19 մարտի 2009 - 20:31 AMT
ՀՈԴՎԱԾ
Ադրբեջանում հանրաքվեն ավարտվեց համեստ, չափավոր ժողովրդավարական արդյունքով
Տեւական ժամանակ իշխանության մեջ լինելը բթացնում է իրականությունը համարժեք ընկալելու եւ աշխարհում կատարվող փոփոխություններին արձագանքելու ունակությունը
Ադրբեջանում տեղի ունեցած հանրաքվեն ավարտվեց համեստ, չափավոր ժողովրդավարական արդյունքով` ընտրողների 92,17 տոկոսը քվեարկեցին սահմանադրության 101 հոդվածի 5 կետը հանելու օգտին, որտեղ ասվում էր, որ «ոչ ոք չի կարող ընտրվել Ադրբեջանի Հանրապետության նախագահ անընդմեջ երկու ժակետից ավելի»: Քվեարկությանը մասնակցել է 3 մլն 478 հազար 571 մարդ, կամ Ադրբեջանի 4,9 մլն ընտրողների 71,08 տոկոսը:

Ուղղումը թույլ կտա գործող նախագահ Իլհամ Ալիեւին կրկին ընտրվել պետության ղեկավարի պաշտոնում: Առաջին անգամ Ի.Ալիեւը նախագահ ընտրվեց 2003թ., երկրորդ անգամ` 2008-ին: Այն ժամանակ նա հավաքեց ձայների 88,73 տոկոսը:

Քվեարկության արդյունքներն, իսկ ավելի ճիշտ թվերը, կարող էին նաեւ այսպիսին լինել` ոչ թե 92, այլ բոլոր 100 տոկոսը կամ նույնիսկ 105 տոկոսը, ինչպես դա եղավ Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիի ընտրության ժամանակ: Սակայն, անշուշտ, Իլհամ Ալիեւն ավելի ժողովրդավար է, թեկուզ այն պատճառով, որ նավթ ու գազ ունի, ի տարբերություն Վրաստանի: Եվ կարեւոր չէ, որ պաշարները քիչ են` կարեւորը դա կարելի է շահարկել: Սակայն Բաքվում մշտապես մոռանում են, որ Բարաք Օբամայի ընտրությունից հետո աշխարհը փոխվեց: Ընդ որում, այնքան, որ նույնիսկ «եղբայրական» Թուրքիան սկսեց վերանայել Ադրբեջանի հանդեպ իր քաղաքականությունը: Նկատելի է, որ տեւական ժամանակ իշխանության մեջ լինելը բթացնում է իրականությունը համարժեք ընկալելու եւ աշխարհում կատարվող փոփոխություններին արձագանքելու ունակությունը: Հենց դա էր պատճառներից մեկը, թե ինչու ԱՄՆ-ում իրապես արժանի նախագահ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի նախագահության չորս ժամկետից հետո սահմանափակումներ դրվեցին նախագահության համար: ԱՄՆ-ի Սահմանադրության ուղղումն ընդունվեց 1951թ.: Ութ տարին գրեթե լավագույն ժամկետ է, սակայն ոչ Ալիեւի կլանի համար, որն, ըստ ամենայնի, հավետ կիշխի Ադրբեջանում: Կամ գոնե այնքան ժամանակ, մինչեւ որ վերջանան ածխաջրածինները:

Սակայն մինչ այդ սուլթանաթում` իսկ այլ կերպ Ադրբեջանը չես անվանի, կանցկացվի եւս մեկ հանրաքվե, որով Ալիեւին եւ նրա ժառանգներին կապահովի հավերժ կառավարում: Կարելի է ասել, որ Հեյդար Ալիեւի երազանքն իրականություն դարձավ: Կամ, գրեթե իրականություն...

Ուղղումներում կա եւս մեկ, շատ հետաքրքիր մանրամասն` ընդունված ձեւակերպումը կփոխարինվի այն տարբերակով, որով նախատեսվում է երկարացնել նախագահի լիազորությունների ժամկետը, եթե ռազմական գործողությունները պատերազմի պայմաններում անհնար դարձնեն նախագահի հերթական ընտրությունների անցկացումը: Այսինքն Իլհամ Ալիեւը միայն անփոփոխ կառավարելու համար կարող է ուղղակի պատերազմ հայտարարել Լեռնային Ղարաբաղին, ինչն, իր հերթին, կարող է վերջ դնել ինչպես Ալիեւների տոհմին, այնպես էլ Ադրբեջանին:

Ադրբեջանի նախագահի հետագա քայլերն ու հայտարարությունները դժվար չէ հաշվարկել` սկզբում պատշաճության համար նոր սուլթանը «շնորհակալություն կհայտնի սիրելի ժողովրդին», այնուհետեւ հաշվեհարդար կտեսնի ընդդիմության հետ եւ..կմեկնի Հայաստանի նախագահի հետ հանդիպման: Սակայն մինչ մայիսի 7-ը, երբ կայանալու է հանդիպումը Պրահայում, դեռեւս բավական ժամանակ կա, հերթական անգամ հայտարարություններ անելու համար առ այն, որ` «ադրբեջանական ժողովրդի համբերությունը հատվում է», «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն անխախտ է» եւ այլն:

Հանրաքվեի հետ կապված այս ամբողջ պատմության մեջ եւս մեկ փաստ կա, որն անմիջապես կասկածի տակ է դնում ինչպես «ժողովրդավարությունն ու համապատասխանությունը միջազգային չափանիշներին», այնպես էլ «լիակատար հավանությունը» դիտորդների կողմից: Հավանաբար, տարբեր միջազգային կազմակերպությունների դիտորդներին մեծ հաշվով միեւնույն է, թե ինչով են ավարտվում ընտրությունները հետխորհրդային երկրներում, քանի որ նրանք ի սկզբանե անազնիվ են: Նրանք չեն կարող ժողովրդավարական կամ թափանցիկ լինել, կարող են ուղղակի ինչ-որ հարցերում ձեռնատու չլինել Արեւմուտքին կամ ԱՄՆ-ին: Միայն այդ դեպքում են սկսվում մեղադրանքները խախտումների համար, սպառնալիքներ են հնչում պատժամիջոցների եւ աստծու բոլոր պատիժների մասին: Եվ ինչն է հետաքրքրական` հանրությանն ուղղված այդ խաղը երբեմն գործում է, ինչպես դա եղավ Հայաստանում նախագահական ընտրությունների ժամանակ: Քաղաքական գործիչները լրջորեն հաշվարկում էին, թե ինչ սպառնալիք է Հայաստանի համար վտարումը ԵԽԽՎ-ից, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրից: Իսկ իրականում` դա ուղղակի ճնշում էր իշխանությունների վրա, որ չափազանց անկախ չդառնան` միեւնույն է ումից: Եվ այստեղ Ադրբեջանի օրինակը ամենավատն է` ժողովուրդը կուլ տվեց հանրաքվեի արդյունքները, ընդդիմությունը մատը մատին չխփեց,իսկ Մեհրիբան Ալիեւան «բարի» առաջին տիկնոջ համբավ ձեռք բերեց` առաջարկելով ներում շնորհելու մասին օրենքը: Իլհամ Ալիեւը, հասկանալի է, չէր կարող նրան մերժել...

Հայաստանում ցմահ նախագահ գրեթե անհնար է պատկերացնել, եւ հարկավոր էլ չէ: Բաքուն իր ժողովրդավարությունն ունի, մենք` մերը:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News