ՀՀ կառավարության նշյալ որոշմանն ու համաձայնությանը հետեւած հասարակության դժգոհության ալիքին զուգահեռվեց ՙՄոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի տեղում V-VI դարերից մինչ խորհրդայնացումը կանգուն եղեծ Ս. Պողոս-Պետրոս եկեղեցին վերականգնելու մասին գաղափարն առաջ քաշվեց։ Ճարտարապետությունից շատ հեռու մարդիկ անգամ փաստեցին.ՙՎերականգնման մասին խոսք լինել չի կարող, երբ այդ կառույցից քարաբեկոր անգամ չի պահպանվել՚։ Հակադարձումն եղավ պատմական արդարության վերականգնման մասին խոսք ու զրույցը, բայց ակնհայտ է, քանդելով՝ չես վերականգնի։ Մասնագետներն ապացուցեցին, որ տվյալ տեղում եկեղեցի կառուցելու համար տարածքն անբավարար է եւ ստիպելու է գաղափարն իրականցնելու դեպքում աշխատել ոչ միայն քաղաքաշինության, այլեւ հայոց եկեղեցաշինության կատարելության հասնող չափորոշիչներին լիովին անհամապատասխան։ Սկսեցին զարգացնել մատուռ կառուցելու գաղափարը։
Այս խնդրի հանդեպ հետաքրքրություն դրսեւորած ու կողմնորոշում ունեցող մարդիկ բաժանվել խմբերի ու նժարներին են դրել դահլիճի եւ եկեղեցու ճարտարապետական արժեքը։ Երկու կողմերն էլ համառորեն պնդում են սեփական ճշմարտացիությունը՝ չհեռանալով կառույցների ճարտարապետական արժեքի քննարկումից։ Մինչդեռ կառավարությունն ու եկեղեցին արդեն խուսափում են հրապարակայնորեն իրենց մոտեցումն այս հարցին ներկայացնելուց, իսկ Հայաստանում ու դրանից դուրս հեղինակություն ունեցող արվեսի ու գիտության գործիչ չմնաց, որ դեմ չարտահայտվի այդ գաղափարին։ Եւ այսպես Սոս Սարգսյանը ճշգրտեց.ՙՔանդելով՝ չես կառուցի՚, Երվանդ Մանարյանն ընդգծեց.ՙԴա շառլատանություն է՚, Ռուբեն Հախվերդյանն հաստատեց.ՙՍա բարբարոսություն է, որ գուցե ուժով իրականցնեն՚։ Մյուսների կարծիքներն համանման էին։ Հակառակ թեւից Արմեն Մազմանյանը հայտարարեց.ՙԷդ բոլորի աչքի առաջ քանդեցին հին Երեւանի երկհարկանի շենքերը, լռեցին՝ օլիգարխներն էին մասնակից, հիմա եկեղեցուն ընդդիմանալն հեշտ է՚։
Իսկ եկեղեցին հայտարարել է իր ազնիվ նպատակը՝ վերականգնել հավատի այն մակարդակը, որ եղել է նախքան խորհրդայնացումը ծխական քահանայի ու ծխական եկեղեցու ինստիտուտների ակտիվացմամբ, պարզապես բարերարը մտադրություն է հայտնել այդ տեղում եկեղեցի կառուցելու։ Եւ ուրեմն եկեղեցուն ընդդիմանալու խնդիր չկա, հարկ է պարզել, թե այդ որ ՙբարերին՚ է տրվել ՙցանկությունդ ի կատար՚ կամ ՙի թողություն մեղքերիդ ՚ օրհնությունը, ի հաշիվ երեւանաբնակին եւս մի անպարպելի կարոտ նվիրելու, Երեւանն ու երեւանցուն օտարելու։ Չէ որ Երեւանն հյուրանոց չէ, որ առանց հիշողության էլ դուր գա, էլ չասենք սիրելի լինի հայության համար։