Microsoft Word 2007-ի օգտվողների համար ամենաակնհայտ ընտրությունը Microsoft Office Language Interface Pack 2007-ի հայկական տարբերակի ներբեռնումն է, որն ընդգրկում է հայերենի էլեկտրոնային տեքստի սրբագրումն ու MS Word-ի ինտերֆեյսը հայերենի փոխելու հնարավորությունը: Հայերենի էլեկտրոնային տեքստի սփելչեկերը (ստուգիչը) իր շատ սահմանափակ բառապաշարով եւ բառաձեւերով հեռու է կատարելությունից, այն ստուգում է միայն Unicode-ով հավաքված հայերեն տեքստերը, այն չի նախատեսում քերականության ստուգում: Մյուս կողմից, ծրագիրն արագ սրբագրում է ուղղագրությունը եւ հարմար է օգտագործման համար:
Microsoft Office Language Interface Pack 2007-ը պատրատ էր արդեն նախորդ տարի, եւ մի քանի հազար անգամ ներբեռնվել է Microsoft-ի կայքից: Ըստ Հայաստանում Microsoft-ի ներկայացուցչության տնօրեն Գրիգորի Բարսեղյանի, ծրագրային ապահովման օգտվողների քանակը շուրջ 10 հազար է:
«Տեղեկատվությունը սրբագրելու հնարավորությունն այն պատճառներից մեկն է, որը դրդում է շատերին զետեղել Language Interface Pack-ը»,-ասել է Գրիգորի Բարսեղյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում: Նա նշել է, որ հայերեն լեզվով տեքստերի սփելչեկերը կընդգրկվի Microsoft -ի գրասենյակային փաթեթի նոր վարկածում:
Հայերենի «Armenian PowerSpell 2009» սփելչեկերը ստուգում է հայերեն տեքստի ուղղագրությունը ինչպես Unicode-ում, այնպես էլ նախորդ ANSI կոդի համակարգում: Այսօրվա դրությամբ սա ուղղագրությունը սրբագրող առավել լիարժեք փաթեթն է, որը հնարավորություն է տալիս սրբագրել շուրջ 570 000 բառ եւ բառաձեւ: Ծրագիրը նախատեսում է նաեւ քերականության ընդհանուր ստուգում: Ծրագրի առավելությունն այն է նաեւ, որ այն աշխատաում է Microsoft Word-ի բոլոր վերջին վարկածների հետ, ի տարբերություն Microsoft Language Pack-ի, որն աշխատում է միայն Office-2007 ձեւաչափի մեջ:
Ծրագրի ամենամեծ թերությունը նրա արժեքն է` 7-օրյա անվճար ճանաչողական օգտագործումից հետո, օգտվողները պետք է 9000 դրամ (մոտ 24 դոլար) վճարեն մեկ տարվա լիցենզիայի համար: Ծրագիրը նաեւ չի կատարում MS Word ֆունկցիան` չի սրբագրում ուղղագրությունը տեքստի ներբեռնման դեպքում, ինչը մի փոքր դանդաղեցնում է համակարգի աշխատանքը:
Ծրագիրը գործարկվել է նախորդ գարնանից, եւ, չնայած նոր ապրանքի գովազդի բացակայությանը, ըստ ծրագրային ապահովման հեղինակ` ծրագրավորող Արման Բոշյանի, PowerSpell-ը շատ լավ է վաճառվում, արտոնված վարկածը ձեռք են բերել շուրջ 10 000 օգտվողներ, այդ թվում բազմաթիվ հրատարակչություններ ու զանգվածային լրատվության միջոցներ:
Հայերեն լեզվով էլեկտրոնային տեքստի ուղղագրության սրբագրման անվճար տարբերակը Open Office 1.1-ի հայերեն տեղայնացման մի մասն է, այն թողարկվել է դեռեւս 2004 թվականին, սակայն այնուհետեւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) ստիպված եղավ դադարեցնել նախագիծը ռեսուրսների պակասի պատճառով: Այդ նախագծի արտադրյալ ծրագրերը շարունակում են այդ նախաձեռնությունը բաց կոդով տարբեր նախագծերի շրջանակներում:
Open Office-ի վերջին տարբերակի ՏՏ գծով խորհրդատու Ալեքսեյ Չալաբյանն ասում է, որ իրեն հարկավոր է միայն կամավորների, ցանկալի է` բանասիրական բաժանմունքների ուսանողների օգնությունը, շուրջ 45 000 բառ սփելչեկերի բառարանում զետեղելու նախագծի աշխատանքային կոդը բաց կոդով ներկայացնելու համար, ինչը հնարավորություն կտա անվճար ներբեռնել ծրագիրը բոլոր նրանց, ով դրա կարիքն ունի: Ծրագրի բետա-վարկածը գործում է Open Office Writer-ում, այն առնվազն նույնքան հաջողված է, որքան Microsoft-ի սփելչեկերը, եւ, կարծես, ավելի լավ է հայտնաբերում սխալները, քանի որ ալգոռիթմը «ճանաչում է» ինչպես բառերը, այնպես էլ` բառաձեւերը:
Բաց կոդով այդ ծրագրի մշակման աշխատանքը չափազանց կարեւորվում է, քանի որ այն ապագայում կարող է ուղղություն տալ մի շարք այլ ծրագրերի համար, ինչպես, օրինակ, Firefix Mozilla վեբ բրաուզերի, Thunderbird փոստային հաճախորդի, մի շարք բաց ելքային տեքստային պրոցեսորների համար, սկսած հաղորդակցությունների վայրկյանական փոխանակումից, մինչեւ` օնլայն խմբագիր:
Ալեքսեյ Չալաբյանը լավատեսորեն է տրամադրված: Ըստ նրա, բաց կոդով սփելչեկերի մշակման նախագիծը հնարավոր է ավարտին հասցնել մոտ ապագայում: