13 հունիսի 2010 - 16:11 AMT
ՀՈԴՎԱԾ
Օտարալեզու դպրոցների բացումը Հայաստանում. մեկ հարց լուծված է, տասը` ոչ
Իսկական պայքար է ընթանում մայրենի լեզվի և ազգային ինքնությունը պահպանելու համար, «մարտի» են դուրս եկել նաև մտավորականությունը և հասարակ քաղաքացիները
Հայաստանում օտարալեզու դպրոցների բացումը վերջին ամսվա ամենաքննարկվող հարցերից մեկն է դարձել: Եվ որքան ավելի իրական է դառնում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման թույլտվության հեռանկարը, այնքան բարձր են ահազանգում հակառակորդները: «Լեզվի մասին» և «Կրթության մասին» օրենքում փոփոխություններ մտցնելու նախագծի քննարկումից ի վեր խորհրդարանի շենքի մոտ բողոքի ակցիաներով հավաքվում են «Մենք դեմ ենք Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնող խմբի ակտիվիստները:

Խումբը ստեղծվել է Facebook սոցիալական ցանցում: Այժմ նրա անդամ է շուրջ 2,5 հազար մարդ, և օրեցօր նրանց հարում են նոր մարդիկ և մասնագիտական միավորումներ, օրինակ, ԼՂՀ Գրողների միությունը: Նրանց գլխավոր պահանջն է չվերածել հայոց լեզուն բանվորների լեզվի, իսկ օտար լեզուն` գիտության, արվեստի, մտավորականների լեզու: «Մենք դեմ չենք մեր երեխաներին օտար լեզուներ սովորեցնելուն: Մենք դեմ չենք նաև էլիտար դպրոցների ստեղծմանը, որոնք կապահովեն կրթության բարձր մակարդակ, որոնց շրջանավարտները մեր վերնախավը կդառնան: Հարցը նրանում է, թե ինչ լեզվով է խոսելու հայկական վերնախավը»,- ասել է խմբի ակտիվիստ Արամ Ապատյանը: Հիմա իսկական պայքար է ծավալվել մայրենի լեզվի և ազգային ինքնությունը պահպանելու համար և «մարտի» են դուրս եկել գրողներ և դերասաններ, ազգագրագետներ, ռազմական գործիչներ և Հայաստանի հասարակ քաղաքացիներ: Նրանցից յուրաքանչյուրն իր փաստարկներն է բերում Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ` կանխատեսելով հասարակության շերտավորում, ազգային անվտանգության թուլացում և հանրակրթության իրավունք ունեցող քաղաքացիների իրավունքների ոտնահարում:

Մտավորականության մյուս մասը, որը կողմ է օտարալեզու դպրոցների բացմանը և դրանց օգնությամբ ողջ աշխարհի հետ կապեր հաստատելուն, գտնում է, որ 10-15 դպրոցները չեն կարող խաթարել հայերի ազգային ինքնությունը: «Մենք ինքներս ենք այն կորցրել 20 տարի առաջ, երբ ադրբեջանցիները հարձակվեցին մեզ վրա և մենք ստիպված իջանք նրանց մակարդակին` նրանց հետ արյան լեզվով խոսելու համար: Ահա արդեն երկու տասնամյակ մենք չենք կարողանում վերադարռանլ մեր նախկին մակարդակին»,- կարծում է ճարտարապետ Լևոն Իգիթյանը: Ինչ վերաբերում է հայոց լեզվի, գրականության և պատմության խնդրին, ապա նրա կարծիքով, եթե մարդը ցանկանում է սովորել, ապա նրան ոչ ոք չի խանգարի:

«Օտարալեզու դպրոցների խնդրից ավելի շատ ինձ մտահոգում է այն, որ հայերը կորցնում են ազգային արժեքները. չեն հարգում մեծերին, իսկ Մատենադարանի մոտ ցույցերի ժամանակ երիտասարդները կարող են կեղտոտել Մեսրոպ Մաշտոցի արձանը: Գլխավորը, որ նրանցից ոչ ոք նկատողություն չի անում արձանի վրա բարձրացած 17-19 ամյա պատանուն»,- ասել է Լևոն Իգիթյանը:

Սակայն ԱԺ-ում կան կուսակցություններ, որոնք հանդես են գալիս Հայաստանում օտարալեզու դպրոցների բացման դեմ: Դժվար չէ գուշակել, որ առաջին հերթին դա «Դաշնակցություն» կուսակցությունն է: Օրինագիծը ներկա տեսքով չեն ընդունում նաև «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և «Հայաստանի Հանրապետական կուսակցության» որոշ անդամներ:

Հենց այդ պատգամավորները հունիսի 9-ին ԱԺ-ում օրինագիծը քննարկելու ժամանակ պնդում էին, որ այդ դպրոցների բացման դեպքում դպրոցականները սկսեն սովորել օտարալեզու դպրոցներում գոնե 7-րդ դասարանից այդ դպրոցներում հայագիտության բլոկը պահպանելու պայմանով (Հայաստանի պատմության, հայոց լեզվի և գրականության, եկեղեցու պատմության ուսուցումը մայրենի լեզվով):

«Այսօր իրավիճակն ավելի շատ նման է մի շենքի կոսմետիկ վերանորոգման, որի հիմքը քանդվում է»,- կարծում է դերասան Նարեկ Դուրյանը:

Ընդդիմադիր կողմերն ընդհանուր հայտարարի են հանգել միայն մի քանի հարցերում: Չլուծվածներն ավելի շատ են: Կրթության նախարարությունը մտադիր է բացել օտարալեզու դպրոցներ, նրա հակառակորդները խոստանում են «պայքարել աճող ագրեսիվությամբ դա թույլ չտալու համար»:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News