Եթե անտեսենք կողմ և դեմ շատ գործոններ, ապա ըստ համամարդկային չափանիշների, ԱՄՆ-ն պետք է ասի այն, ինչ վաղուց արդեն բոլորը գիտեն: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ բառեզրից աշխարհում ոչինչ չի փոխվի, բուն Թուրքիայում` ևս: Ուղղակի Ամերիկան, իսկ ավելի ճիշտ նախկին վարչակազմը, թույլ տվեցին Անկարային անել ինչ նա ցանկանում էր, այդ թվում նաև` թելադրել հայերի հետ վարվելու կարգը: Ամբողջ խնդիրը նրանում է, որ Օբաման այժմ ստիպված է “շտկել” Բուշի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում և Ասիայում: Եվ նա դիմում է մեկ այլ ծայրահեղության. չի ցանկանում սատարել Իսրայելին և ուզում է “ընկերություն անել” մահմեդական երկրների հետ: Եվ դա այն դեպքում, երբ Բուշի սանձազերծած ոչ մի հակամարտություն մինչ օրս չի կարգավորվել: Մի խոսքով, ծանր ժառանգություն, որին գումարվեց նաև ճգնաժամը: Եվ այդ բարդ իրավիճակում հայերը պահանջում են, որ ԱՄՆ նախագահն ասի, որ 1915 թվականին Ցեղասպանություն է եղել….
Ինչ վերաբերում է Անկարային, ապա նա ճիշտ է գործում, այսինքն, կարծում է, թե ճիշտ է գործում, թեև իրականում այդպես չէ: Ճշմարտությունն այն է, որ չնայած Թուրքիայի ԱԳ նախարարի ու վարչապետի հավաստիացումներին`”կարգավորել հարաբերությունները, հարևան լինելով հարուստ ու բարգավաճ Հայաստանին”, զուտ խոսքեր են մնում: Իրականում Անկարան չի ցանկանում ոչ մի ընդհանուր բան ունենալ այն երկրի հետ, որի բնակչությունը նա վայրագաբար ոչնչացրեց 95 տարի առաջ: Երբ անցյալ տարի ապրիլի 23-ին հայ ժողովրդին ներկայացրեցին հայ-թուրքական համաձայնության տեքստը, որն էլ օգոստոսի 31-ին վերածվեց Արձանագրությունների, որոնք ստորագրվեցին հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում, ազգի մեծամասնությունը համարեց դա վիրավորանք, ինչը հեռու չէ ճշմարտությունից: Սակայն այժմ, գրեթե մեկ տարի անց, մենք մտածում ենք, թե ինչ “անակնկալ” կմատուցեն մեզ տերությունները, որոնք շահագրգիռ են Թուրքիային ու Ադրբեջանին զսպելու և Հայաստանին ամբողջությամբ դեպի Արևմուտք վերակողմնորոշելու համար: Դա այն “շատ վատն է”, ինչ կարող է պատահել, եթե Օբաման այնուամենայնիվ արտասանի “ցեղասպանություն” բառը: Ճիշտ է, այն հույսը, որ ԱՄՆ նախագահը վճռականություն կունենա ասելու այն, ինչ ակնկալում է նրանից ԱՄՆ հայ համայնքը, աղոտ է, սակայն ով գիտի, թե ի՞նչ կարող է պահանջվել Ամերիկային տարածաշրջանում մեկ շաբաթից: Եթե Սպիտակ տանն այնուամենայնիվ որոշեն, որ Թուրքիան անփոխարինելի ռազմավարական դաշնակից է և պետք չէ հիմա վիճաբանել նրա հետ, ապա ամեն ինչ պարզ է: Իսկ եթե ոչ` ապա Հայաստանը պետք է պատրաստվի Ադրբեջանի հետ պատերազմի:
Սակայն, դեռ մտածելու և հասկանալու համար ժամանակ կա` ինչն է առավել կարևոր` ճանաչել այն, ինչի մասին բոլորն արդեն գիտեն, թե արխիվները բացելն ու տրիբունալ պահանջելը: Բայց ո՞մ դատեն: Թուրքիա պետությանը դատելն անհնար է, քանի որ ժամանակակից Թուրքիան, իր իսկ խոսքերով, պատասխանատու չէ Օսմանյան կայսրության, առավել ևս երիտթուրքերի համար: Ի դեպ, վերջիններին ռազմական դատարանն արդեն դատել է 1919 թվականին և մահապատժի դատապարտել` “Թուրքիային համաշխարհային պատերազմ ներքաշելու և հայ ժողովրդի ոչնչացման համար”:
Օսմանյան արխիվներում վաղուց արդեն ոչինչ չկա` փաստաթղթերի մեծ մասը ոչնչացվեց հենց 1918 թվականին, իսկ այն, ինչ հաջողվեց փորկել և ուղարկել ԱՄՆ Կոնգրեսի գրադարան, Հենրի Մորգենթաուի անձնական ավանդն է: Նույնը կարելի է ասել նաև եվրոպական արխիվներում հայտնված փաստաթղթերի մասին:
Սակայն, ամենատհաճն այն է, և այդ մասին շատ ենք գրել, որ ժողովրդի ողբերգությունը դարձավ միակ հաղթաթուղթը աշխարհի հետ գրեթե 1 դար տևող դիմակայության մեջ: