8 մայիսի 2008 - 19:16 AMT
ՀՈԴՎԱԾ
Շուշին երբեք չի եղել եւ չի լինի ադրբեջանական
Հենց Շուշիի ազատագրումից հետո ղարաբաղցիների ազգային-ազատագրական պատերազմը նոր շունչ ստացավ. մեկ տարվա ընթացքում ազատագրվեցին Մարտակերտը, Մարտունին եւ ավիրումից փրկվեց հնադարյան հայկական եկեղեցի Գանձասարը
16-րդ տարին անընդմեջ մայիսի 8-9 ադրբեջանական մամուլը հեղեղված է «օկուպացված Շուշիի» մասին հոդվածներով: Ամեն տարի նախանձելի հետեւողականությամբ քաղաքական գործիչները, պաշտոնյաները եւ «սովորական քաղաքացիները» հայտարարում են, որ «հեռու չէ այն օրը, երբ պատմական ադրբեջանական քաղաքը ետ կնվաճվի»: Ճիշտ է, միայն թե չի ճշտվում` ինչպես է «ազատագրվելու» Շուշին: Ամենայն հավանականությամբ նույն աֆղանացի մոջահեդների միջոցով Շամիլ Բասաեւի գլխավորությամբ, ով փախչում էր հայկական բանակից: Իսկ ինչ վերաբերում է «պատմական ադրբեջանական քաղաքին», ապա մեր հարեւաններին արժէ հերթական անգամ կարդալ պատմական վկայությունները:
Իսկ դրանցում նշվում է, որ հնադարյան հայկական ամրոց Շուշին մելիք Վարանդա Շահնազարի դավաճանության գնով 1752 թվականին անցել է պարսից խան Փանախին` հանցագործ եւ խաղաղ հայ բնակչությունը կոտորող մեկին: Մելիք Շահնազարին հետագայում սպանել են դավաճանության համար, սակայն Շուշիի ամրոցը մնացել է պարսիկների ձեռքում: Ռուս-պարսկական պատերազմի արդյունքում Ղարաբաղն անցել է Ռուսաստանին: 1857 թվականից, ստանալով քաղաքի կարգավիճակ, Շուշին սկսեց ծաղկել եւ XIX դարի 60-ական թվականներին արդեն դարձել էր Կովկասի հոգեւոր կենտրոններից մեկը: Այստեղ ձեւավորվում էր Անդրկովկասի հայերի հասարակա-քաղաքական եւ գիտա-մշակութային վերնախավը: Սոցիալ-տնտեսական եւ մշակութային վերելքի ապացույց է հանդիսանում քաղաքի բնակչության թվաքանակի աճի դինամիկան: 1850 թվականին Շուշիում ապրում էր 12724 մարդ, իսկ XIX դարի 90-ական թվականներին` 34 հազար, 1916 թվականին` 43 հազար, իսկ 1920 թվականին` 60 հազար մարդ: 60-հազարանոց քաղաքի բացարձակ մեծամասնությունը` 47 հազար, կազմում էին հայերը (այս թվերը վերցված են «Կովկասյան օրացույցի» համապատասխան համարներից):

Մինչեւ 1920 թվականը Շուշիում 150 անուն գիրք է հրատարակվել: XIX դարի 70-ական թվականներին մինչեւ 1921 թվականը Շուշիում հրատարակվում էր 22 անուն թերթ ու ամսագիր, որոնցից 2-ը ռուսերեն 20-ը հայերեն: XIX դարի երկրորդ կեսում Շուշի քաղաքում մի շարք մահմեդական կոթողներ են կառուցվել: Դրանցից են, մասնավորապես, Վերին եւ Ստորին մզկիթները, որոնք պահպանվել են մինչ օրս: Մզկիթներն օրինականորեն պատկանում են պարսից ճարտարապետության հուշարձանների շարքին, սակայն ներկայիս ադրբեջանական իշխանությունները դրանք իրենցն են համարում, ինչպես եւ Ադրբեջանի տարածքում Պարսից կայսրության ողջ ժառանգությունը, որը մնացել է վերջինիս փլուզումից հետո:

1920 թվականի մարտի 23-ին թուրք-ադրբեջանական զորքերը հրդեհել եւ թալանել են Շուշիի հայկական հատվածը, որը գրավում էր քաղաքի տարածքի կեսից ավելին: Երեք օրվա ընթացքում քաղաքի բնակչությունը կրճատվել է 65 տոկոսով: Թուրք-մուսավաթական գործողությունների զոհ դարձան 47 հազար հայերից 30 հազարը:

Ապա եկավ 1988 թվականը: Ադրբեջանի սկսած պատերազմը Արցախի ժողովրդի դեմ հնադարյան հայկական քաղաքը վերածեց հարմար կետի Ստեփանակերտի ռմբակոծման համար: Ստեփանակերտը ռմբակոծել են 15 հազար արկերով, այդ թվում 13 հազար «Գրադ» տեսակի հրթիռային համակարգից: Ռմբակոծությունների արդյունքում զոհվել եւ մահացել են հարյուրավոր ստեփանակերտցիներ, ավիրվել են գործարաններ եւ վարչական շենքեր, քաղաքի ենթակառուցվածքը, 19 հազար բնակիչ (27 տոկոս) անօթեւան են դարձել: Ելնելով ստեղծված դրությունից` մայիսի 8-ին ղարաբաղյան ուժերը գործողություն են սկսել Շուշիում եւ նրա մերձակայքում ռազմական կետերի եւ դիրքերի ճնշման նպատակով: 1992 թվականի մայիսի 9-ի առավոտյան Շուշի քաղաքն ազատագրվել է ԼՂՀ պաշտպանության բանակի կողմից:

Հենց Շուշիի ազատագրումից հետո ղարաբաղցիների ազգային-ազատագրական պատերազմը նոր շունչ ստացավ. մեկ տարվա ընթացքում ազատագրվեցին Մարտակերտը, Մարտունին եւ ավիրումից փրկվեց հնադարյան հայկական եկեղեցի Գանձասարը, որտեղ, ըստ ավանդության, թաղված է Հերովդես արքայի կողմից գլխատված Հովհաննես Մկտչի գլուխը:

Երեւի թե, ինչ-որ խորհրդանշական բան կան նրանում, որ Շուշին ազատագրվել է Հեյդար Ալիեւի ծննդյան օրվա նախաշեմին, ով այդքան շատ բան էր արել, որպեսզի «հայ» բառն Ադրբեջանում վերածվեր թշնամու հոմանիշի:

Եւ վերջում. «լաց ու կոծը» ադրբեջանական մամուլում վերջանականպես ջնջվում է Day.az կայքէջում հայտնված հետեւյալ տողերով. «Բաքու քաղաքում տոնական տրամադրություն է Հաղթանակի եւ դրան հաջորդող էլ ավելի նշանակալից օրվա (մայիսի 10` Հեյդար Ալիեւի ծնունդ) կապակցությամբ: Երաժշտություն է հնչում, քաղաքի բնակիչների դեմքերը ուրախ են»: Իրոք, նրանց ինչին է պետք Շուշին, դա նրանց քաղաքը չէ եւ երբեք նրանցը չի եղել...