31 մայիսի 2022 - 20:00 AMT
ՀՈԴՎԱԾ
Տորթապատ Մոնա Լիզան և դոլարով խաչը
Վանդալիզմի զոհ դարձած արվեստի ամենահայտնի գործերը
«Մոնա Լիզա»-ի վրա տորթով հարվածը ևս մեկ հիշեցում էր, որ թանգարաններում անգամ ամենախիստ անվտանգային սահմանափակումների դեպքում արվեստի ոչ մի գործ ապահովագրված չէ:

Լուվրում վանդալն իսկական պերֆորմանս էր կազմակերպել, բայց սա արվեստի աշխարհի համար նոր բան չէ: PanARMENIAN.Net-ը վերհիշել է վերջին հարյուրամյակում արվեստի գործերը վանդալիզմի ենթարկելու ամենահայտնի դեպքերից մի քանիսը:

Արվեստի ամենահայտնի գործերը վանդալիզմի ենթարկելը միշտ չէ, որ ինքնանպատակ է: Թեև սա որևէ կերպ չի արդարացնում վանդալիզմը, բայց երբեմն վանդալներն այդ կերպ փորձում են իրենց բողոքի ձայնը լսելի դարձնել: Մյուս կողմից, կան նաև դեպքեր, երբ վանդալը պարզապես հոգեբանական խնդիրներ ունի և նույնիսկ կարող է անմեղսունակ համարվել: «Մոնա Լիզա»-ն տորթապատած երիտասարդին տեղափոխել են հոգեբուժարան: Անգամ հստակ չէ, նրան կձերբակալե՞ն, թե՞ ոչ: Կեղծամով և անվասայլակով թանգարան այցելած երիտասարդը նախ փորձել է կոտրել կտավը, հետո տորթ է նետել և վարդի թերթիկներ շաղ տվել: Մի խոսքով՝ իսկական բեմականացում: Երիտասարդը հայտարարել է, որ այս կերպ հիշեցնում է, որ պետք է պաշտպանել երկիր մոլորակը և բողոքի ձայն է բարձրացնում այն նկարիչների դեմ, որոնք բավարար չափով չեն անդրադառնում բնապահպանական խնդիրներին:

«Մոնա Լիզա»-ին փրկեց զրահակայուն ապակին, բայց սա հայտնի կտավի դեմ վանդալիզմի միակ դեպքը չէ: Հետ գնանք մեկ դարից քիչ ավելի և սկսենք 1911 թվականից: Լուվրում աշխատող իտալացի տղամարդը 1991-ին դառնում է «դարի գողության» հեղինակը: Թանգարանից գողանում է կտավը, երկու տարի պահում իր տանը, հետո կտավի հետ վերադառնում հայրենիք՝ Իտալիա: Երբ երկու տարի անց բռնվում է, հայտարարում է, թե, ցանկանում էր հետ վերադարձնել իր երկրի ժառանգությունը: Իրականում, կան նաև տվյալներ, որ տղամարդը փորձում էր վաճառել կտավը:

«Մոնա Լիզա»-ի վրա վանդալիզմի դասական օրինակ տեղի ունեցավ 1956 թվականին, երբ կտավի վրա վանդալը մեծ քանակությամբ թթու լցրեց: Կտավը կրկին փրկվեց պաշտպանիչ ապակու շնորհիվ: Նույն տարում մեկ այլ վանդալ քարով հարվածեց կտավին: Այս անգամ ապակին կոտրվեց և դրա կտորները վնասեցին կտավը: Ավելի ուշ այն վերականգնվեց: 1974-ին «Մոնա Լիզա»-ն մեկնել էր շրջագայության Ճապոնիա: Տոկիոյի ազգային պատկերասրահում հաշմանդամ կինը կտավի ապակին ներկեց կարմիր գույնով: Սա բողոքի ձայն էր՝ թանգարանում հաշմանդամ մարդկանց համար բավարար պայմաններ չապահովելու դեմ: Տասնամյակներ անց՝ 2009 թվականին, Ֆրանսիայի քաղաքացիություն չստացած և այդ փաստից վրդովված ռուս կինը կտավի վրա մեկ բաժակ տակ սուրճ լցրեց: Այս անգամ ևս պաշտպանիչ ապակին փրկեց Դա Վինչիի ամենահայտնի կտավը:

Վերհիշենք արվեստի համաշխարհային գլուխգործոցները վնասելու մի քանի դեպք ևս: Ռեմբրանդտի «Գիշերային Դետք» կտավը 1991 թվականին դանակով փորձեց վնասել գործազուրկ խոհարարը: Տասնամյակներ անց՝ 1975-ին գործազուրկ ուսուցչին հաջողվեց դանակով տասնյակ գծեր անել և վնասել կտավը: Հետք պարզ դարձավ, որ վանդալը մեկ օր առաջ եկել էր թանգարան, բայց նրան ներս չէին թողել, որովհետև հասել էր աշխատանքային օրվա ավարտին: Տղամարդու մոտ հոգեկան խանգարում աշխատորոշվեց, նրան տեղափոխեցին հոգեբուժարան, որտեղ ընդամենը մեկ ամիսներ անց՝ 1976-ի ապրիլին նախկին ուսուցիչն ինքնասպան եղավ:

Վանդալիզմի զոհ է դարձել նաև Ռեմբրանդտի «Դանայա» կտավը: 1985-ին Էրմիտաժում անմեղսունակ ճանաչված տղամարդը նկարի վրա նախ ծծմբաթթու է նետել, հետո դանակով երկու անգամ կտրել է նկարը: 17-րդ դարի այս կտավի վերականգնման համար պահանջվել է 12 տարի:

Լինում են նաև դեպքեր, երբ ստեղծագործությունը վնասողները արվեստի մարդիկ են լինում: Օրինակ 1997-ին ռուս նկարիչ Ալեքսանդր Բրեները, Մալևիչի «Սպիտակ Խաչ» նկարի վրա կանաչ ներկով դոլարի նշանն ավելացրեց և սա որակեց որպես բողոք ընդդեմ արվեստի առևտրի: Բրեներին դատապարտեցին հինգ ամսով: Նկարիչ-վանդալը դատարանի դահլիճում հայտարարեց, որ իր քայլը ոչ թե վանդալիզմ էր, այլ Մալևիչի հետ երկխոսության փորձ:

Միքելանջելոյի «Պիետա»-ն, որտեղ պատկերված են սգացող Մարիամ Աստվածածինը և Քրիստոսի անշնչացած մարմինը, ևս ենթարկվել է վանդալիզմի: Կացինով քանդակը վնասող տղամարդը ընթացքում գոռացել է, թե ինքը Հիսուս Քրիստոսն է և հարություն է առել: 1972 թվականին տեղի ունեցած այս դեպքի և հարվածների հետևանքով արվեստի այս գործը մի քանի տեղից վնասվել է: Ավելի ուշ պարզվել է, որ վանդալը շատ վաղուց ապրում էր ֆանտազիաներով, թե ինքը Հիսուսն է: Նա նույնիսկ այդ մասին նամակ էր գրել Հռոմի Պապին: Տղամարդուն երկու տարի պահել են հոգեբուժարանում: Դուրս գալուց հետո էլ անմեղսունակ ճանաչված վանդալը չի պատժվել:

Վանդալիզմը կարող է նաև քաղաքական ենթատեքստ ունենալ: 1974-ին Պիկասոյի հակապատերազմական գլուխգործոց «Գեռնիկա» կտավի վրա Նյու Յորքում նկարիչ, այժմ նաև պատկերասրահների տնօրեն Թոնի Շաֆրազին օրը ցերեկով մտավ թանգարան, հայտարարեց, որ ինքը նկարիչ է և կտավի վրա կարմիր ներկով գրեց “KILL LIES ALL”: Սա բողոքի ակցիա էր այն որոշման դեմ, ըստ որի ամերիկացի լեյտենանտը, որը Վիետնամի պատերազմի ժամանակ Սոնգմիում զանգվածային սպանությունների մեղավորներից էր, ազատ էր արձակվում:

Որքան էլ պարադոքսալ հնչի, լինում են նաև դեպքեր, երբ արտիստներն իրենք են վանդալիզմի ենթարկում իրենց ստեղծագործությունները: Հայտնի են դեպքեր, երբ ոչնչացրել են կտավները, ինչ-որ փուլում հասկանալով, որ գոհ չեն արդյունքից: Ի դեպ, սրանից ապահովագրված չէր նույնիսկ Կլոդ Մոնեն: 1908 թվականին իր Փարիզյան ցուցահանդեսին պատրաստվելու ընթացքում Մոնեն դանակով ոչնչացնում է իր գործերից առնվազն 15-ը և հետաձգում ցուցահանդեսը: 21-րդ դարում սակայն, լինում են նաև դեպքեր, որ նկարի ոչնչացումը կարող է լրիվ հակառակ ազդեցությունը ունենալ և արտիստին մեծ հաջողություն բերել: Լոնդոնում աճուրդի ժամանակ 1.4 միլիոն դոլարով վաճառված ստեղծագործությունը վաճառքից վայրկյաններ հետո հատուկ սարքի միջոցով կտորների բաժանվեց: Բենքսիի «Կարմիր Փուչիկով Աղջիկը» «ինքնաոչնչացումից» հետո վերանվանվեց «Սերն Աղբարկղում» և միանգամից կրկնակի ավելացրեց ինքնարժեքը:

Նանե Մանուկյան