Revolut Lite-ի ղեկավար Դոմինիկ Ցինսը PanARMENIAN.Net-ի հետ զրույցում բացատրել է, թե ինչի համար է հավելվածը, և ինչ առավելություններ է այն տալիս հաճախորդներին:
Revolut vs Revolut Lite
Revolut-ը ստեղծվել է 2015 թվականին որպես բազմարժութային հաշիվ՝ առաջարկելով դրամական փոխանցումներ և արտարժույթի փոխանակում՝ մրցակցային պայմաններով ու առանց թաքնված միջնորդավճարների: Տարիների ընթացքում հավելվածը համալրվել է տասնյակ նոր հնարավորություններով. այժմ առաջարկվում են վերլուծական և բյուջեն կառավարելու գործիքներ, հաշիվը կիսելու հնարավորություն, հետվճար (cashback), գնումներ բազմաթիվ ճանաչված ապրանքանիշերից և շատ ավելին: Անհատական և բիզնես հաշիվների շնորհիվ ընկերությունն օգնում է հաճախորդներին բարելավել իրենց ֆինանսական առողջությունը, իրենց իսկ ֆինանսների վրա ավելի մեծ վերահսկողություն ապահովում և մարդկանց միմյանց հասանելի դարձնում աշխարհով մեկ:
Revout Lite-ը Revolut հավելվածի պարզեցված տարբերակն է, որը կարող է օգտագործվել գումար ուղարկելու և ստանալու համար՝ հնարավորություն տալով Հայաստանում ապրող հաճախորդներին կատարել արագ, անվճար և անվտանգ դրամական փոխանցումներ: Revolut-ն առաջին ընկերություններից է, որը հնարավոր է դարձնում ակնթարթորեն գումար ուղարկել և ստանալ չորս մայրցամաքի ավելի քան 40 երկրում:
Բացի իրար միջև անվճար դրամական փոխանցումներից, հաճախորդները նաև կկարողանան օգտվել Revolut-ի դրամական փոխանցումների մեծ ենթակառուցվածքից և ուղարկել ու ստանալ գումար ոչ Revolut բանկային հաշիվներից և քարտերից ևս:
Մի փոքր Revolut Հայաստանում
Revolut-ը Հայաստանում թողարկել է հավելվածի Lite տարբերակը՝ միջազգային փոխանցումներ կատարելու համար:
Շատ այլ ազգերի պես, բազմաթիվ հայեր ապրում են երկրից դուրս: Revolut-ը հեշտ ֆունկցիաներով ու մրցունակ սակագներով է արձագանքում նրանց՝ փոխանցումներ կատարելու կարիքներին: Բացի այդ, Revolut-ի օգտատերերի միջև փոխանցումները գրեթե ակնթարթային են և չեն ներառում փոխանցման վճարներ: Ընկերությունում կարծում են, որ իրենց լուծումը կարող է իսկապես օգտակար լինել մարդկանց համար։
Ինչ գործարքներ կարելի է կատարել հավելվածի միջոցով
Հայաստանում հաճախորդները կարող են իրականացնել երեք տարբեր տեսակի գործարք.
Իրար միջև (peer-to-peer) փոխանցումներ, այսինքն՝ մեկ Revolut հաճախորդից մեկ այլ Revolut հաճախորդի՝ առանց փոխանցման վճարի: Գումարը կարող է ուղարկվել Revolut-ի հաճախորդներին ավելի քան 40 երկրում (որտեղ հասանելի են և՛ Lite-ը, և՛ ամբողջական հավելվածը):
Փոխանցումներ դեպի ոչ Revolut բանկային հաշիվներ ու նման հաշիվներից. գանձվում է փոխանցման միջնորդավճար 1%-ի չափով (նվազագույնը՝ 1 ԱՄՆ դոլար):
Փոխանցումներ ոչ Revolut քարտերին ու քարտերից. գանձվում է փոխանցման միջնորդավճար 3%-ի չափով (նվազագույնը՝ 1 ԱՄՆ դոլար);
Փոխանցման միջնորդավճարները նախապես ցուցադրվում են հավելվածում: Գործարկման կապակցությամբ, սակայն, Lite հավելվածի 1% և 3% միջնորդավճարները կչեղարկվեն մինչև 2023-ի օգոստոսի 30-ը։
Առավելությունները՝ երկու բառով
Ցինսը կարծում է՝ այդքան էլ հեշտ չէ գտնել հավելված, որը թույլ է տալիս հաճախորդներին ուղարկել և ստանալ գումար գրեթե ակնթարթորեն: Իրենք առաջարկում են մատչելի լուծում բոլոր նրանց համար, ովքեր ուզում են ֆինանսական կապ հաստատել ընտանիքի և ընկերների հետ ամբողջ աշխարհում. դա կարող է լինել ծնող, որն ուզում է գումար ուղարկել արտասահմանում ապրող իր որդուն, կամ մեկ ուրիշը, ով ցանկանում է նվեր անել ընկերոջը և այլն:
Հայաստանում ապրող մարդիկ կարող են ներբեռնել հավելվածը և գրանցվել՝ հավելվածի պարզեցված տարբերակը մուտք գործելու համար։ Դրանից հետո, կարելի է անմիջապես փոխանցումներ կատարել աշխարհով մեկ, ընդ որում, փոխանցումների մեծ մասը հաստատվում է մեկ աշխատանքային օրվա ընթացքում:
Ինչպես ակտիվացնել հավելվածը
Revolut-ից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել հավելվածը Play Store-ից կամ App Store-ից և գրանցվել՝ հետևելով հրահանգներին: Հաճախորդներից կպահանջվի հաստատել իրենց ինքնությունը՝ օգտագործելով վավեր անձը հաստատող փաստաթուղթ: Հաշիվը ստեղծելուց հետո «Վճարումներ» բաժնից հնարավոր է հեշտությամբ գումար ուղարկել: