Ելույթ ունենալով կառավարության նիստումէ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդգծեց, որ կառավարությունը պետք է հետեւողական շարունակի աշխատանքներն այդ ուղղությամբ եւ ավելի շատ պետք է կենտրոնանա ոչ թե 2010 թ. տնտեսական աճի վրա, այլ որոշի, թե ինչ միջոցառումներ պետք է իրականացվեն, որպեսզի 2011-2012 թթ. այս աճի բարձր տեմպերը կարողանանք պահպանել: Տնտեսական աճի բարձր տեմպերը Հայաստանում անտարբեր չեն թողել նաև Արժույթի միջազգային հիմնադրամին, որը վերանայել է իր կանխատեսումներն երկրի ՀՆԱ-ի վերաբերյալ և այժմ կանխատեսում է 4 տոկոս աճ: Բացի այդ, ըստ ԱՄՀ առաքելության ղեկավարի, գնաճի տեմպերը կրճատման միտում ունեն, սակայն նրա մակարդակը 2010 թվականին կկազմի 6 տոկոս:
Սակայն ընթացիկ տարում Հայաստանի տնտեսական քաղաքականության կարևորագույն խնդիրներից մեկը պետք է լինի գնաճի զսպումը, որն ընթացիկ տարվա հունվար-ապրիլին կազմեց 8 տոկոս` 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս ուղղությամբ կառավարությունն արդեն իսկ քայլեր է ձեռնարկել` անցնելով բավականին խիստ դրամավարկային քաղաքականության: Բոլոր ձեռնարկված քայլերն ուղղված են պետբյուջեի դեֆիցիտի կրճատմանը, որն այս տարի կազմում է 193 մլրդ դրամ: Տնտեսական ակտիվությանն աջակցելու նպատակով երկրի իշխանությունները մտադիր են զարգացնել ֆինանսական միջնորդությունը, ինչը կնպաստի տնտեսական աճի տեմպերի պահպանմանն ու առաջընթաց կապահովի երկրում աղքատության կրճատման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է բանկային հատվածին, ապա ըստ ԱՄՀ-ի, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում Հայաստանի բանկային համակարգը կայուն մնաց: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի բանկերի միության նախկին նախագահ Էմիլ Սողոմոնյանը, այսօրվա դրությամբ ԿԲ-ն ու Հայաստանի առևտրային բանկերը համախմբվել են, ինչը շուկայի պահանջն էր: Տնտեսությունը դուրս է գալիս ճգնաժամից, շուկայում նկատվում են տնտեսության իրական հատվածի վարկավորման ակտիվացման միտումներ և տոկոսադրույքների նվազում:
Այլ կարծիքի է Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նա չի բացառել, որ համաշխարհային ճգնաժամը կարող է շարունակվել և նրա նոր ալիքը Հայաստանին կհասնի վեց ամիս անց, և այն ավելի ուժգին կլինի: «Ճգնաժամի նոր ալիքը Հայաստան կհասնի 2010 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին»,-ասել է նա: Ինչ վերաբերում է մակրոտնտեսական կանխատեսումների վերանայմանը, ապա տնտեսագետը տարակուսում է, թե ինչպես կարելի էր այդքան սխալվել կանխատեսումներում: