20 հուլիսի 2022 - 18:38 AMT
ՀՈԴՎԱԾ
Սեփական «Հարի Փոթերը»՝ բլեքջեքով ու գովազդով
Ի՞նչ է պլանավորում անել Netflix-ը՝ բաժանորդներին վերադարձնելու համար
Խոշորագույն սթրիմինգային ծառայության՝ Netflix-ի գործերը վերջերս այնքան էլ լավ չեն: Նմանատիպ այլ պլատֆորմների կողմից ուժգին մրցակցության, ինչպես նաև քոնթենթի արտադրության քաղաքականության անհստակության ու թույլ վերահսկողության, դրա արդյունքում՝ նյութի որակի անկման հետևանքով ընկերությունը բաժանորդներ է կորցնում: Միայն այս տարի ավելի քան 220 մլն բաժանորդ ունեցող ընկերության բաժնետոմսերն էժանացել են 65%-ով: Դա ստիպել է Netflix-ի ղեկավարությանը վերանայել քաղաքականությունն ինչպես քոնթենթի, այնպես էլ բաժանորդների հետ հարաբերություններում:

2022թ-ի երկրորդ եռամսյակում Netflix-ը կորցրել է 970 հազար բաժանորդ՝ հիմնականում ԱՄՆ-ում ու Կանադայում, սակայն ասիական ու խաղաղօվկիանոսյան տարածաշրջաններում բաժանորդների թիվը աճել է մոտ 1 միլիոնով: Դեռ ապրիլին հայտնի էր դարձել, որ պլատֆորմը 10 տարվա մեջ առաջին անգամ կորցրել է 200 հազար բաժանորդ, ու այն ժամանակ կանխատեսումներն այնքան էլ դրական չէին: Այս հանգամանքը ստիպեց Netflix-ի ղեկավարությանը վերանայել քաղաքականությունը երկու ուղղություններով. առաջինը՝ բաժանորդների հետ հարաբերություններն էին: Ըստ ընկերության՝ բաժանորդների թվի աճի դանդաղումը պայմանավորված է մեկ ըքաունթի համատեղ օգտագործմամբ, ու լուծումը՝ լրացուցիչ օգտագործման դիմաց գումար գանձելն է: Բացի այդ, ընկերությունը չի շարունակի հավատարիմ մնալ իր քոնթենթի «անգովազդ» լինելուն, ու պլանավորում է ներդնել ծառայության ավելի էժան տարբերակը՝ գովազդով:

Կադր Stranger Things սերիալի չորրորդ սեզոնից

Երկրորդ ուղղությունը քոնթենթի ու դրա որակի ավելի խիստ վերահսկողությունն է: Նոր մարտավարության համաձայն՝ Netflix-ը փորձելու է ուժեղացնել իր ֆրանշիզները՝ հետևելով մրցակիցների, օրինակ՝ Disney+ կամ HBO Max սթրիմինգային ծառայությունների փորձին: Ընկերության փոխնախագահ Մեթյու Թանելն այդպես էլ հայտարարել է. «Մենք ուզում ենք ունենալ Star Wars-ի կամ Harry Potter-ի մեր տարբերակն ու ջանասիրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»:

Ի՞նչ է դա նշանակում: Օրինակ, Netflix-ի համար հաջողված ֆրանշիզի օրինակ է Stranger Things հորրոր սերիալը, որի չորրորդ սեզոնը մեկնարկի պահից դիտվել է արդեն 1.3 մլրդ ժամ: Այս պահին Netflix-ում մշակվում կամ քննարկվում է տվյալ աշխարհում մոտ 12 ֆիլմ կամ սերիալ, բացի այդ՝ արտադրվում է Stranger Things-ի հետ կապված զանազան մերչ՝ սկսած Walmart սուպերմարկետներում վաճառվող Surfer Boy սառեցված պիցցայից մինչև Hasbro-ի արտադրած Magic 8 Ball խաղալիքները:

Կադր Bridgerton սերիալի առաջին սեզոնից

Ծառայության աշխատող ֆրանշիզներից անհրաժեշտ է նշել իսպանական La casa de papel քրեական սերիալը, որի սփինօֆֆը այժմ մշակման փուլում է: Մշակվում է նաև Bridgerton պատմական սերիալի պրիքվելը երիտասարդ Շառլոթ թագուհու մասին, կորեական աղմկահարույց Squid Game սերիալի հետ կապված ռեալիթի շոու, ինչպես նաև լեհ գրող Անջեյ Սապկովսկու ստեղծագործությունների վրա հիմնված The Witcher սերիալի պրիքվելը: Ֆրանշիզի պոտենցիալ ունեն նաև Դենիել Քրեյգի մասնակցությամբ Knives Out դետեկտիվը, Զակ Սնայդերի Army of the Dead զոմբի ապոկալիպտիկը, որի սփինօֆֆը՝ Army of Thieves մարտաֆիլմը, այնքան էլ դրական չի ընդունվել: Կարելի է հիշատակել նաև Շեռլոք Հոլմսի քրոջ մասին Enola Holmes սերիալը:

Կադր Squid Game սերիալից

Netflix-ը պլանավորում է ֆրանշիզի վերածել նաև առայժմ չռեալիզացված մի շարք նախագծեր: Դրանց թվում է՝ չինացի գրող Լյու Ցիսինի Remembrance of Earth's Past եռագրության էկրանավորումը, որի գործադիր պրոդյուսերներն են լինելու Դեյվիդ Բենիոֆն ու Դ. Բ. Ուայսը (Game of Thrones), One Piece անիմեի և Avatar: The Last Airbender մուլտսերիալի խաղարկային ադապտացիաները:

Netflix-ը նաև ընդլայնել է մերչով ու այլ սպառողական ապրանքներով զբաղվող աշխատակիցների թիվը, ինչպես նաև վարձում է մարդկանց, ովքեր փնտրելու են էկրանավորման համար հետաքրքիր գրքեր:

Առայժմ անհայտ է, թե ինչ արդյունքներ կտան ձեռնարկված քայլերը, սակայն ընկերության կանխատեսումները դրական են. ըստ Netflix-ի՝ երրորդ եռամսյակում բաժանորդների թիվը կաճի 1 միլիոնով:

Արման Գասպարյան