17 հունիսի 2022 - 12:43 AMT
ՀՈԴՎԱԾ
Վերջին սլոուփոքը
Internet Explorer-ի «մահն» ու դրա հետևանքները
Փոքրիկ սփոյլեր ենթավերնագրի համար. ուշադիր զննության դեպքում, ոչ մի նկատելի հետևանք էլ չկա։ Microsoft-ը հունիսի 15-ին վերջապես հայտարարեց իր հնագույն Internet Explorer բրաուզերից հրաժարվելու մասին, այժմ IE մուտք գործելիս օգտատիրոջն ավտոմատ առաջարկվում է օգտվել ընկերության մեկ այլ՝ Edge լուծումից։ «Աշխարհի ամենադանդաղ բրաուզերը», «սլոուփոքերի արքան», «ամենապոպուլյար բրաուզերն այլ բրաուզերներ քաշելու համար» վաղուց վերածվել է մեմի։

PanARMENIAN.Net-ը փորձել է հասկանալ դրա փակման հետևանքները թե ընդհանրապես աշխարհում, թե, մասնավորապես` Հայաստանում։

Internet Explorer բրաուզերի դեբյուտը տեղի է ունեցել 1995թ-ի օգոստոսին: Ամենադանդաղ բրաուզերի հռչակը IE-ն ստացել էր ոչ միայն վեբ-կայքերի ներբեռնման, այլև պարբերական թարմացումների արագության համար: Չնայած դրան, որոշ ժամանակ այն մնում էր ամենապոպուլյարը, քանի որ տասնամյակներով ներառված էր Windows օպերացիոն համակարգի բոլոր տարբերակներում: Օգտատերերի մի մասը այն օգտագործում էր միայն մեկ անգամ՝ այլ բրաուզեր ներբեռնելու համար, որոշ մասն էլ շարունակում էր օգտվել IE-ից՝ չկարողանալով կամ չցանկանալով այլ բրաուզերներ ներբեռնել:

2013թ-ին Microsoft-ը վերջին անգամ թարմացրեց բրաուզերը՝ միայն հազվագյուտ դեպքերում անվտանգության փաթչեր տրամադրելով, իսկ 2015-ից ընկերությունը սկսեց առաջ մղել Edge-ը: 2019-ին Microsoft-ը բացահայտ հայտարարեց, որ IE-ն անվտանգ չէ ու կոչ արեց օգտատերերին հրաժարվել բրաուզերից, իսկ 2021-ին հայտարարեց լուծումից լիովին հրաժարվելու մտադրության մասին: Ու միայն օրերս՝ հունիսի 15-ին, Microsoft-ը կյանքի կոչեց իր մտադրությունը:

Բրաուզերների պոպուլյարությունն աշխարհում 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter

Թվում է, թե IE-ի անհետացումը պետք է աննկատ մնար, սակայն Lansweeper հետազոտական ընկերության տվյալներով՝ դա անսպասելի էր աշխարհով մեկ տասնյակ հազարավոր ընկերությունների համար, մասնավորապես՝ խոսքը Windows 10-ով աշխատող կորպորատիվ համակարգիչների 47%-ի մասին է: Հետազոտողները ուսումնասիրել են 33 հազար ընկերությունների շուրջ 9 մլն համակարգիչ: Lansweeper-ի փորձագետները նշում են, որ դիտարկվել են օպերացիոն համակարգի միայն այն տարբերակները, որոնք դեռ ստանում են թարմացումներ, սակայն շատ կորպորատիվ համակարգիչներում Windows 10-ի վաղ տարբերակներ են, որոնք վաղուց չեն թարմացվում: Հետևաբար, IE օգտագործող W10-ով կորպորատիվ համակարգիչների չափաբաժինը կարող է ավելի մեծ լինել:

Բրաուզերների պոպուլյարությունը Հայաստանում 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter

Սակայն ավելի ուշադիր զննության դեպքում պարզ է դառնում, որ խնդիրն այնքան էլ մեծ չէ: Նույն Lansweeper-ի փորձագետները նկատում են՝ շատ ընկերություններ, որոնք չեն շտապում անցում կատարել Windows 11-ի (որում արդեն նախատեղադրված է Edge բրաուզերը), ոչ ամեն օր են օգտագործում IE-ն ու օգտագործում են ոչ որպես հիմնական բրաուզեր: Վիճակագրությունը հաշվի է առնում բրաուզերի օգտագործման բոլոր հնարավոր տարբերակները, այդ թվում՝ Edge-ի միջոցով IE ռեժիմում հնագույն վեբ կայքերը բացելը, այլ բրաուզեր ներբեռնելու համար IE օգտագործելը և այլն:

Internet Explorer-ի պոպուլյարության մակարդակը Հայաստանում 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter

StatCounter պորտալի վիճակագրության համաձայն, IE-ի համաշխարհային չափաբաժինը, հաշվի առնելով թե առանձին օգտատերերի, ու թե օֆիսային համակարգիչները, 2022-ի մայիսին չի գերազանցել 1.65%-ը, այն դեպքում, երբ Edge-ինը կազմել է 10.12%, Firefox-ինը՝ 7.66%, իսկ Google Chrome-ինը՝ 66.16%:

Հայաստանում Internet Explorer-ի ու Opera-ի պոպուլյարության մակարդակների համեմատությունը 2021-ի մայիսից 2022-ի մայիս, աղբյուրը՝ StatCounter

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի խոսքով՝ դժվար թե IE-ի վերանալը որևիցե խնդիր առաջացնի: «Իհարկե, Հայաստանում կլինեն մարդիկ, ովքեր հին բրաուզերներ են օգտագործում, սակայն կորպորատիվ մակարդակով նման բան գրեթե գոյություն չունի, ու նույնիսկ հին համակարգիչների վրա արդեն ավանդաբար Chrome են ներբեռնում արդեն վաճառողները»,- նշում է նա:

Նույն StatCounter-ի տվյալներով՝ Հայաստանում IE-ի օգտագործման չափաբաժինը զիջում է անգամ Opera-ին, որինը մայիսին կազմել է 0.94%:

Արման Գասպարյան