Արդյոք այդ պայմաններն ընդունվում են, թե ոչ, արդեն այնքան էլ կարեւոր հարց չէ, քանի որ վերջնական արդյունքում Եվրոպային գազ է հարկավոր, Ռուսաստանին` Հարավային Օսիայում օգոստոսյան պատերազմից հետո որոշակիորեն թուլացած տարածաշրջանում ճնշման եւ որոշակի քաղաքական հսկողություն պահպանելու լծակներ: Մինչդեռ Թուրքիան, որ կարծեմ թե համարվում է ԱՄՆ ռազմավարական դաշնակիցը, կարող է որոշ չափով փոխել իր կողմնորոշումը եւ գրեթե նույն սկզբունքներոբ կառուցել իր հարաբերությունները Մոսկվայի հետ: Ճիշտ է, այստեղ կա մի նրբություն. քանի դեռ Իրաքում կան ամերիկյան զորքեր, ԱՄՆ-ն կախված է Անկարայից, որը դրանից հաջողությամբ օգտվում է: Ռուսաստանը նման խնդիրներ չունի, եւ Անկարան այդ դեպքում շանտաժի համար փաստարկներ գրեթե չունի: Ճիշտ է, կա մի խնդիր, որն անպայման կքննարկվի բանակցությունների ժամանակ` հայ-թուրքական հարաբերությունները Ղարաբաղի հետ միասին: Եւ այստեղ Ռուսաստանի վարքը կարող է կամ մերձեցնել հին խնդիրների լուծումը, կամ էլ դրանք վերջնական փակուղի մտցնել: Իմանալով ռուսական արտաքին քաղաքականության համառությունը եւ հավատարմությունը դիվանագիտության խորհրդային դպրոցին, որը հայտնի էր խնդրի «տարուբերմամբ», երկրորդ տարբերակն ավելի կանխատեսելի է:
Այդ կապակցությամբ հարկ է նշել ադրբեջանական քաղաքագետների բավական տարօրինակ արձագանքը Պուտինի այցի հանդեպ: Բաքվի վարկածով, Պուտինը Անկարայից հետո քիչ է մնալու հրամայի Հայաստանին վերադարձնել ԼՂՀ մերձակա ազատագրված տարածքները եւ մոռանալ Հայոց ցեղասպանության մասին: Հասկանալի է, որ հենց նման տարբերակը շատ ձեռնտու է Բաքվին, բայց դեռեւս պարզ չէ, թե արդյոք այն ձեռք է տալիս Թուրքիային: Հայաստանի հարցում ամեն ինչ պարզ է. եթե խորհրդային իշխանությունը չկարողացավ ստիպել խոսել Հայոց ցեղասպանության մասին, ապա ներկայիս ռուսական իշխանությունը` առավել եւս: Նույնը վերաբերում է նաեւ ղարաբաղյան կարգավորմանը: Ապշեցուցիչ է. Բաքվի քաղաքագետները սկզբում «կանխատեսումներ» են անում, իսկ հետո անգամ չեն բացատրում, թե ինչու այդ «կանխատեսումները» չիրականացան: Անհասկանալի է նաեւ ռուս վարչապետի` Անկարա այցելելուց առաջացած էյֆորիան: Այժմ ՌԴ համար գլխավորը ռուսական գազից Եվրոպայի կախվածությունը պահպանելն է, իսկ մնացած բոլոր հարցերը կարելի է լուծել կամ չլուծել, ինչպես կստացվի խողովակաշարարերի մասին ձեռք բերված պայմանավորվածությունից հետո:
Իսկ առայժմ Մոսկվան եւ Անկարան պայմանավորվում են South Stream նախագծի շուրջ, որը Nabucco-ի ուժեղ մրցակիցն է լինելու: Արդյո՞ք Պուտինը կկարողանա Էրդողանին համոզել եւ ի՞նչ նա կառաջարկի որպես հատուցում` ահա թե ինչում է կայանում այցի խարդավանքը: Ոչ Հայաստանը, ոչ էլ Ադրբեջանը այդ վեճում չեն կարող փոխանակման խաղաթղթեր լինել անլրջության պատճառով: Պուտինը շատ լավ գիտի Բաքվի ածխաջրածինների ծավալները եւ Կասպիայի շուրջ վեճը: Ավելին, անգամ կարելի է ենթադրել, որ եթե Թուրքմենստանն իսկապես միջազգային դատարան դիմի Ադրբեջանի կողմից Կասպիայի հանքավայրերի զավթման կապակցությամբ, Ռուսաստանն ավելի շուտ կօժանդակի Աշխաբադին:
Ճիշտ է, թուրքական իշխանություններն արդեն համաձայնություն են տվել Սեւ ծովի իրենց տարածքային ջրերում գազատարի շինարարությանը, բայց South Stream-ը պետք է անցնի նաեւ Ուկրաինայի տարածքային ջրերով, որի համաձայնությունը ստանալը, մեղմ ասած, դժվար է լինելու: Օրակարգում է նաեւ «Երկնագույն հոսք-2» նախագիծը: Թուրք փորձագետների կարծիքով, գազային եւ նավթային նախագծերը Թուրքիայի համար կապահովեն կարեւոր աշխարհաքաղաքական եկամուտներ, եւ դրանց շնորհիվ երկիրն աշխարհում ձայնի իրավունք կստանա նավթի եւ բնական գազի մատակարարման հարցերում:
Թուրքիան եւ Ռուսաստանը կստորագրեն նաեւ խաղաղ նպատակներով ատոմային էներգիան օգտագործելու մասին արձանագրություն: Միջերկրական ծովի ափին գտնվող Մերսին քաղաքում առաջին թուրքական ատոմակայանի շինարարության տենդերը ռուսական ընկերություները շահեցին 2008թ. սեպտեմբերին: Նախագիծը ենթադրում է ավելի քան մեկ գիգավատտ հզորությամբ չորս բլոկերի կառուցում, որոնցից առաջինը շահագործման կհանձնվի 2015թ.: Սակայն մինչ օրս նախագծի ֆինանսավորման մասին պայմանավորածություն չկա: Քսան միլիարդ դոլարից յոթը արդեն կա, մնացածը հարկ կլինի «հավաքել շուկայից»:
Եւս մեկ կարեւոր նախագիծ է օրական մոտ 1,5 միլիոն բարել հզորությամբ խողովակաշարը` թուրքական սեւծովյան Սամսուն նավահանգստից նավթը թուրքական միջերկրածովյան ափին գտնվող Ջեյհան փոխադրելու համար: Խողովակաշարի շինարարությունը, որով նավթը Թուրքիայից մատակարարվելու է եվրոպական շուկա, թույլ կտա շրջանցել Բոսֆորի եւ Դարդանելի գերծանրաբեռնված նեղուցները եւ զգալիորեն կթեթեւացնի ռուսական նավթի փոխադրումը: Թուրքական իշխանությունները նախկինում բազմիցս հրավիրել են Ռուսաստանին մասնակցելու այդ նախագծին: նախագծի իրականացումը երկու տարի առաջ սկսել են իտալական եւ թուրքական ընկերությունները: Հենց այդ պատճառով էլ բանակցություններին մասնակցում է Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին: