Շաբաթվա վերջում հայտնի դարձավ, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հունիսի 5-ին հրամանագիր է ստորագրել , որի համաձայն` «Արարատից Սիոն» փաստագրական ֆիլմի ստեղծման համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել են` Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմական խորհրդի անդամ Տեր Մեսրոպ քահանա Արամյանը, «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի տնօրենը, ֆիլմի հեղինակը և պրոդյուսերը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Էդգար Բաղդասարյանը: Կաննի փառատոնի կինոշուկայում ցուցադրվել են հայկական գեղարվեստական ֆիլմեր: «Կաննի կինոփառատոնի մրցութային հիմնական ծրագրին մասնակցելուց առաջ, մենք երկար ճանապարհ պետք է անցնենք: Սակայն այնտեղ չորս ծրագիր կա, որից յուրաքանչյուրին մասնակցելը ազգային տոն պետք է դառնա», - ասել է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը` մայիսի 31-ին տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ: Նա նշել է, որ փառատոնի նպատակը կինոշուկայի փառատոնին մասնակցելն է: Այսպես ավելի մեծ հնարավորություններ են ստեղծվում ֆիլմեր ներկայացնելու և այլ երկրների հետ դրանք փոխանակելու համար:
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանն իր հերթին նշել է, որ հայկական կինոյի հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերել Անգլիայի, Նորվեգիայի, Ռուսաստանի, Հնդկաստանի, Ֆրանսիայի և այլ երկրների կինոընկերությունները: Կաննի կինոփառատոնում ցուցադրվել է հայկական երկու ֆիլմ` Սուրեն Բաբայանի «Մի նայիր հայելուն» և Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ»:
Երևանում հունիսի 2-ին մեկ համերգով ավարտվեց «Ազգային պատկերասրահ» վեցերորդ փառատոնը և անմիջապես հայտարարվեց «Հենրիկ և Հերոնտի Թալալյանների անվ. ալտ և թավջութակ» փառատոնի բացման մասին; Փառատոների կազմակերպիչները նշեցին, որ երաժշտական տոն լինելուց բացի, դրանք նաև հիանալի միջոց են նոր անուններ բացահայտելու համար, ինչն էլ մեծ հաջողությամբ արդեն երկար տարիներ իրականացվում է: «Ալտ և թավջութակ» փառատոնի նպատակը այդ երկու գործիքները ուշադրության արժանացնելն էր:
Այս տարվա հոկտեմբերին կմեկնարկի Աղասի Այվազյանի դրամատուրգիայի թատերական փառատոնը: Ներկայացվելու են թատրոնների խաղացանկերում տեղ գտած ներկայացումները, ինչպես նաև հատուկ մրցույթի համար նախատեսված Ա. Այվազյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ: Փառատոնի հիմնական նպատակը նոր ներկայացումների բեմադրումն է: Սակայն դեռևս լուծված չէ ֆինանսավորման հարցը, քանի որ ՀՀ մշակույթի նախարարությունը շատ քիչ գումար է տրամադրել փառատոնի անցկացման համար:
Փառատոնն անցկացվելու է հոկտեմբերի 18-28-ը, մասնակցելու են մոտ 11 հայկական թատրոններ: Փառատոնը սահմանելու է մրցանակներ, անվանակարգեր, դիպլոմներ: Փառատոնի հանձնաժողովի կազմում են քննադատներ և գրականագետներ, իսկ պատվավոր անդամներն են` Սոս Սարգսյանը, Զորի Բալայանը, Արմեն Ջիգարխանյանը, Պերճ Զեյթունցյանը, Տիգրան Մանսուրյանը և այլք: Հանձնաժողովի նախագահը Հ. Թումանյանի անվան Երևանի պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն է:
Այս տարի մշակութային մի շարք հայ գործիչների հոբելյանն է նշվում: Միջնադարյան ճարտարապետ, մանրանկարիչ և խաչքարերի կերտման վարպետ Մոմիկի 750-ամյակին և Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման հոբելյանական հանձնաժողովի անցյալ շաբաթ տեղի ունեցած նիստի ընթացքում, որը վարում էր հոբելյանական հանձնաժողովի նախագահ, վարչապետ Տիգրան Սարգսյանը, որոշվեց հոբելյանական միջոցառումների ծրագիրը: Մոմիկի հոբելյանի առթիվ միջոցառումների մեծ մասը կանցկացվի նրա ծննդավայրում` Վայոց ձորում: Այնտեղ մեծ վարպետին նվիրված թանգարաններ, ցուցահանդեսներ կբացվեն, կանցկացվեն նկարների և ստեղծագործությունների մրցույթներ: Գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի 150-ամյակին նվիրված ցուցահանդես է նախատեսվում բացել Հայաստանի ազգային պատկերասրահում և հրատարակել նրա աշխատանքների կատալոգը:
Անուշադրության չի մատնվել նաև ռուս մեծ բանաստեղծ Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրը: Հունիսի 6-ին անցկացվեց Պուշկինի պոեզիայի հանրապետական հինգերորդ տոնը` «Բարև, Ալեքսանդր Սերգեևիչ» խորագրով` նվիրված Ա.Ս. Պուշկինի ծննդյան 211- ամյակին: Տոնակատարությունն անցկացվել է Լոռու մարզի Գարգառ գյուղում, Պուշկինի լեռնանցքում:
Հայ և թուրք մասնագետները արևմտահայ գրող, երգիծաբան Հակոբ Պարոնյանին նվիրված գիտաժողով անցկացրին մայիսի 5-ին, Թուրքիայի Բողազիչի համալսարանում: Գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են թուրք և հայ հետազոտողներ, մասնավորապես, պրոֆեսոր Գևորգ Բարդակչյանը` Միչիգանի համալսարանից, «Մեծապատիվ մուրացկաններ» և «Պաղտասար Աղբար» պիեսների թարգմանիչները` Տրապզոնի լեզվի ու թարգմանությունների կենտրոնից, Պարոնյանի ստեղծագործության մասին զեկույցով հանդես է եկել «Ակոս» թերթի աշխատակից Զաքարիա Միլդանօղլուն:
Այսպիսով, հայկական ֆիլմերը շարունակեցին հաղթական արշավն աշխարհի փառատոներում, իսկ արդեն հայտնի ու նոր թատերական և երաժշտական փառատոները հաջողությամբ անցկացվում են Հայաստանում: Միևնույն ժամանակ ակտիվանում են Հայաստանի և այլ երկրների միջև մշակութային միջոցառումների փոխանակումները` մենք հարգանքի տուրք ենք տալիս ու հիշատակման երեկոներ ենք անցկացնում մշակույթի արտասահմանյան գործիչներին նվիրված, իսկ ուրիշ երկրներում հիշատակման ու հարգանքի տուրք են մատուցում մեր գործիչներին: