Հերթերի կառավարում - Earlyone
Հերթերը դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը։ Դրանք խլում են ժամանակն ավելի կարևոր գործերից, ձանձրալի են ու սթրեսի մշտական աղբյուր, իսկ համավարակի շրջանում՝ նաև վտանգավոր։ Հերթերի կառավարման Earlyone հավելվածն այն գործիքն է, որը թույլ է տալիս խուսափել վերոնշյալ աղետից՝ մոբայլ եղանակով հերթը պահելու ու սահմանված ժամին տեղում լինելու միջոցով, ինչը խնայում է հաճախորդի նյարդերն ու ժամանակը, նաև՝ ավելի արդյունավետ դարձնում ընկերությունների աշխատանքը։
Բանկային գործարքներ - InecoMobile
Ինեկոբանկը InecoMobile բջջային հավելվածը ներդրել է դեռ 2014-ին։ Այն իր հնարավորությունների և օգտագործման պարզության շնորհիվ բանկային ծառայություններից օգտվելու նոր մշակույթ է բերել՝ էապես հեշտացնելով հաճախորդների կյանքը։ InecoMobile-ն այսօր ունի ամենաշատ օգտատերերը հայաստանյան ֆինանսական հավելվածների շարքում, իսկ «Ինեկոընկեր անել» արտահայտությունն ամենածանոթն ու հաճախ կիրառելին է հավելվածն օգտագործողների շրջանում։ Նորարարական շատ լուծումներ ճանաչելի և հասանելի դարձան հենց InecoMobile-ի միջոցով, այդ թվում՝ One Click-ը, Visa Digital-ը, NFC-ն, Paylater-ը, Apple Pay-ը և ոչ միայն։
Կրթական - Dasaran
Ծնողական ժողովները ոչ ամենահաճելի երևույթն են թե աշակերտների, թե ծնողների համար։ Dasaran հավելվածը թույլ է տալիս ծնողներին մոբայլ եղանակով հետևել երեխայի առաջադիմությանը, տեղեկատվություն ստանալ գնահատականների, բացակայությունների, տնային առաջադրանքների վերաբերյալ, ծանոթանալ աշակերտի առաջադիմության և վարքագծի մասին ուսուցչի մեկնաբանություններին։ Համավարակի ժամանակ հավելվածը զգալիորեն հեշտացրեց ծնողների ու ուսուցիչների միջև անմիջական կապը՝ թվային նամակագրության միջոցով։
Առաքումներ - Onex
Օնլայն առաքումների ոլորտը համաշխարհային տնտեսության ամենաարագ ու դինամիկ աճող հատվածներից է։ Կորոնավիրուսի շրջանում այն առանձնահատուկ ակտուալ էր. տանից դուրս գալու ու վտանգի ենթարկվելու փոխարեն՝ մեկ սեղմումով աշխարհի ցանկացած կետից գնված ապրանքը հասնում է հենց տան շեմին։ Onex-ի հավելվածն այս առումով լայն հնարավորություններ է տալիս. Face ID-ով մուտքի ու ստացման վայրի փոփոխություն, խանութների ու թեժ առաջարկների լայն ընտրանի, նաև՝ առաքանու կարգավիճակին հետևելու հնարավորություն։
Տաքսի ծառայություն - gg
Հավելվածի միջոցով տաքսի ծառայություն պատվիրելը կտրուկ ու անսպասելի մտավ մեր կյանք, իսկ ավանդական պատվերի միջոցներն աստիճանաբար անցնում են պատմության գիրկը։ gg-ն առաջինն էր, որ Հայաստանում ներդրեց այս մշակույթը։ Ծառայությանը հաճախ գովում են ավտոմեքենաների կոկիկ վիճակի, վարորդների բարեկիրթ վարքագծի համար։