26 հունվարի 2005 - 04:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ՆՈՒՅՆՊԵՍ ԴԺԳՈՀ ԵՆ ԵԽԽՎ-Ի ԲԱՆԱՁԵՎԻՑ
Բաքուն իր համար վտանգ է տեսնում Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ երկխոսությանն ուղղված Եվրոպայի Խորհդրի կոչում:
Համաձայն Հայաստանի արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության հայտարարության, պաշտոնական Երեւանը մի շարք դժգոհություններ ունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ղարաբաղյան հարցի վերաբերյալ Դեվիդ Աթկինսոնի զեկույցի քննարկումների արդյունքում ընդունված բանաձեւից: Սակայն, դատելով ադրբեջանական մամուլի հրապարակումներից, Բաքվում եւս շատերը դժգոհ են թե բանաձեւից, թե հենց զեկույցից:
Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցները փորձում են այս բանաձեւը ներկայացնել որպես ադրբեջանական դիվանագիտության լուրջ հաջողություն: Սակայն, համեմատաբար առավել ազատ լրատվամիջոցները ստիպված են նկատել, որ փաստթղթում ներառված են Ադրբեջանի համար խիստ անցանկալի մի շարք դրույթներ: Օրինակ, «Զերկալո» թերթը գրում է, որ «Ադրբեջանի համար ամենատհաճը եղավ հայերի կողմից առաջարկված այն փոփոխությունը, որով պաշտոնական Բաքուն առանց նախապայմանների պետք է տարածաշրջանի կարգավիճակի մասին բանակացություններ սկսի Լեռնային Ղարաբաղի հայկական համայնքի հետ»: Նշենք, որ իրականում այս փոփոխության նախաձեռնողը հայկական կողմը չի եղել, այլ հենց ինքը` զեկուցող Դեվիդ Աթկինսոնը: Փոփոխությունը միայն հետեւյալ բառակապակցության ավելացումն է եղել` «առանց նախապայմանների»:

Բաքվի մամուլը քննադատել է նաեւ հենց զեկուցող Դեվիդ Աթկինսոնին, ով քննարկումների ընթացքում իբրեւ թե ընդունել է հայամետ դիրքորոշում: Աթկինսոնի ելույթն ադրբեջանական լրագրողներն անվանում են «բավականաչափ հակասական եւ այնքան էլ ոչ հաճելի Ադրբեջանի համար»: Նրանք մասնավորապես նշում են զեկուցողի հետեւյալ արտահայտությունը. «Երբեք չեմ մոռանա Ստեփանակերտի վրա ընկնող ադրբեջանական ականները...»: (Հիշեցնենք, որ Աթկինսոնը Ղարաբաղում է եղել միայն մեկ անգամ` 1992թ.-ին, բարոնուհի Քոքսի հետ): Բաքվում զայրացած են նաեւ Աթկինսոնի այն մտքից, թե «հիմնախնդրի լուծումը չի կարող փաթաթվել Ղարաբաղի ժողովրդի վրա առանց նրա գիտության»: ԵԽԽՎ-ի ադրբեջանական պատվիրակության անդամները դժգոհ են, որ ոչ բոլոր ելույթ ունեցողներն են հանդես եկել իրենց դիրքերից: Նշում են ֆրանսիացի խորհրդարանական Ֆրանսուա Ռոշեբլոի «հայամետ» ելույթը: Միաժամանակ հիանում են Բուլղարիայի պատգամավոր Եվգենի Կիրիլովի ելույթով, ով օգնեց ձախողել հայկական կողմի առաջարկը անջատողական ուժեր» ձեւակերպման փոփոխության վերաբերյալ: Բաքվի մամուլը նշում է նաեւ այն, որ բանաձեւը Հայաստանի համար ոչ մի հետեւանք չի կարող ունենալ: «Չպետք է մոռանալ, որ փաստաթուղթը պարտադիր բնույթ չի կրում եւ դրա չկիրառման դեպքում չի նախատեսում Հայաստանի հանդեպ պատժամիջոցների կիրառում, այնպես, ինչպես եւ ԵԽԽՎ բոլոր փաստաթղթերը»,- գրում է «Զերկալո» թերթը:

Դժվար չէ հասկանալ, թե ինչու ադրբեջանցիներին այդքան անհանգստացնում է այն կետը, որում կոչ է արվում բանակցություններ սկսել Ղարաբաղի «հայկական համայնքի» ղեկավարության հետ: Առաջին հայացքից այս կետը ձեռնտու է Ադրբեջանին, քանի որ այնտեղ շարադրված է Ղարաբաղում երկու համահավասար համայնքների գոյության մասին ադրբեջանական տարբերակը: Սակայն պահանջի իրականացումը կնշանակի, որ Իլհամ Ալիեւը ստիպված պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ նստել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հետ, թեկուզ նրան այլ կերպ կանվանի: Մեկ տարի անց ԵԽԽՎ կրկին կքննարկի հարցը, եւ այդժամ ադրբեջանցիները պետք է պատասխանեն, թե ինչու չեն կատարել այդ պահանջը: Բավականաչափ դժվար կլինի պատասխան գտնել, քանի որ տեքստում ներառված է «առանց նախապայմանների» բառակապակցությունը: ԵԽԽՎ-ի ձմեռային հաջորդ նստաշրջանի ընթացքում պարզ կդառնա, թե բանաձեւի որ կետերն են իրականացվել, եւ թե որ կողմն է անտեսել փաստաթղթի պահանջները: Եվ այդ ժամանակ Ադրբեջանը լուրջ խնդիրներ կարող է ունենալ: