5 ապրիլի 2022 - 16:31 AMT
ՀՈԴՎԱԾ
Դեգան, Սարյանն ու Ուրարտուն
Մշակութային յուրացում՝ մեծերի թեթև ձեռքով
Ֆրանսիացի իմպրեսիոնիստի «Ռուս պարուհիներ» կտավը վերանվանվեց «Ուկրաինացի պարուհիներ»-ի և աշխարհը կրկին երկու բևեռի բաժանելու առիթ դարձավ: Ոմանք Լոնդոնի ազգային պատկերասրահի այս որոշումը համարում են այնքան աբսուրդային, որքան արևմտյան որոշ համալսարաններում Դոստոևսկի արգելելն էր, մյուսներն էլ պնդում են, որ վերականգնվեց պատմական անարդարությունը:

Կա մարդկանց մի խումբ էլ, որ վստահ է՝ ճշմարտությունը, ինչպես շատ հաճախ, երկու ծայրահեղության մեջտեղում է: Էդգար Դեգայի կտավը և պատկերասրահի որոշումը թարմացրին տարբեր դարերում մշակութային յուրացման մասին խոսակցությունները:

«Ռուս պարուհիներ»-ը դարձան «Ուկրաինացի պարուհիներ» պատկերասրահի ղեկավարների թեթև ձեռքով և սոցցանցերում ուկրաինացիների կոչերի ու ակցիաների ֆոնին: Իրականում ոչ թեման է նոր, ոչ էլ անհամաձայնությունները: Կտավի անվանումը տարիներ շարունակ քննարկումների թեմա է եղել, իսկ սա հարմար առիթ էր՝ վերջնական որոշում կայացնելու:

20-րդ դարասկզբի ֆրանսիացի իմպրեսիոնիստի «Ռուս պարուհիները» պաստելային ստեղծագործությունների շարքը 1899-ին է ստեղծվել: Դեգան ոգեշնչվել է հյուրախաղերով Փարիզ մեկնած ռուսական կայսրության պարուհիներից: Այս շարքի կտավներից կան նաև Նյու Յորքի Մետրոպոլիտենում, Լոս Անջելեսի Գեթի թանգարաններում: Ուկրաինացիները նամակներ են ուղարկել նաև այս թանգարաններին: Սպասում են արձագանքի:

Լոնդոնի ազգային պատկերասրահում ասում են, թե կտավի նոր վերնագիրն ավելի լավ կարտացոլի դրա սյուժեն: Իրականում, կտավն ուսումնասիրելիս անհնար է չնկատել պարուհիների մազերին հյուսված ուկրաինական դրոշի գույներով ժապավենները: Արվեստաբանները նաև պնդում են, որ ռուսական և ուկրաինական ազգային հագուստը համեմատելու դեպքում նաև պարզ կդառնա, որ պարուհիներն ուկրաինական տարազ են կրում: Եվ այս համատեքստում մասնագետները հիշեցնում են ռուսական իմպերիալիզմի «զոհ դարձած» արվեստի գործերի մասին, որոնք մեխանիկորեն ներկայացվել են որպես ռուսական նմուշներ և այդ փաստը երկար ժամանակ նույնիսկ կասկածի տակ չի դրվել:

Կտավում ուկրաինական էլեմենտների ներկայությունը չեն ժխտում նույնիսկ ռուսները, բայց պնդում են, որ նույնիսկ եթե պարը կամ հագուստն ուկրաինական են, պարուհիները կարող էին ռուս լինել: Ոմանք նույնիսկ առաջարկում են «ուկրաինացի պարուհիներ»-ի փոխարեն օգտագործել «ուկրաինական տարազով պարուհիներ» կամ «ուկրաինական պար» կամ «ուկրաինական պարի կատարողները» անվանումները:

Մշակութային յուրացումը, իհարկե, ռուսական իմպերիալիզմի մենաշնորհը չէ: Հսկայական փաստագրություն կա այն մասին, թե ինչպես են մեծ երկրները կամ գաղութային կայսրությունները յուրացրել իրենց տիրապետության տակ գտնվողների մշակույթը: Ամբողջ աշխարհում կայսրությունների նմանություններից մեկը նրանց հակումն էր՝ յուրացնելու իրենց նվաճած ժողովուրդների ավելի առաջադեմ մշակույթները և քաղաքակրթությունները: Հետազոտություններից մեկը նշում է, որ եվրոպական իմպերիալիզմը և գաղութատիրությունն արևմտյան արվեստի վրա ազդեցին երեք հիմնարար ձևերով: Նախ, կայսերական տերություններն ու միապետերը պահանջում էին ստեղծել կտավներ, քանդակներ և ճարտարապետական գլուխգործոցները, որոնք փառաբանում էին կայսրությունների իմպերիալիստական, ծավալապաշտական նկրտումները: Երկրորդ, եվրոպական ազդեցության ընդլայունումն արևմտյան մշակութային ավանդույթները տարածեցին նաև Աֆրիկայի և Ասիայի գաղութներում: Եվ երրորդ, արվեստի տասնյակ հազարավոր բացառիկ նմշուներ գաղութներից հայտնվեցին Եվրոպայում և դրանցից շատերը պարզապես յուրացվեցին կամ էլ միաձուլվեցին արևմտյանի հետ:

Քիչ չեն նաև դեպքերը, երբ կայսրությունները պարզապես ոչնչացրել են արտեֆակտերը: Պատմական դեպքերն ու դեմքերն ուսումնասիրելու և նոր դիտանկյունից քննարկելու համար արվեստաբաններն առաջարկում են պատմությանը մշակութային խոշորացույցով նայել: Գաղութային երկրներից արվեստի նմուշների յուրացումն ու բռնագրավումն իշխանություն հաստատելու ևս մեկ գործիք էր: Իսկ այսօր սերունդներն արևմուտքի համար անհարմար հարցեր են տալիս, պահանջներ ներկայացնում: Հարցականի տակ են դնում եվրոպական թանգարանների ամենաքննարկված բնօրինակների և արվեստի գործերի ծագումը: Պահանջատեր աֆրիկյան երկրները, օրինակ, հերթով հայցեր են ներկայացնում իրենց մշակութային ժառանգությունը տուն վերադարձնելու համար: Ի դեպ, արևմտյան թանգարանների աֆրիկյան մշակութի մասին ևս ավելի մանրամասն խոսել ենք ու պատմել, թե օրինակ ինչպես Մակրոնը Բուրկինա Ֆասոյում խոստացավ վերադարձնել Բենինին պատկանող մշակութային ժառանգությունը:

Հայկական մշակույթն ու հայ արվեստագետները ևս բախվում են այս խնդրին: 2012 թվականին Մարտիրոս Սարյանի «Արագածի լանջերին» կտավը Լոնդոնում 623.7 հազար ֆունտ ստեռլինգով վաճառվեց Sotheby’s-ի ռուսական արվեստի աճուրդի շրջանակում: Սարյանի կտավներն այսօր էլ ներկայացվում և վաճառքի են հանվում որպես ռուսական արվեստի նմուշ:

Հայկական մշակութային ժառանգությունը սեփականաշնորհելու թուրք-ադրբեջանական տանդեմի մոլուցքը ևս բոլորին հայտնի է: Այս առումով փոքրիկ հաղթանակ ունեցանք 2015-ին, երբ Բրիտանական թանգարանում հին հայկական գտածոներ ցուցադրող սրահի «Հնագույն Թուրքիա» անվանումը փոխարինվեց «Անատոլիա և Ուրարտու» անվանումով: Փոփոխությունը կարևոր էր, բայց Մեծ Բրիտանիայում բնակվող հայերի, դեսպանության և մշակութի նախարարության համատեղ ջանքերի արդյունքը միայն կաթիլ էր օվկիանոսում: Այս հարցը մեր երկրի համար հատկապես հրատապ է դարձել Արցախի հայկական մշակութը ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնվելու ֆոնին: