12 մայիսի 2022 - 17:25 AMT
ՀՈԴՎԱԾ
Նոր Pixel, պլանշետ ու «խելացի» ժամացույցներ
Google I/O 2022-ի 5 ամենահետաքրքիր նորույթները
6 տարվա դադարից հետո Google-ը կրկին կազմակերպել է դևելոփերների համար անցկացվող Google I/O 2022 պրեզենտացիան: Բազմաթիվ ծրագրային լուծումների ու թարմացումների հետ մեկտեղ, ընկերությունը մանրամասներ է ներկայացրել նաև հարդվերային նորամուծություններից: Ամենահետաքրքիրը՝ նոր Pixel-ից մինչև ընկերության առաջին «խելացի» ժամացույցները, PanARMENIAN.Net-ի կարճ ամփոփման մեջ:

Վերադարձ պլանշետների շուկա

Ամենաանսպասելի նորությունն էր ընկերության վերադարձը պլանշետների շուկա: Google-ը ներկայացրեց սեփական արտադրության Tensor պրոցեսորով աշխատող Pixel պլանշետը՝ խոստանալով, որ այն շուկայում կհայտնվի 2023թ-ին ու անվանելով այն «իդեալական կոմպանիոն Pixel սմարթֆոնի համար»: Ծրագրային ապահովման հիմքում լինելու է թարմացված Android 12L-ը: Շնորհանդեսի շրջանակներում հայտարարվեց, որ մեծ դիսփլեյների վրա աշխատելու համար թարմացվելու է նաև 20 հավելված, այդ թվում՝ YouTube Music, Play Store, Google Maps, Gmail, Google Home, Google Lens, One, Google TV և այլն:

Հետաքրքիրն այն է, որ դեռ 2015թ-ին ընկերությունը հայտարարել էր պլանշետների արտադրությունը դադարեցնելու մասին: Google-ի վերջին պլանշետներն էին 2015թ-ի Pixel C-ն՝ Android-ով ու 2018թ-ի Pixel Slate-ը՝ Chrome OS-ով:

«Խելացի» ժամացույցներ

Google-ը ներկայացրեց նաև իր առաջին «խելացի» ժամացույցները, որոնց լուսանկարները ցանցում էին հայտնվել դեռ ապրիլի վերջին: Google Pixel Watch-ը՝ Wear OS 3-ով, ինտեգրված է լինելու ֆիթնեսի ու առողջությանը հետևելու Fitbit էկոհամակարգին: Տեխնիկական մանրամասներն առայժմ անհայտ են, ժամացույցները վերամշակված չժանգոտվող պողպատից են ու ունեն փոխարինելի գոտի: Ընկերությունը խոստանում է նաև օրիգինալ, ինովացիոն ծրագրային ապահովում, այդ թվում՝ «խելացի» տան կառավարման Google Home-ը, ձայնային հրամանների հնարավորություն և այլն: Նորույթը վաճառքում կհայտնվի այս տարվա աշնանը:

Ֆլագմանական սմարթֆոններ

Pixel 7 ու Pixel 7 Pro սմաթֆոնների պաշտոնական ռելիզը տեղի կունենա այս տարվա աշնանը: Դրանք կստանան հաջորդ սերնդի Tensor CPU ու, առաջին անգամ, Android 13՝ «անմիջապես տուփից», Pixel 7-ը ունենալու է մեկ տեսախցիկ, Pixel 7 Pro-ն՝ երեք: Այլ տեխնիկական մանրամասներ դեռ հայտնի չեն: Pixel 7-ն առաջարկվելու է սև, սպիտակ ու դեղին, իսկ Pixel 7 Pro-ն՝ սև, սպիտակ ու կանաչ գունային տարբերակներով:

Հասանելի Pixel 6a

«Գրեթե ֆլագմանական» Pixel 6a-ն համալրվելու է 8-միջուկ 2.8 ԳՀց Tensor CPU-ով, 4410 մԱժ մարտկոցով, Wi-Fi 6E-ի ու Bluetooth 5.2.-ի աջակցությամբ: Սմարթֆոնն ունի երեք տեսախցիկ՝ հիմնական՝ 12,2 Մպ, f/1,7 (Sony IMX363), լայնանկյուն 12 Մպ, f/2,2 (Sony IMX386) ու դիմային 8 Մպ, f/2,0, ինչպես նաև՝ 6,1", 2340×1080, OLED, 60 Հց դիսփլեյ, ծրագրային ապահովումը՝ Android 12:

Սմարթֆոնի նախնական պատվերները հասանելի կլինեն արդեն հուլիսին, արժեքը՝ $449:

Pixel Buds Pro ֆլագմանական ականջակալներ

Կարմիր, մոխրագույն, սև ու լիմոնային գույների Pixel Buds Pro ականջակալները, 6-միջուկ աուդիոչիպով ու շրջակա աղմուկի ակտիվ ու ադապտիվ խլացման հնարավորությամբ, կարժենան $199 ու վաճառքում կհայտնվեն հուլիսին: Ականջակալներում ձայնի ինտենսիվությունը նույնպես կառավարվելու է ավտոմատ կերպով՝ կախված շրջակա միջավայրի աղմուկներից: Google-ը խոստանում է 31 ժամ ավտոնոմ աշխատանք քեյսով, անլար լիցքավորման հնարավորություն, IPX4 պաշտպանություն ականջակալների ու IPX2՝ քեյսի համար, ինչպես նաև Bluetooth 5.0.:

Արման Գասպարյան