20 ապրիլի 2005 - 05:00 AMT
ՀՈԴՎԱԾ
ԵՐԵՎԱՆԸ ՓՈՐՁԵԼՈՒ Է ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԱՇԽԱԲԱԴԻ ՀԵՏ ԱՌԱՆՑ ՌՈՒՍՆԵՐԻ
Շուտով կվերականգնվեն գազի տարիֆների եւ նախկինում պահանջված վառելիքի դիմաց պարտքի մարման շուրջ հայ-թուրքմենական անմիջական բանակցությունները:
Օրերս տեղի ունեցավ Թուրքմենստանի նախագահ Սապարմուրադ Նիյազովի հանդիպումն Աշխաբադում Հայաստանի դեսպան Արմեն Գրիգորյանի հետ: Թուրքմենական առաջնորդին դիվանագետը փոխանցեց Ռոբերտ Քոչարյանի եւ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ուղերձները: Գործընկերոջն ուղղված իր նամակում Հայաստանի ղեկավարը հավաստում է պաշտոնական Երեւանի հետաքրքրվածությունը նավթագազային ոլորտում փոխշահավետ համագործակցության զարգացման ուղղությամբ: Ռոբերտ Քոչարյանը Թուրքմենբաշային տեղյակ է պահել այն մասին, որ ինքն այդ թեմայով թուրքմենական կողմի հետ բանակցություն վարելու համար լիազորել է «ԱրմՌոսԳազպրոմ» ընկերության ղեկավարությանը:
Նավթագազային ոլորտում Թուրքմենստանի հետ համագործակցության ձեւերը Հայաստանի համար այնքան էլ ավանդական չեն: Բանն այն է, որ Երեւանը թուրքմենական գազը գնում է ոչ թե Թուրքմենստանից, այլ` Ռուսաստանից: Ռուսական «Գազպրոմը» երկնագույն վառելիքի հազար կուբամետրի համար Աշխաբադին վճարում է 44 դոլար, իսկ Հայաստանին վաճառում է 56-ով` ինքնուրույն վճարելով տրանսպորտային բոլոր ծախսերը: Միաժամանակ, ժամանակին Երեւանը երկնագույն վառելիքն անմիջականորեն գնում էր Աշխաբադից եւ Ռուսաստանին վճարում էր տրանզիտի համար միայն: Այդ ժամանակ դա առավել ձեռնտու էր: Ուկրաինան մինչ օրս կիրառում է այս սխեման` գազը գնելով թուրք-ուզբեկական սահմանի վրա: Սակայն «Գազպրոմը» Հայաստանի հետ նախընտրում է բիզնես անել առանց երրորդ կողմի:

Մինչ օրս Երեւանը դրան չէր հակառակվել: Մեզ անհրաժեշտ գազի ծավալներն այնքան էլ ազդեցիկ չեն, որպեսզի թուրքմեն արտահանողների համար Հայաստանն առանձնահատուկ հետաքրքրվածություն առաջացնի: Այս իմաստով թուրքմենների համար «Գազպրոմն» առավել շահավետ գործընկեր է: Մեծածախ առաքման սկզբունքը ռուսներին թույլ է տալիս առավել ցածր տարիֆներով աշխատել: Եվ չնայած «Գազպրոմի» գնած գազի հսկայական ծավալների, Աշխաբադը մտադիր է գները բարձրացնել նաեւ ռուսների համար, որն, իհարկե, անպայմանորեն կազդի հայ սպառողի վրա: Թուրքմենբաշին պատրաստվում է ռուսներին առաքվող գազի գինը բարձրացնել մինչեւ 55-58 դոլարի: Սակայն Իրանին նա վառելիքը վաճառում է 42 դոլարով: Առաջին հայացքից տարօրինակ թվացող գնային քաղաքականությունը հաստատում է, որ Աշխաբադը հաշվի է առնում ոչ միայն տնտեսական, այլեւ` քաղաքական շահերը: Նշանակո՞ւմ է սա արդյոք, որ իմաստ ունի Թուրքմենբաշայի հետ պայմանավորվել անմիջականորեն, առանց ռուսների: Հնարավոր է` հենց դա էլ պատրաստվում է անել Ռոբերտ Քոչարյանը` ուղերձով դիմելով Թուրքմենբաշային: Նշենք, որ տվյալ դեպքում Մոսկվան դեմ չէ գների հարցով Երեւանի եւ Աշխաբադի միջեւ ուղիղ կապերին: Ինչպես նաեւ Հայաստանի կառավարությունը թուրքմենական կողմի հետ բանակցություններ վարելու համար լիազորել է «ԱրմՌոսԳազպրոմին», որի բաժնետոմսերի 55 տոկոսը պատկանում է ռուսական ընկերություններին: Բացի այդ, «Գազպրոմն» ամեն դեպքում հոգ կտանի այն մասին, որ հայերը չկարողանան թուրքմենների հետ գործարքն իրականացնել առանց ռուսների մասնակցության:

Եվ ի՞նչ կարող ենք մենք առաջարկել Թուրքմենստանին առավել շահավետ ռեժիմի դիմաց: Ի տարբերություն Իրանի, մենք գրեթե ոչինչ չունենք առաջարկելու: Նախկինում մենք Աշխաբադին գրավում էինք գազի փոխարեն տրվող հայկական արտադրանքի ցածր գներով: Իսկապես ապրանքային քվոտան Թուրքմենստանին թույլ էր տալիս մատչելի գներով ստանալ հայկական կոնյակ, ծխախոտ, ոսկերչական իրեր: Սակայն այժմ արդեն դրանով չես զարմացնի: Հին ձեւաչափի օգնությամբ հազիվ թե հնարավոր լինի զգալի զեղչեր ակնկալել: Բացի այդ, մենք բավականին պարտքեր ենք կուտակել, եւ վերջին շրջանում թուրքմեններն ավելի հաճախ են այդ մասին հիշեցնում: Եվ ակնհայտ է, որ ստեղծված իրադրությունում միակ բանը, որ կարող է գրավել Սապարմուրադ Նիյազովին արտաքին աշխարհից Թուրքմենստանի մեկուսացմանը հակազդելու ուղղությամբ Հայաստանի հետ համագործակցությունն է: Ինչպես հայտնի է, Աշխաբադում իշխող վարչակարգը դժվար է անվանել լիարժեք ժողովրդավարական: Թուրքմենբաշան կարիք ունի դաշնակիցների, որոնք կօգնեն նրան միջազգային կազմակերպություններում հաստատակամորեն պնդել իր իրավունքներն` առանց Արեւմուտքին դիմելու: Ահա եւ ամբողջը, որ Թուրքմենբաշին կարող է ուզել Քոչարյանից: Բռնապետական վարչակարգի օգնականի վարկանիշն իհարկե առանձնահատուկ պատիվ չի բերի Հայաստանին, որը ձգտում է ժողովրդավարական պետություն համարվել: Սակայն մեծ տերություններն իրենց քաղաքականություններում այնքան հաճախ են օգտագործում երկակի չափանիշներ, որ փոքր պետություններին դա ներելի է:

Արտյոմ Երկանյան