Դպրոցի կառուցման ծրագիրը իրականացվել է «Save the children» կազմակերպությունը` Լինսի հիմնադրամի եւ ԼՂՀ կառավարության ֆինսավորմամբ. Արցախի կառավարությունը ներդրել է ծրագրի ողջ արժեքի շուրջ մեկ քառորդը:
Ինչպես դպրոցի բացման արարողության ժամանակ նշեց Լինսի հիմնադրամի փոխնախագահ Հարութ Սասունյանը, կրթօջախի կառուցման համար տարվել է մեծ աշխատանք: «Մեր նոր երիտասարդ սերունդը մեր ամենաթանկ ռեսուրսն է եւ մեր կատարած աշխատանքից առավել կարեւոր է լինելու դպրոցի ուսուցչակազմի եւ աշակերտության աշխատանքը, որը կօգնի նրանց լինել լավ քաղաքացիներ ու պաշտպաններ մեր հերոսական Արցախի համար: Արցախի ժողովուրդն իր պայքարում միայնակ չէ: Աշխարհասփյուռ 10 միլիոն հայերը ձեր կողքին են»,- ասաց Հարութ Սասունյանը:
Ստեփանակերտի թիվ 1 դպրոցը նախկինում տեղակայված էր 1960-ական թվականներին կառուցված երկհարկանի կառույցում: Սա Ստեփանակերտի ամենահին ու ամենամեծ դպրոցն է, որտեղ ներկայումս սովորում է ավելի քան 1000 աշակերտ, գրեթե կրկնակի անգամ ավելի շատ, քան թույլ են տալիս շենքային պայմանները:
Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում նշեց դպրոցի տնօրեն Ռոմելա Դադայանը, շենքային պայմանների բացակայության պայմաններում դպրոցը ստիպված էր աշխատել 2 հերթով, ինչը մեծապես խոչընդոտում էր կրթական գործընթացին եւ անհարմարություն պատճառում աշակերտներին: «Մենք անչափ տպավորված ենք, առավել եւս նկատի ունենալով այն հանգամանքը, որ դպրոցի բացումը եղավ մեր կրթօջախի հոբելյանական տարում: Այս տարի լրանում է մեր դպրոցի ստեղծման 85 տարեդարձը եւ սա մեզ համար իսկական նվեր է»,- ընդգծեց դպրոցի տնօրենը: Նա տեղեկացրեց, որ դպրոցի նոր մասնաշենքում կսովորի 350-ից ավել աշակերտ, իսկ մյուսները կշարունակեն իրենց ուսումը դպրոցի մյուս մասնաշենքում: «Կսպասենք նոր բարերարների, որոնք կօգնեն կառուցել մյուս մասնաշենքը: Հուսով ենք, որ դա չի ուշանա»,- հույս հայտնեց Ռոմելա Դադայան:
Դպրոցի նորակառույց շենքը քառահարկ կառույց է, որը համապատասխանում է ժամանակակից կրթական պահանջներին: Դպրոցն ունի ուսուչանոց, 18 դասասենյակ, նախադպրոցական կրթության 2 սենյակ, 8 սանհանգույց, սպորտային դահլիճ:
«Save the children» կազմակերպության հայաստանյան գրասենյակը իրականացրել է Հայաստանում ավելի քան $47 միլիոն արժողությամբ վերականգնման եւ զարգացման ծրագրեր` օգնելով հանրապետության երեխաներին եւ նրանց ընտանիքներին: Կազմակերպությունն աշխատել է Հայաստանի բոլոր մարզերում` մշակելով եւ իրականացնելով ավելի քան 600 ծրագիր: