5 մարտի 2010 - 14:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանը մեծ ակտիվություն է հանդես բերել արեւմուտքի մշակութային կյանքում եւ չի պատրաստվում զիջել իր դիրքերը
Փետրվարի 22-28-ը տեղի ունեցած հիմնական մշակութային իրադարձությունների ամփոփում
Փետրվարի 22-ին Լոնդոնում մեկնարկել է Սերգեյ Փարաջանովին նվիրված փառատոնը: Այն բացվել է National Theatre-ում վրացաբնակ լուսանկարիչ Յուրի Մեչիտովի ցուցահանդեսով, որը մեծ ռեժիսորի առավել հայտնի լուսանկարների հեղինակն է: Ցուցահանդեսում ընդգրկված են բացառիկ լուսանկարներ, որոնք արվել են Մեչիտովի կողմից Փարաջանովի հետ ընկերության 11 տարիների ընթացքում: Մոսկվայի Տրետյակովի պետական պատկերասրահում տեղի է ունենալու Մարտիրոս Սարյանի 130-ամյակին նվիրված ցուցահանդեսի բացումը:

Գլենդեյլի Հանրային գրադարանում կայացավ լիբանանահայ գրող, գրականագետ Արամ Սեփեթճյանի 75-ամյակին նվիրված երեկո եւ նրա` Լիբանանում լույս տեսած «Բանաստեղծություն տագնապին ընդմեջեն» գրքի շնորհանդեսը: Միջոցառման ժամանակ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն Արամ Սեփեթճյանին պարգեւատրեց «Սբ.Սահակ Պարթեւ եւ Սբ.Մեսրոպ Մաշտոց» շքանշանով:

Հայաստանից ետ չի մնացել եւ Արցախի Հանրապետությունը (ԼՂՀ-ն). այս տարի առաջին անգամ այն ներկայացվել է Միլանում BIT իտալական խոշորագույն զբոսաշրջային տոնավաճառի առանձին տաղավարում: ՅՈՒՆԵՍԿՕ-ում Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ, ինչպես նաեւ Իրանի բոլոր պատմական եկեղեցիների գլխավոր գրասենյակի պատասխանատու է նշանակվել ճարտարապետ Շերլի Ավետյանը: Շերլի Ավետյանը Թեհրանում Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից թանգարանի ղեկավարն է: Թանգարանը բացվել է 2005 թվականին Շերլի Ավետյանի նախաձեռնությամբ եւ ԻԻՀ Մշակութային ժառանգության կազմակերպության հետ նրա համագործակցության արդյունքում: Թանգարանում գեղանկարների եւ քանդակների մշտական ցուցադրություն կա:

Այպիսին էին անցյալ շաբաթվա արտասահմանյան իրադարձությունների արդյունքները: Փետրվարի 23-ին Բուենոս Այրեսի Լատինամերիկյան արվեստի թանգարանի դահլիճում կայացել է «Պինամարի էկրան 2010. արգենտինյան եւ եվրոպական կինոյի 6-րդ հանդիպում» միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը: Վեցերորդ անգամ անցկացվող Պինամարի այս տարվա կինոփառատոնը, որը կայանալու է մարտի 6-13-ը, հատկանշական է այն առումով, որ առաջին անգամ դրան հատուկ հրավիրյալի կարգավիճակով մասնակցելու է Հայաստանը:Ժամանակակից հայկական կինոարվեստը ներկայացված է լինելու Հարություն Խաչատրյանի «Սահման» վավերագրական ֆիլմով եւ Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» գեղարվեստական կինոնկարով: Միջազգային կինոփառատոնի շրջանակներում մարտի 7-ին տեղի է ունենալու Հայաստանի օր, որի ընթացքում ցուցադրվելու են հայկական ֆիլմեր եւ կազմակերպվելու է հանդիսավոր ընդունելություն:

Բեռլինի ֆիլհարմոնիայի դահլիճում մարտի 1-ին տեղի է ունեցել Բեռլինի Հայկական եկեղեցական եւ մշակութային համայնքի նորաստեղծ երգչախմբի համերգը: Բացի երգչախմբից համերգին մասնակցելու են Գերմանիայի քրդական եւ ասորական համայնքների երգչախմբերը:

Հայաստանը վերջերս պակաս կարեւոր չի դարձել համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի համար, որոնք մոտ ամիսներին այցելելու են Հայաստան: «Վիբրոգրաֆուս» ընկերությունը, որը զբաղվում է Deep Purple ռոք-խմբի եւ կիթառահար Ջոն Մաքլաֆլինի համերգների կազմակերպմամբ, հնարավորություն է տալիս բոլոր երկրպագուներին փետրվարի 25-ից մինչեւ մարտի 8-ը տոմսերը ձեռք բերել զեղչված գներով:

Աներեւակայելի հնարավորություն է ընձեռվում դասական երաժտության բոլոր սիրահարներին. մարտի 4-ին հանրահայտ ջութակահար Պինհաս Ցուկերմանի երեւանյան համերգով կբացվի 11-րդ «21-դ դարի հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը:«Փառատոնի շրջանակներում մենք Երեւան հրավիրեցինք հանրահայտ երաժիշտների, եւ Պինհաս Ցուկերմանի մասնակցությունը ավելի մեծ հեղինակություն կհաղորդի փառատոնին», - նշել է փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, այդ փառատոնի շրջանակներում Երեւանում համերգով ելույթ կունենա նաեւ իսպանացի տենոր Պլասիդո Դոմինգոն:

Փառատոնի կազմակերպման համար մշակույթի նախարարությունը ՀՀ կառավարության որոշման համաձայն պետբյուջեից 40 մլն դրամ է հատկացնելու «Հայկական ժամանակակից երաժշտության կենտրոնին»:

Եվ կրկին ռոքի մասին. մարտի 16-ին, ժամը 19.00-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնի կարմիր դահլիճում կցուցադրվի Սերժ Թանկյանի Elect The Dead Symphony ֆիլմ- համերգի պրեմիերան: Բանակցություններ են վարվում շնորհանդեսին Ս. Թանկյանի ներկայությունն ապահովելու մասին:

Սակայն հայկական մշակույթի գործիչները թափուր չեն թողել նաեւ հայկական բեմը: 2010 թվականին օպերայի սիրահարների դատին կներկայացվեն նաեւ Ալեքսանդր Հարությունյանի «Սայաթ-Նովա» եւ Վերդիի «Աիդա» օպերաները: «Աիդա» օպերայի բեմականացման համար մենք հրավիրել ենք հայտնի իտալացի ռեժիսոր Մարիո Կոռռադիին, որն արդեն զբաղվում է դրանով:

Փետրվարի 22-ին Հակոբ Պարոնյանի անվան պետական դրամատիկական երաժշտական թատրոնում ցուցադրվել է ներկայացում` «Նահանջ առանց երգի» Շահան Շահնուրի վեպի մոտիվներով: Դա ներկայացման առաջին ցուցադրությունն է Երեւանում, սակայն ոչ առաջին բեմելը: Առաջին ներկայացումը տեղի ունեցավ դեկտեմբերի 10-ին Աշտարակի Համո Խանզադյանի անվան դրամատիկական թատրոնում: Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում մինչեւ մայիս երեք պրեմիերա տեղի կունենա: Երեք նոր ներկայացումների պրեմիերաները, որոնք ֆինանսավորվել են 2009թ. բյուջեից, տեղի կունենան մինչեւ մայիս: «Մեղր» ներկայացման առաջին ցուցադրությունը տեղի կունենա մարտին, իսկ ապրիլին թատերասերներին կներկայացվեն «Լեդենդ Մաքբեթի մասին» եւ «Գոյա» ներկայացումները:

Անուշադրության չեն մատնվում նաեւ արտասահմանյան արվեստի գործիչների հոբելյանները. Փետրվարի 26-ին Երեւանում տոնեցին երգահան Իսահակ Դունաեւսկու 110-ամյակը: Նշվել է նաեւ հայ ժողովրդի մեծ բարեկամ, գրող եւ դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի 200-ամյակը:

«Հայագիտական ազգային կենտրոն» հասարակական կազմակերպությունը արդեն 10 տարի զբաղվում է մինչեւ 1920 թ-ի հայկական պարբերականների եւ հայ հնատիպ գրքերի թվայնացմամբ ու մատենագրությամբ (նաեւ Հայաստանի եւ հայերի մասին պատմող այլալեզու գրքեր):

Կենտրոնի ծրագրերից մեկի նպատակն է ստեղծել հայ հնատիպ գրքերի զարդարվեստի լիարժեք կատալոգ, որը հնարավորություն կտա գիտական ուսումնասիրություններ անցկացնել տվյալ ոլորտում, եւ հետագայում հրատարակել մի շարք պատկերազարդ գրքեր: «Այդ գրքերը հարուստ են ձեւավորման շքեղ տարրերով` կիսախորաններով, գլխազարդերով, վերջնազարդերով, լուսանցազարդերով, զարդագրերով եւ այլն: Եվ եթե մենք այս ամենը չներկայացնենք հասարակությանը, ապա դա կդառնա ոչ ազդեցիկ թանգարանային նմուշ», - պատմել է Կենտրոնի ղեկավար Գեւորգ Ներսեսյանը: Նա նաեւ նշել է, որ արդեն մշակված է ավելի քան 100 հայկական հնատիպ գիրք: Մշակույթի նախարարությունը թույլ տվեց մեզ մուտք գործել հանրային եւ գիտական գրադարաններ: Դա աջակցություն է, սակայն միակը: Մենք օգտագործում ենք միայն մեր միջոցները: Մինչ այդ նոր տեխնիկայի եւ ֆինանսական աջակցության առկայության դեպքում մենք կկարողանանք ծրագրերն ավարտին հասցնել 2010 թ-ին: Հակառակ դեպքում մեզ պետք է եւս 10 տարի», - ընդգծել է Ներսեսյանը:

Հայերը չեն մոռանում իրենց երկրի բարերարներին: Փետրվարի 24-ին Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Ստեփան Սրապեանի «Սիրելիդ ին հայ» գրքի շնորհանդեսը: Գիրքը ներկայացնում է իտալահայ բարերար Ստեփան Սրապեանի նամակների եւ հոդվածների ընտրանին: Գրքում ներառված են շուրջ 30 նամակներ եւ հոդվածներ, հետաքրքիր լուսանկարներ: Ստեփան Սրապեանի գործունեությունը եւ գիրքը կներկայացնի բանաստեղծ, գրականագետ Արթուր Անդրանիկյանը:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն ակտիվ կերպով մասնակցում է արտասահմանյան մշակութային կյանքին եւ հյուրընկալում արտասահմանյան աստղերին, այլ նաեւ չի մոռանում դրվատել եւ պահպանել սերունդների համար արդեն անգնահատելի մշակութային ժառանգությունը:

Mane Amirjanyan / PanARMENIAN News