Նման “լուսավոր” վիճակագրական տվյալները մթագնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան` հայտարարելով, որ հարկահավաքության մակարդակի հարաբերակցությունը ՀՆԱ-ի ծավալների հետ, Հայաստանում ավելի փոքր է, քան աֆրիկյան երկրներում: ԱՄՀ ներկայացուցիչը ափսոսանք հայտնեց, որ Հայաստանի կառավարության հարկային վարչարարության համակարգի բարելավմանն ուղղված ձեռնարկած միջոցներն ակնկալվող արդյունքը չտվեցին, իսկ իրականացվող բարեփոխումների մի մասը դանդաղ էր առաջ ընթանում: ԱՄՀ-ն, մասնավորապես, կիսում է իշխանությունների մտահոգությունը, կապված խոշոր բիզնեսից հարկահավաքության ցածր մակարդակի հետ և խորհուրդ է տվել ակտիվացնել Հայաստանի Պետեկամուտների կոմիտեի գործունեությունը, որը զբաղվում է խոշոր հարկատուներով:
Այդ մտահոգությունն անդրադարձավ խոշոր բիզնեսի հանդեպ վերահսկողության խստացմամբ: Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ լիովին համաձայն է այն քննադատության հետ, որ կառավարությունը պատշաճ կերպով չի հետևում խոշոր գործարարների գործունեությանը, ինչն էլ իր հերթին խոչընդոտում է փորք ու միջին ձեռնարկատիրության զարգացմանն երկրում: Տ.Սարգսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ ճգնաժամի պայմաններում հարկային հիմնական բեռն ընկավ ՓՄՁ-ի, ոչ թե խոշոր գործարարների վրա: Հաշվի առնելով հարկահավաքության վիճակագրությունը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում, ՓՄՁ շատ օբյեկտներ կարող են չդիմանալ այդ “բեռին” և փակվել, այն դեպքում, երբ տարիներ շարունակ կառավարությունը փորձում է հարկային դաշտ բերել խոշոր գործարարներին: Այս առնչությամբ վարչապետը խոստովանել է, որ երկու տարում իրականացված միջոցառումները բավարար արդյունք չեն տվել:
Ապրիլի 1-ի դրությամբ ՀՀ ֆինանսների նախարարությունն արդեն ներկայացրել է 285 առավել խոշոր հարկատուների ցուցակը (ցուցակը ճշտվելու է), որոնց տարեկան եկամուտը 2009-ին կազմել է 1 մլրդ դրամից ավելի: Այդ առնչությամբ առաջին անգամ հրապարակվել է անկախ արտաքին աուդիտի եզրակացությունն այդ հարկատուների գործունեության վերաբերյալ: Եզրակցության հրապարակումը թույլ կտա հանրությանը հետևել այդ տնտեսվարող սուբյեկտների գործունեությանը, ինչպես նաև` պետմարմինների գործունեությանը, “որպեսզի ոչ մի պատգամավոր կամ նախարար սեփական բիզնես չունենա”:
Հայաստանում, կարծես թե վաղուց արդեն ոչ մի նախարար ու պատգամավոր սեփական բիզնես չունի, փոխարենը` նրանց “հեռավոր ազգականներին են” պատկանում խոշոր ընկերությունները, որոնք պետական իշխանության այդ նույն ներկայացուցիչները փորձում են բերել հարկային դաշտ:
Խնդիրը, որ իրենց առջև դրել են Հայաստանի պետմարմինների ներկայացուցիչները` թափանցիկ դարձնել երկրի խոշոր գործարարների գործունեությունը, դժվար խնդիր է, սակայն առավել դժվար կլինի համոզել հայ հանրությանը, որ այդ գործունեությունը թափանցիկ է: