Նույն ժամանակահատվածում բջջային կապի ծառայությունների տրամադրումից ստացված շահույթը կազմել է 105 766.6 մլն դրամ, իսկ ստացիոնար հեռախոսակապից՝ 40 341.2 մլն դրամ:
Փետրվարի 2-ին երեւանյան խանութներից մեկում 19-ամյա Լուսինե Հարությունյանը, ձեռք բերելով բջջային կապի Orange-Արմենիա ընկերության «Խոսենք» ծառայության SIM քարտը, դարձավ ընկերության 200 000-րդ բաժանորդը:
Այդ առնչությամբ ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան նվերներ հանձնեց հոբելյանական հաճախորդին` նոութբուք համակարգիչ եւ «Ինտերնետ Հիմա» սակագնային փաթեթով միացում համացանցին:
Այս առիթով լրագրողների հետ հանդիպմանը Դյութուան նաեւ հայտարարեց, որ բաժանորդների թվի վերաբերյալ գրանցված արդյունքները գերազանցեցին ընկերության ակնկալիքները 10 տոկոսով:
«Ֆրանս Տելեկոմ խմբի» ապրանքանիշը հանդիսացող Orange-ը Հայաստանում շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ է մատուցում 2009թ. նոյեմբերի 5-ից, եւ այս ընթացքում բաժանորդների թվով գրավել է բջջային կապի շուկայի մոտ 7 տոկոսը: Այս ցուցանիշով առաջատարը շարունակում է մնալ «ՎիվաՍելլ-ՄՏՍ» ապրանքանիշը, որը 2009-ի դեկտեմբերի դրությամբ ուներ 2 միլիոն 70 հազար բաժանորդ, որին հաջորդում է «Բիլայն» ընկերությունը՝ ավելի քան 502 հազար ակտիվ բաժանորդներով ( 2009-ի երրորդ եռամսյակ):
Շաբաթասկզբին մեկնարկեց Orange-ի նոր «Անվճար րոպեներ քո եւ քո ընկերների համար» առաջարկը, որը ուժի մեջ է մինչեւ փետրվարի 28-ը եւ նպատակ ունի խրախուսել նոր բաժանորդների միացումը այս բջջային օպերատորի ցանցին: Այդ ընթացքում ինչպես ներկայիս, այնպես էլ նոր միացող բաժանորդները կարող են հրավիրել իրենց ընկերներին միանալ Orange-ին եւ յուրաքանչյուր նոր ընկերոջ հետ ստանալ 300-ական անվճար րոպե Orange-ի ցանցում զանգեր կատարելու համար:
Այս շաբաթ նոր առաջարկությամբ հանդես եկավ նաեւ Beeline ապրանքանիշը ներկայացնող «ԱրմենՏել» ընկերությունը՝ կրկնապատկելով «Քեզ համար-էքսկլուզիվ» սակագնային պլանի մեկնարկային հաշվեկշիռը եւ այն հասցնելով 200-ից 400 դրամի:
Ինչպես PanARMENIAN.Net-ին հայտնեցին «ԱրմենՏել» ՓԲԸ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս սակագնային պլանը, որը տարբերվում է բջջային ու ֆիքսված ցանցերում զանգերի, ինչպես նաեւ տվյալների փոխանցման ծառայությունների հավասարակշռված գներով, զգալի դեր է խաղացել տարվա վերջին Beeline-ի բաժանորդների թվի ավելացման մեջ:
***
Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012 թվականի հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ:
Փետրվարի 4-ին կայացել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստը: Նիստը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նրա փոխանցմամբ, աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգ:
Համակարգի ներդրումը հնարավորություն կտա տնտեսվարող սուբյեկտներին, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին աշխատել էլեկտրոնային հաղորդակցության միջոցով: Ենթադրվում է, որ համակարգի ներդրումը կհանգեցնի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը, ավելորդ թղթատարության վերացմանը, բյուրոկրատական քաշքշուկների նվազեցմանը:
Միեւնույն ժամանակ, պաշտոնական գրագրությունը էլեկտրոնային հաղորդակցության միջոցով վարելու դեպքում կարիք է առաջանում ապահովել փոխանցվող տվյալների պաշտպանությունը: Այս նպատակով աշխատանքային խումբը պատրաստվում է մշակել եւ կառավարություն ներկայացնել «Տվյալների շտեմարանների մասին» եւ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրինագծերը:
***
Business Software Alliance եւ IDC Global Software ամերիկյան ընկերությունների ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանը շարունակում է մնալ ոչ լիցենզավորված արտադրանքի խոշորագույն սպառողներից մեկը աշխարհում` Վրաստանի, Բանգլադեշի եւ Զիմբաբվեի հետ մեկտեղ: Տարբեր գնահատականներով, Հայաստանում օգտագործվող ծրագրային ապահովման ավելի քան 90 տոկոսը համապատասխան լիցենզիա չունի:
Մասնավորապես, Microsoft ընկերությունը տարեկան մինչեւ 50 մլն դոլար է կորցնում հայկական շուկայում ծրագրային ոչ լիցենզավորված արտադրանքի պատճառով: Այս մասին հայտարարել է Հայաստանում Microsoft ընկերության ներկայացուցչության տնօրեն Գրիգոր Բարսեղյանը: Microsoft-ի ներկայացուցչի խոսքերով, դա նշանակում է, որ համապատասխանաբար չեն վճարվում նաեւ պետությանը հասանելիք հարկերը: Նախորդ տարվա վերջում Microsoft ընկերությունը ներկայացրել է ոչ լիցենզավորված ծրագրերի պատճենների դեմ պայքարի ծրագիր:
«Այդ ծրագիրը լուրջ քննարկումների թեմա դարձավ էկոնոմիկայի նախարարությունում, որոնց արդյունքում ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվեց միջգերատեսչական հանձնաժողովը», - PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել է Գրիգոր Բարսեղյանը: Ըստ նրա, հանձնաժողովը քննարկում է օրենսդրության մեջ գոյություն ունեցող խնդիրները, միջազգային համագործակցության եւ հեղինակային իրավունքի պաշտպանությանը վերաբերող հարցերը:
Ուշագրավ է, որ Microsoft ընկերության տվյալներով, ՀՀ պետական կառույցների համակարգիչների միայն 30%-ն ունի լիցենզավորված ծրագրային ապահովում:
***
Վերջին օրերին Հայաստանում, ինչպես նաեւ ամբողջ աշխարհում, մեծ հետաքրքրություն է առաջացրել ամերիկյան Apple Macintosh ընկերության նոր առաջարկը` iPad դյուրակիր համակարգիչը:
Հայաստանում Apple Macintosh ներկայացուցչության տնօրեն Էռնեստ Մարդոյանը PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է, որ Հայաստանում iPad համակարգիչների գինը ԱՄՆ-ում հայտարարված գնից՝ 500 դոլար, ավելի կլինի մոտ 1.5 անգամ:
«Ամբողջ աշխարհն է սպասում iPad -ի վաճառքին», - ասել է Էռնեստ Մարդոյանը: Նա դժվարացել է ստույգ ժամկետ նշել, թե երբ նորույթը Հայաստանում կհայտնվի:
Ըստ պաշտոնական հայտարարությունների, ԱՄՆ-ում iPad -ը վաճառքի դուրս կգա երկու ամիս հետո:
***
Անցած տարվա նոյեմբերից Հայաստանում հնարավորություն է ստեղծվել ճանապարհային ոստիկանության սահմանած տուգանքները վճարել Telcell ընկերության շուրջ 300 վճարային տերմինալ-սարքերի միջոցով: Այս ընթացքում, ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշել է Telcell ընկերության մարքեթինգի գծով տնօրեն Սերգեյ Հյուսնունցը, առաջարկվող նոր ծառայությունից օգտվել է 1800 մարդ:
Նոր ծառայության շնորհիվ տուգանքի վճարումը տեւում է ընդամենը 2 րոպե, իսկ վճարման լրացուցիչ հաստատում հարկավոր չէ (այսինքն, հարկավոր չէ անդորրագիրը ներկայացնել ոստիկանություն, ինչը անհրաժեշտ պայման էր բանկային փոխանցման միջոցով վճարում կատարելիս): Վճարումը կատարելուց հետո վճարողը բջջային հեռախոսով այդ փաստը հավաստող SMS-հաղորդագրություն է ստանում: