Կա դիվանագիտական կանոնադրություն, որը ենթադրում է տվյալ երկրի դեսպանի կողմից հավատարմագրերի պարտադիր հանձնում պետության ղեկավարին: Եթե դա տեղի չի ունենում, ուրեմն, դեսպանը, այս դեպքում Թուրքիայի դեսպանը, ուղղակի վերածվում է հատուկ հանձնարարությունների գծով դեսպանի, ինչը ոչ մի կերպ չի կարելի համարել նորմալ դիվանագիտական հարաբերությունների հաստատում: Որոշ էյֆորիան, համենայնդեպս, հայկական կողմից, որոշ չափով զգուշավորություն է առաջացնում: Թուրքական մամուլի պաշտոնական հաղորդագրություններում ասվում է, որ նախարարները չեն անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային...Այդ դեպքում ինչպես բացատրել այն փաստը, որ որպես Երեւան դեսպան ուղարկելու պայման Թուրքիան դիտում է Հայաստանի համաձայնությունը 1915թ. իրադարձությունների ուսումնասիրման նպատակով պատմաբանների հանձնաժողովի ստեղծումը: Ավելին, մի շարք թուրքական ԶԼՄ-ներ տեղեկություն էին տարածել այն մասին, որ Է.Նալբանդյանը համաձայնվել է նման հանձնաժողովի ստեղծմանը: ՀՀ ԱԳՆ-ն կտրականապես հերքեց այդ լուրը: «Հայաստանի արտգործնախարարությունը հերքում է որոշ թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունն, ըստ որի, իբր, ՀՀ ԱԳ նախարար Է.Նալբանդյանը Ստամբուլում կայացած մամլո ասուլիսի ժամանակ համաձայնվել է Հայոց ցեղասպանության փաստն ուսումնասիրող հանձնաժողով ստեղծելուն: Է.Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանի դիրքորոշումը Հայոց ցեղասպանության հարցում անփոփոխ է»,-հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը:
Սակայն գլխավորն այն է, թե հարկավոր են արդյո՞ք Հայաստանին նորմալ հարաբերություններ Թուրքիայի հետ պատմական հիշողության կորստի գնով: Վստահաբար, ոչ: Ըստ պատմաբան ու դիվանագետ Արա Պապյանի, Հայաստանին հարկավոր են դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, սակայն Թուրքիային դրանք առավել եւս հարկավոր են: Հենց այդ պատճառով էլ անց է կացվում յուրատեսակ քաղաքական փիար-արշավ համոզելու համար աշխարհին, որ Անկարան միշտ բարեկամաբար է տրամադրված բոլորի, եւ առավել եւս հայերի հանդեպ: Ըստ իս, գլխավորն այստեղ այն է, որ պետք չէ ընկնել Անկարայի ազդեցության տակ եւ ժամանակից շուտ ուրախանալ: Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ սահմանի բացման հետ Հայաստան կգան միայն թուրքական ապրանքներ:
Ճիշտ է, ձթի այս մեծ տակառում կա նաեւ մի գդալ մեղր` Թուրքիայի համար Լեռնային Ղարաբաղի հարցը գնալով երկրորդական է դառնում եւ դա չի կարող չուրախացնել: Փաստորեն, եթե վաղը Անկարան հայտարարի, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես Հայաստանի ու Ադրբեջանի գործն է, դա առանձնապես ոչ ոքի չի զարմացնի, նույնիսկ Բաքվում: Թեեւ պետք է խոստովանել, որ Ադրբեջանի համար դա սառը ցնցուղի ազդեցություն կունենա, ինչը, հուսով ենք, կբացի նրանց, նավթային շղարշով մշուշված, աչքերը:
Իրականում Թուրքիան սկսել է իրականացնել Կովկասում համագործակցության ու կայունության պլատֆորմի նախագիծը եւ Նալբանդյանի այցը կարելի է գնահատել այս տեսակետից, քան ուղղակի պաշտոնական ներկայություն ՍԾՏՀ նիստին: Ըստ Թուրքիայում ՌԴ դեսպան Վլադիմիր Իվանովսկու, Կովկասյան պլատֆորմի հինգ երկրների` Թուրքիայի, Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները, հանարվոր է, որ հանդիպեն տարեվերջին նախաձեռնության համապարփակ քննարկման նպատակով: Ըստ ռուս դիվանագետի, Թուրքիայի նախաձեռնությունը համապատասխանում է ՌԴ շահերին:
Հետաքրքիր է, թե ինչպիսի՞ն կլինի նոր տարածաշրջանային միավորման ճակատագիրը: ՎՈՒԱՄ-ը, որ ստեղծվեց ԱՄՆ-ի ակտիվ աջակցությամբ, գրեթե գոյություն չունի, անկախ վրաց եւ ադրբեջանցի քաղաքական գործիչների հայտարարություններից: Այս կազմակերպությունը, եթե այն ստեղծվի, կվերահսկվի Անկարայի կողմից, եւ, հավանաբար, նույն ճակատագրին կարժանանա, քանի որ հնգյակի նպատակները չափազանց տարբեր են: