սինատրան ստիպված էր կինոակադեմիայի անունից ներողություն խնդրել և հայտարարել, որ կինոակադեմիան պատասխանատվություն չի կրում բեմում հնչած քաղաքական հայտարարությունների համար: Օսկարի բեմից 1978-ին խոսել են նաև իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի մասին: Վանեսա Ռեդգրեյվը ուղիղ տեքստով քննադատել է հրեաներին, հիշեցրել ֆաշիզմի դեմ նրանց երբեմնի պայքարի մասին և պաղեստինցիներին աջակցության խոսքեր ասել:

Նոր հազարամյակը ևս աչքի է ընկնում քաղաքական անդրադարձերով: 2003-ին օսկարակիր ռեժիսոր Մայքլ Մուրն իր շնորհակալական ելույթը վերածեց նախագահ Բուշի դեմ իսկական արշավի: Ռեժիսորը Բուշին ամոթանք տվեց և մեղադրեց ամերիկացիներին շինծու պատճառներով պատերազմ ուղարկելու մեջ: Մուրի ելույթն ընդհատվեց նվագախմբի ելույթով:

Կլիմայի փոփոխությունից մինչև նախագահի ընտրություններ. Դերասանները, ռեժիսորներն ու կինոաշխարհի մյուս ներկայացուցիչներն առիթը բաց չեն թողնում իրենց ելույթներում անդրադառնալ աշխարհում և մասնավորապես Միացյալ Նահանգներում կատարվող իրադարձություններին: Դա անում են հաճախ հավասարակշռված , երբեմն էլ կտրուկ ու սուր ելույթներով: Նաև սա է պատճառը, որ ամեն տարի մարդիկ սպասում են կինոաշխարհի ամենակարևոր իրադարձությանն ու դրան հետևող քննարկումներին: