12 ապրիլի 2022 - 19:08 AMT
ՀՈԴՎԱԾ
Ինչ է արժենում իքիբիրն անտառներին
Ինչպես է մեր ախորժակը վտանգում ամբողջ մոլորակը
Ընդամենը մեկ համբուրգեր պատրաստելու համար ծախսվում է ճիշտ այնքան հանածո վառելիք, որքան անհրաժեշտ է փոքր մեքենային՝ 32 կմ անցնելու համար: Խոզերի ֆաբրիկան արտադրում է նույն քանակությամբ թափոն, որքան 12,000 բնակչությամբ քաղաքը:

Կլիմայի փոոփոխությունից մինչև անտառային հրդեհներ. մսամթերքի արտադրությունը ծանր հետևանքներ է թողնում համաշխարհային էկոհամակարգերի վրա: Սա բուսակերության քարոզ չէ, բայց գիտնականներն արդեն վաղուց զգուշացնում են մսամթերքի գերարտադրության և գերսպառման վտանգների մասին:

Սկսենք անտառհատումներից: Մսամթերքի արդյունաբերությունը հսկայական հողատարածքներ է պահանջում և շատ հաճախ այս տարածքները անտառների ոչնչացման կամ հրդեհների հաշվին են լինում: Անտառհատումն առաջին հերթին նշանակում է միլիարդավոր տոննա ածխաթթու գազի արտանետում մթնոլորտ, որն էլ իր հերթին արագացնում է գլոբալ տաքացքումը:

Ծառ կտրել նշանակում է նվազեցնել մթնոլորտից ածխածնի կլանումը, հետևաբար նպաստել կլիմայի փոփոխությանը: Կա նաև վարկած, որ ֆերմերները հատուկ են այրում անտառները: Այս խոսակցությունները հատկապես ակտիվացան Ամազոնի արևադարձային անտառներում հրդեհների ֆոնին: Այս ամենի մեկ այլ, քիչ քննարկված հետևանք էլ վայրի բնության ոչնչացումն է: Անտառները ոչնչացնելով վտանգվում է կենսաբազմազանությունը: Հազարավոր տեսակների անհետացումն ու ոչնչացումն իր ուղիղ հետևանքներն է թողնում էկոհամակարգերի վրա:

Շատերս շրջակա միջավայրի աղտոտումը թեկուզ չնչին նվազեցնելու համար որոշում ենք ավտոբուսի փոխարեն ոտքով գնալ աշխատանքի, կամ էլ նվազագույնի ենք հասցնում պլաստիկի օգտագործումը: Գիտնականների խոսքով, եթե իսկապես ուզում ենք լուրջ և համապարփակ փոփոխության հասնել, պետք է նվազեցնենք մսամթերքի սպառումը: Դեռ 2019-ին նախազգուշացնում էին, որ կլիմայի փոփոխությունը կանխելու համար եվրոպական երկրներում տավարի մսի սպառումը պետք է նվազի 90 տոկոսով: ՄԱԿ-ի տվյալներով՝ ջերմոցային գազերի համաշխարհային արտանետումների մոտավորապես 14.5%-ի պատասխանատուն մսամթերքիի և կաթնամթերքի արդյունաբերությունն է: Իսկ միայն սննդամթերքի արտադրության հետևանքով արտանետված ջերմոցային գազերի մոտ60 տոկոսն է մսի արդյունաբերությունից:

Գիտնականները պնդում են, որ շրջակա միջավայրի վրա թանկ է նստում մսամթերքի արդյունաբերության ամբողջ շղթան՝ իր բոլոր փուլերով: Օրինակ՝ անասուններին սնունդով ապահովելու հարցը: Էկոհամակարգերի համար վտանգավոր է թունաքիմիկատների մեծածավալ կիրառումը, որոնք բացի վնասատուներից վնասում են նաև շրջակա միջավայրը: Կայուն զարգացման մասին խոսելիս մսամթերքի արտադրության ուղղությամբ դեռ շատ աշխատանք կա տանելու: Մոլորակի բնակելի հողերի մոտ կեսն օգտագործվում է գյուղատնտեսության համար: Այդ տարածքների 77 տոկոսում էլ արածում են խոշոր եղջերավոր անասունները: Չնայած գյուղատնտեսական հողերի 77%-ի օգտագործմանը, համաշխարհային կալորիականության սպառման միայն 17%-ն է ստացվում կենդանիներից:

Վերադառնալով ջրային ռեսուրսների սպառմանը: Կես կիլոգրամ մսամթերք ստանալու համար կովերը 7 կգ բուսականություն և 10,000 լիտրից ավելի ջուր են սպառում: Հետազոտությունը ցույց է տալիս, որ մսի արտադրությունը տարեկան պահանջում է գրեթե 2300 տրիլիոն տոննա ջուր: Դա վայրկյանում 72 մլն լիտր է կազմում: Ընդամենը 35 ժամվա ընթացքում մսի արտադրության համար օգտագործվող ջրի քանակը կարող է մեկ տարվա ընթացքում խմելու ջուր ապահովել մոլորակի բոլոր բնակիչների համար:

Առաջարկվող լուծումներից մեկի մասին արդեն խոսել ենք: Գիտնականներն արհեստական միս են «աճեցնում» լաբորատորիաներում և պնդում, որ լաբորատոր պայմաններում ստեղծված միսը 20 տոկոսով կնվազեցնի անասնաբուծության հետևանքով մեթանի արտանետումների ծավալը: Թեև լաբորատոր պայմաններում ստեղծված արհեստական միսն ավելի քիչ էներգիա է ծախսում, քիչ ջերմոցային գազեր արտանետում և քիչ հողատարածք է պահանջում, հետազոտողների մի խումբ իրենց արձագանքներում զգուշավոր են: Պնդում են, որ արհեստական մսամթերքի էկոլոգիական հետևանքները երկարաժամկետ բնույթ են կրելու: Փոխարենն առաջարկում են նոր տեխնոլոգիաներն օգտագործել բնական մսի էկոլոգիական վնասները նվազեցնելու համար: