3 ապրիլի 2007 - 20:33 AMT
ՀՈԴՎԱԾ
Այն երկիրը, որը խաչ չի դնում քրիստոնեական եկեղեցու վրա, Եվրոպայում անելիք չունի
Թուրքիան այդպես էլ չկարողացավ իրեն իսկապես հանդուրժող եւ ժողովրդավարական պետություն ցույց տալ համաշխարհային հանրության աչքերում
Եվրամիությունը մասնակիորեն վերսկսել է բանակցությունները Թուրքիայի հետ ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Ինչպես ակնկալվում է, բանակցությունները կվերաբերվեն բիզնեսին եւ արդյունաբերությանն առնչվող հարցերին: Բանակցությունների վերսկսման հավանականությունը հաստատել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Նրա խոսքերով, բանակցություններին կմասնակցի Եվրամիության հետ Անկարայի գլխավոր բանակցող պետնախարար Ալի Բաբաջանը:
Հիշեցնենք, որ բանակցությունները սառեցվել էին անցյալ տարվա դեկտեմբերին: Պաշտոնական Անկարան միանգամայն ուրախ է բանակցությունների վերսկսման համար, քանի որ ԵՄ որոշումը կարող է որոշ չափով բարձրացնել Թուրքիայի միջազգային վարկանիշը, որն այդպես էլ չկարողացավ ցույց տալ իրեն համաշխարհային հանրության աչքերում որպես իսկապես հանդուրժող եւ ժողովրդավարական պետություն: Դրա վկայությունն են հայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունը, Սուրբ Խաչ հայկական եկեղեցու բացումը Աղթամար կղզում, թուրքական ԶՈՒ-ի ներխուժումը Հյուսիսային Իրաք Քրդական աշխատավորական կուսակցության դեմ պայքարի պատրվակով եւ, վերջապես, Անկարայի համառությունը Կիպրոսի համար նավահանգիստներն ու օդակայանները բացելու հարցում: Ինչպես հայտնի է, հենց Մաքսային միության մասին լրացուցիչ արձանագրությունը չկատարելու համար էր, որ բանակցությունները Թուրքիայի հետ ընդհատվեցին:

Սակայն բանը միայն դա չէ: Թուրքական ազգայնականությունը, որը բանակցություններում դեռեւս լռության է մատնվում, դառնում է եւս մեկ խոչընդոտ «եվրոպական ընտանիքի» լիիրավ անդամ դառնալու համար: «Թըրքիշ փոսթ» թերթը գրում է. «Ամեն առավոտ պարապմունքներից առաջ դպրոցական համազգեստ հագած երեխաները շարվում են դպրոցական բակում Թուրքական Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի արձանի առջեւ եւ ասում են. «Երջանիկ է նա, ով կարող է ասել, որ թուրք է»: «Ռոյթերսի» թղթակցի կարծիքով, Հրանտ Դինքի սպանությունից ի վեր թուրք հասարակության մեծ մասը դա որպես սպառնալիք է դիտում երկրի զարգացման համար: Եվ հավանաբար իրավացի են Ֆրանսիայի նախկին նախագահ Վալերի Ժիսկար Դ' Էստենը եւ Ելիսեյան պալատի աթոռի թեկնածու Նիկոլյա Սարկոզին, որոնք պնդում են, որ Թուրքիան անելիք չունի Եվրամիությունում: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, որի երկիրն այժմ նախագահում է ԵՄ-ում, ավելի վաղ բազմիցս հանդես է եկել ԵՄ-ին Թուրքիայի լիիրավ անդամակցության դեմ: Նա գտնում է, որ Անկարայի հանդեպ պետք է կիրառվի «արտոնյալ գործընկերության» բանաձեւը, ինչին կտրականապես համաձայն չէ թուրքական կողմը:

Այդ դիրքորոշումը հաստատում է նաեւ այն, որ Անկարան հրավիրված չէր Բեռլինում կայացած ԵՄ գագաթնաժողովին: Թուրքիան իր դժգոհությունն է հայտնել Գերմանիային, քանի որ Բեռլինը չէր հրավիրել նրան Եվրամիության հոբելյանական գագաթնաժողովին, նվիրված Հռոմեական համաձայնության 50-ամյակի ստորագրմանը, որը սկիզբ դրեց ԵՄ ստեղծմանը: «Եթե Գերմանիան բեռլինյան հանդիպմանը հրավիրեր թեկնածու երկրներին, դա կարող էր կարեւոր իրադարձություն դառնալ եվրոպական ընտանիքի միասնության ցուցադրման տեսակետից»,-հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեվենթ Բիլմանը: Ճիշտ է, հետո հաջորդեցին վարչապետ Ռեջեփ Էրդողանի եւ արտգործնախարար Աբդուլլահ Գյուլի ոչ հստակ հայտարարություններն այն մասին, թե նրանք «միեւնույն է մեկնելու էին Բեռլին ապրիլին, եւ գագաթնաժողովի հրավերի բացակայությունը ոչինչ չփոխեց»:

Այնուամենայնիվ, բանակցությունները կարող են դադարեցվել ցանկացած պահի, եթե Թուրքիան կրկին հրաժարվի պարտավորությունների կատարումից ոչ միայն Կիպրոսի մասով, այլ նաեւ դատական համակարգի բարեփոխումների, մասնավորապես, տխրահռչակ 301-րդ հոդվածի վերանայման հարցով: Կա եւս մեկ «բայց»` հարաբերությունները Վաշինգտոնի հետ: Ինչպես հայտնի է, հենց ԱՄՆ-ն է պնդում, որ Թուրքիան պետք է անպայման անդամակցի ԵՄ-ին, սակայն որոշ փոփոխություններն Ամերիկայի ներքին քաղաքականության մեջ կարող են բացասաբար անդրադառնալ Թուրքիայի վրա: Առաջին հերթին, դա վերաբերում է Հայոց ցեղասպանությունը ճանաչող 106-րդ բանաձեւին եւ Ջորջ Բուշի վարչակազմի բարդ վիճակին` Իրանի հարցի սրման կապակցությամբ: Այդ տեսակետից նրանք, ով համարում է, որ 10 տարի անց Թուրքիան կանդամակցի ԵՄ-ին, չափազանց մեծ լավատեսներ են: Այն երկիրը, որը խաչ չի դնում քրիստոնեական եկեղեցու վրա, Եվրոպայում անելիք չունի