29 ապրիլի 2024 - 16:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Ձև ու ծավալ ստացած Ազնավուրյան մեղեդին
Բացվել է քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ինտերակտիվ ցուցահանդեսը
Երգն ու հնչյունը քանդակային լեզվի թարգմանելով՝ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանը պատկերել է մեծն շանսոնյեին՝ Շառլ Ազնավուրին։ Երևանում բացված դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսն Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու յուրահատուկ միջոց է, մեծ վարպետի թողած ժառանգությունն արժևորելու արժեքավոր ներդրում։

«Իմ Շառլերը» դիմաքանդակների մասին խոսելիս Մկրտիչ Մազմանյանը մանրամասնում է, թե ինչպիսին է «իր» Շառլը։

«Իմ Շառլերը՝ վեհ, համամարդկային, բարի, խորը, հումանիստ, անսահման ու տիեզերական»:

Ազնավուրի երգերը Մազմանյանի ստեղծագործական շերտերով են անցել ու դարձել դիմաքանդակ։ Դրանցից յուրաքանչյուրը պատկերում է Շառլ Ազնավուրի՝ այդքան տարբեր, բայցև նույնքան տաղանդավոր կերպարներն ու «ես»-երը։ Իրականի ու վերացականի միաձուլումից ստեղծվել են մարդու ու երաժշտության այնպիսի վերարտադրություններ, որտեղ մի դեպքում Ազնավուրը ռոմանտիկ երգիչ, պոետ ու երգահան է, մյուս՝ հայրենիքի արմատներին ամուր հենված մարդ, իսկ մեկ այլ դիմաքանդակում՝ սեփական երգի մեղեդիներն ու հույզերն արտահայտող արտիստ։

«Անհատական է, թե որ երգի հնչյուններն ինչ էմոցիաներ են փոխանցում։ Բայց բոլոր երգերի էությունը պետք է անցնի իմ միջով, դառնա «մազմանյանական» և արդյունքում երաժշտական ձևաչափը քանդակային ծավալների վերածվի»:

Այս դիմաքանդակների բացառիկությունը հենց դրանում է. Ազնավուրի դիմագծերն արտահայտում են նրա երաժշտությունը, հետևաբար նաև՝ ներաշխարհը։

Երաժշտական այս դիմաքանդակների վրա քանդակագործն աշխատում է շուրջ երկու տարի, բայց ցուցադրությանը աշխատանքների միայն մի մասն է ներկայացված։ Դիմաքանդակները, գծանկարները և կոմպոզիցիոն աշխատանքները ստեղծելիս քանդակագործն ի սկզբանե նպատակադրված չի եղել ազնավուրյան մի ամբողջ շարք ստեղծել։ Բայց շանսոնյեի անձի ու արվեստի հանդեպ հիացմունքը դեռ վաղուց է եղել։ Դեռ խորհրդային միության տարիներին էր Մազմանյանը լսում Ազնավուրի երգերն ու հիանում նրա տեսակով։

«Ազնավուրը տիեզերական մարդ է։ Մեր երկիրը փոքր է, բայց մեծ Ազնավուրը փոքր Հայաստանի զավակն է և այս մեծությանը արժանին պետք է մատուցել»:

Մազմանյանն անկեղծանում է, ինքն էլ չի զգացել, թե որ պահից Շառլը դարձավ իր ոգեշնչման աղբյուրն ու օգնեց արտահայտել իր ներաշխարհը։ Ակադեմիական ոճն ու հիմքը, անշուշտ, կարևոր են։ Բայց ստեղծագործական ազատությունն է, որ նորն արարելու ոգեշնչում է տալիս։ Սրա հետ մեկտեղ Մազմանյանը վստահ է, որ միայն զգացմունքներին տրվել պետք չէ։ Ստեղծագործական ընթացքը կառավարելու և այդ էմոցիաները ճիշտ արտահայտելու կարիք կա։

«Շառլը դարձավ իմ ուսուցիչը։ Նա ինձ օգնեց երաժշտական նոտաների միջոցով էմոցիաները վերածել ծավալի ու ձևի»:

Ցուցահանդեսի բացման պատվավոր հյուրը «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրն էր։ Կրտսեր Ազնավուրն ընդգծեց, թե որքան գնահատելի է, երբ արվեստագետին մեծարում է մեկ այլ արվեստագետ։

«Շնորհակալ եմ այս միջոցառման համար, որն արժևորում է իմ հոր աշխատանքը։ Հաճելի է տեսնել այսպիսի արվեստագետների, որոնք նման գործեր են անում ու փոխանցում սերունդներին»:

Ցուցահանդեսի բացմանը տեղի ունեցավ նաև Մկրտիչ Մազմանյանի պատկերագրքի շնորհանդեսը: Պատկերագրքում ամփոփված են Մազմանյանի առանցքային բոլոր աշխատանքները՝ ուսանողական տարիներից մինչև մեր օրեր։ Two Arcs արվեստի հարթակում դիմաքանդակների ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 10-ը։