Ռուս-թուրքական եւ հայ-թուրքական հարաբերությունների որոշ փոփոխությունների ընդհանուր ֆոնի վրա, Ադրբեջանի նախագահը որոշեց այլընտրանք գտնել` Հունաստանով դեպի Եվրոպա ադրբեջանական գազի առաքման համար: Գաղտնիք չէ, որ հենց դա է Իլհամ Ալիեւի այցի նպատակը Աթենք: «Ադրբեջանը բոլոր ջանքերն է գործադրում, ամրապնդելու համար Եվրոպայի էներգետիկ անվտանգությունը եւ հույս ունի գազ արտահանել Եվրոպա Հունաստանի տարածքով»,-երկուշաբթի Աթենքում հայտարարել է Ալիեւը: Կարելի է ասել, որ այդ հայտարարությամբ ազդանշան հղվեց Անկարային. որպես տարանցիկ երկիր Թուրքիային կարելի է այլընտրանք գտնել: Նշենք, որ հայտարարությունը հնչեց ադրբեջանական մամուլում հակաթուրքական ահագնացող արշավի ֆոնի վրա: Ճիշտ է, քանի դեռ այդ քարոզարշավը այնքան էլ հակաթուրքական չէ, սակայն եթե անկարելին իրականանա եւ հայ-թուրքական սահմանը բացվի, ապա «եղբայրական երկիրը» փնովելու համար առիթներ Բաքվում միշտ էլ կգտնեվն: Ադրբեջանում մոտավորապես այսպես են մտածում` եթե Էրդողանը կարող է կտրուկ հայտարարություններ անել Իսրայելի հասցեին, ապա Բաքուն նույնը կարող է անել նաեւ Անկարայի հարցում:
Սակայն ամեն ինչ այնքան էլ դյուրին չէ: Իլհամ Ալիեւը հիանալի գիտի խաղի կանոնները եւ շեշտը դնում է «եվրոպական էներգետիկ անվտանգության» վրա, որը սպառնալիքի տակ է Ուկրաինայի ու Ռուսաստանի միջեւ «գազային պատերազմի» պատճառով: Ոչ մի երաշխիք չկա, որ այդ պատերազմը չի կրկնվի, ուստի գազ առաքող երկրներն այժմ ամեն կերպ ջանում են գրավել Եվրոպայի ուշադրությունը: Ոմանց դա կհաջողվի, ոմանց` ոչ: Սակայն եւ Ադրբեջանը, եւ Թուրքմենստանը հաշվի չեն առնում այդ դաշտի երկու գլխավոր խաղացողներին` Իրանին ու Ռուսաստանին;
Եթե ամերիկա-իրանական հարաբերություններն իրոք բարելավվեն, իսկ գործը դրան է գնում, Իրանը կկարողանա իր համար շահավետ պայմաններով գազ տեղափոխել Եվրոպա եւ ակնհայտորեն վերջինիս համար ընդունելի գնով: Նույնը վերաբերում է նաեւ Ռուսաստանին: Ինչ էլ ասեն «Գազպրոմի» մասին, նրա փողերը չեն բավականացնի ադրբեջանական գազը գնելու եւ այնուհետեւ առաքելու համար:
Նույնը վերաբերում է նաեւ Nabucco նախագծին: Կիրականացվի այն թե ոչ, դեռեւս պարզ չէ, սակայն հստակ կարելի է ասել, որ առանց Իրանի ու Թուրքիայի այն չի գործի, իսկ ահա առանց Ադրբեջանի` շատ հավանական է: Գործարարության զարգացման հայ-թուրքական խորհրդի համանախագահ Քաան Սոյակի վերջին հայտարարությունն այն մասին, որ Nabucco-ն պետք է անցնի Հայաստանով, զայրույթի մեծ ալիք բարձրացրեց Բաքվում: Իսկ չէ որ եթե նայենք քարտեզին, դա իրոք այդպես է, եթե Nabuccon չդառնա հերթական Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը:
Կարելի է ենթադրել, որ բոլոր այդ արտերկրյա շրջագայությունները եւ Իլհամ Ալիեւի հայտարարությունները կապված են մարտին կայանալիք հանրաքվեի հետ, որի ելքին ոչ ոք չի կասկածում: Փաստորեն այն ամենն, ինչ արվում եւ ասվում է Բաքվում, առնվազն պաշտոնական անձանց եւ «արտահայտվելու թույլտվություն ստացած» անձանց կողմից, ուղղված են հենց դրան: Ուստի ոչ ոքի արդեն չեն զարմացնում Ադրբեջանի ԱԳՆ մամլո քարտուղարի ոչ կոռեկտ մեկնաբանությունները այլ, թեկուզ թշնամական երկրի նախագահի հասցեին: Չի զարմացնում նաեւ վերնագիրը` «Ադրբեջանի հերթական լկտի մեղադրանքը Նալբանդյանի կողմից»...Պատերազմում բոլոր միջոցներն են լավ, սակայն Բաքվում արդեն դադարել են տարբերություն դնել Հայաստանի հասցեին քննադատության եւ շուկայական անեծքի միջեւ: Ճիշտ է նաեւ այն, որ մյուս կողմին անհարիր է Բաքվին ուսուցանել վարվեցողության կանոններ, որոնք քոչվորների սերունդները չեն ընկալում:
Հետաքրքիրն այն է, որ այժմ ուղղակիորեն կամ անուղղակիորեն Ադրբեջանին առնչվող ցանկացած իրադարձության մեջ Բաքվում նյարդայնորեն սկսում են «հայկական հետք» որոնել: Այս ամենը հազիվ թե տեղավորվի Իլհամ Ալիեւի ստորագրած հռչակագրի եւ պարտավորությունների մեջ, որ Ադրբեջանը ստորագրել է Եվրոպայի Խորհրդին անդամակցելիս: Ինչպես միշտ, ետ չմնաց նաեւ Վաֆա Գուլուզադեն, որի «կանխատեսումները» կարող են վերջնականապես փակուղի տանել Ադրբեջանին, որից անհնար կլինի դուրս գալը: Թեեւ փակուղին մնում է փակուղի:
«Ադրբեջանն ուղղակի այլ ելք չունի, քան սերտ կապեր պահպանել Արեւմուտքի հետ: Դրանում է մեր անվտանգության երաշխիքը: Ռուսաստանը որոշակիացրել է իր ընտրությունը, նա Հայաստանի հետ է եւ մենք պետք է զորացնենք մեր արեւելյան ուղղությունը, հակակշիռ ստեղծելու համար ռուս-հայկական միությանը: Տեսնում եք, նրանք միավորում են իրենց ՀՕՊ-ը, տնտեսությունը, այսինքն նրանք մեզ այլ ելք չեն թողնում, քան դառնալ արեւմտայն աշխարհի մի մասը»-հայտարարել է Գուլուզադեն:
Ուղղակի հետաքրքիր է, թե ինչ է պատրաստում աշխարհի համար Բաքվի քարոզչական մեքենան «Հայաստանին ՌԴ կողմից 800 մլն դոլար սպառազինություն վաճառելու» մասին բլեֆից հետո: Հավանաբար, նոր «պատմությունը» կապված կլինի ԱՄՆ վարչակազմի հետ, որն ակնհայտորեն վերանայում է իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, հիշելով նախկին փոխնախագահ Դիկ Չեյնիի եւ ԵԱՀԿ ՄԽ առաջիկայում հավանաբար արդեն նախկին համանախագահ Մեթյու Բրայզայի «վատ» ժառանգության մասին: Ավելորդ չէ նշել, որ Ջորջ Բուշի կառավարման բոլոր 8 տարիների ընթացքում ԱՄՆ-ից ՄԽ համանախագահներ էին դառնում նավթային լոբբիի ներկայացուցիչները: Եթե Բարաք Օբաման ու Հիլարի Քլինթոնը իրոք ցանկանում են փոխել ողջ արտաքին քաղաքականությունը, ապա նրանք ստիպված կլինեն առավել անկախ համանախագահ նշանակել, որի նշանակման մեջ Բաքվում կրկին «հայկական լոբբիի» հետքը կտեսնեն: