Ստեղծված վիճակով մտահոգ ֆինանսների նախարարությունն իր կայքում հիշեցում է զետեղել այն մասին, որ ըստ ՀՀ “Հաշվապահության մասին” օրենքի խոշորագույն ընկերությունները, որոնց եկամուտները 2009թ. գերազանցել են 1 մլրդ դրամը, իրենց ֆինանսական հաշվետվությունը աուդիտորական եզրակացության հետ միասին պետք է հրապարակեն մինչև 2010թ. հուլիսի 1-ը: Սակայն, ցուցանիշները մտահոգիչ են. հարկային մարմինների կողմից կատարած հարկային ստուգումների ընդհանուր քանակը 2009թ. ավելացել է 82 տոկոսով, մինչդեռ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները նվազել են 25 տոկոսով։ Այդ թվում, խոշոր հարկատուների մոտ` 30 տոկսով, մինչեւ 58 մլն դրամ շրջանառություն ունեցող հարկատուների մոտ` 70 տոկոսով, իսկ մյուս բոլոր հարկատուների մոտ 250 տոկոսով։ Միեւնույն ժամանակ հարկատուների երեք խմբերի մոտ ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված վճարման գումարները նախորդ տարվա հետ համեմատած նվազել են 2-3 անգամ։
Այստեղից պարզ է դառնում, որ ստուգումների արդյունքում առաջադրված լրացուցիչ գումարներ-վճարված հարկեր հարաբերակցությունը խոշոր հարկատուների մոտ 4 անգամ պակաս է, քան մյուս բոլոր հարկատուների մոտ։ Ընդ որում, այդ տարբերությունը 2008թ. աճել է 3.8 անգամ, 2009 թ.` 4.6 անգամ։ Ստացվում է, որ կառավարությունը շատ ավելի մեղմ մոտեցում ունի խոշոր հարկատուների հանդեպ, քան` փոքր:
Հարկային տեսուչների այցերը հաճախ “ուսումնասիրող” բնույթ են կրում, սակայն նման ստուգումների կարող են դիմանալ միայն խոշոր հարկատուները, սակայն, ոչ` ՓՄՁ-ները: Այստեղից էլ առաջանում է անվստահություն պետության և բարեփոխումների, պետության նկատմամբ դժգոհությունը։ ՓՄՁ-ների դժգոհությունն աճում է, առավել ևս բարդ տնտեսական պայմաններում, երբ ՓՄՁ-ները պետության աջակցության, ոչ թե` հսկողության խստացման կարիք ունեն: Կառավարության վարած ընդլայնված մակրոտնտեսական քաղաքականության արդյունքում 2010թ. առաջին եռամսյակում արդեն էկոնոմիկայի վերականգնման դրական միտումներ են գրանցվել, սակայն եթե դրանք աջակցություն չստանան միկրոմակարդակում, հազիվ թե կառավարությանը հաջողվի կատարել ծրագրերի գերակատարման խոստումը: