8 հոկտեմբերի 2004 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՌՄԱՄԲ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ ԳՈՀ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՑ
ԵԱՀԿ-ն դրական է գնահատել Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը:
ԵԱՀԿ-ն քննարկել է Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Պատգամավորների քննարկմանը ներկայացվեց բանաձեւի նախագիծը, որը մի շարք փոփոխություններ կրելուց հետո դրվեց քվեարկության եւ ընդունվեց: Հայկական պատվիրակության գրեթե բոլոր նկատառումները եւ առաջարկները հաշվի առնվեցին: Ընդհանուր առմամբ երեւանը գոհ է թե բանաձեւի տեքստից, թե դրա ընդունման շուրջ ծավալված բանավեճերից:
1361 եւ 1374 բանաձեւերի մեջ ամրագրված Եվրոպայի խորհրդի հանդեպ Հայաստանի ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացը դրական գնահատեց առաջին հերթին ԵԱՀԿ մոնիտորինգային հանձնախմբի զեկուցող Եժի Յասկերնյան: Այս փաստը որոշակի տրամադրվածություն տվեց քննարկումներին: Գրեթե բոլոր ելույթ ունեցող պատգամավորները, բացի Ադրբեջանի ներկայացուցչից, գոհունակություն հայտնեցին Հայաստանում իրականացվող բարեփոխումների առիթով: Բաքվի ներկայացուցիչները կրկին փորձեցին օգտագործել ԵԱՀԿ ամբիոնը քարոզչության եւ Հայաստանին վարկաբեկելու համար: Հիշեցնենք, որ հայկական օրենսդիրները զերծ մնացին ելույթներից, երբ քննարկվում էր ժողովրդավարական ինստիտուտների գործունեության մասին հարցը, սակայն Բաքուն չգնահատեց բարի կամքի այդ դրսեւորումը: Պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովը կրկնում էր «տարածքների 20 տոկոսի օկուպացման» մասին ծեծված եւ բոլորին արդեն հոգնեցրած արտահայտությունները: Նա հայտարարեց, որ Ղարաբաղից միջազգային ահաբեկչության
վտանգ է սպառնում եւ կոչ արեց Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառել: Համանման պատասխան նա անմիջապես ստացավ մի քանի հայ պատգամավորներից: Պարոն Հուսեյնովին հիշեցվեց, որ Բեսլանում կատարված ահաբեկչության պատասխանատվությունն իր վրա վերցրած հայտնի Շամիլ Բասաեւը ժամանակին կռվել է Ղարաբաղում Ադրբեջանի կողմից:
Առաջին անգամ թե իշխանամետ, եւ թե ընդդիմադիր հայ պատգամավորները հանդես եկան միասնաբար` համատեղ նախաձեռնելով բանաձեւի տեքստի ուղղումները: Ընդ որում, դրանք վերաբերում էին ոչ միայն Ղարաբաղի հարցին, այլեւ` ներքին քաղաքականությանը, մասնավորապես` լրագրողների վրա ճնշումներ գործադրելու դեպքերին:Հայկական պատվիրակության առաջարկներից միայն մեկը չընդունվեց: Այն վերաբերում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ստեփանակերտին ներգրավելու նպատակահարմարությանը: Շավարշ Քոչարյանը գործընկերներին հիշեցրեց այն մասին, որ 1994թ.-ին հրադադարի ձեռբերումը հնարավոր եղավ միայն Լեռնային Ղարաբաղի ղեկավարությանը գործընթացին ներգրավելով: «Ղարաբաղյան հարցում զգալի առաջընթաց չկա, քանի որ բանակցություններին չի մասնակցում Ղարաբաղը»: Այս բովանդակությունն ուներ հայկական պատվիրակության առաջարկած ուղղումը: Ադրբեջանցիները պատասխանեցին ծանոթ ու ծեծված արտահայտություններով այն մասին, թե անթույլատրելի է «ագրեսիայի արդյունքների ամրագրումը» եւ անընդունելի է «անջատողական վարչակարգի լեգիտիմացումը»: Արդյունքում չհաջողվեց ուղղումը մտցնել, չնայած դրա ներառման դեմ քվեարկեց ընդամնեը 32 պատգամավոր: ԵԱՀԿ անդամների մեծամասնությունը նախընտրեց չմասնակցել քվերակությանը:
Հայերի այս փոքրիկ անհաջողությունը գոնե մի փոքր մեղմեց ԵԱՀԿ-ի նախորդ նիստից ստացված ադրբեջանցիների ծանր տպավորությունը: Բանն այն է, որ նախօրեին ելույթ ունեցած Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Էրդագոնն ամենեւին չհիշատակեց Ղարաբաղը: Բաքվում զայրացած են այս փաստից եւ էրդագոնի դիրքորոշումը նույնիսկ անվանում են դավաճանական: Չնայած թուրքական վարչապետի դեմարշն անսպասելի չպետք է համարել: ԵԱՀԿ ձմեռային նստաշրջանում ադրբեջանցիները լքեցին դահլիճը, երբ քննարկվում էր Կիպրոսի պատգամավորների կարգավիճակի հարցը: Այդ հարցը շատ կարեւոր էր թուրքերի համար, սակայն ադրբեջանցիները նրանց կողմը չբռնեցին: Անկարայում նրանց չներեցին: Ղարաբաղը չհիշատակելու մասին Էրդագոնի որոշումը պետք է դիտել որպես պատասխան Ադրբեջանին, որի հետ վերջին շրջանում Թուրքիան այնքան էլ եղբայրական հարաբերությունների մեջ չէ: