Օրանժ Արմենիան հայտարարեց իր գերարդիական 3G+ ցանցի հզորացման ծավալուն աշխատանքների մասին, որի շնորհիվ շեշտակիորեն բարձրացվել է բաժանորդներին մատուցվող ինտերնետ ծառայությունների որակը: Հունիսի 24-ին մամլո ասուլիսում Orange խմբի Եվրոպայի գծով գործադիր տնօրեն Օլաֆ Սուանտին ասաց, որ ցանցն այժմ նախապատրաստվում է ինտերնետի նոր հեղափոխության` նոր մոդեմների մեկնարկի համար, որոնք համատեղելի են մինչև 14.4 Մբ/վրկ առավելագույն արագություն ապահովող HSPA տեխնոլոգիաների հետ: Այդ նպատակով իրականացվող ցանցի վերազինումն իրականացվում է Orange-ի ամբողջ ծածկույթում` Հայաստանի բոլոր մարզերում: Այս նոր առաջարկը շուկայում կլինի արդեն այս ամռանը:
«Մենք հիացած ենք Հայաստանում Orange-ի արձանագրած առաջընթացով: Սա ոչ միայն մեր ընկերության, այլ նաև Հայաստանի առաջընթացն է, քանի որ շարժական ծառայությունների այն աննախադեպ բարձր որակի չափանիշները և նորարարությունը, որին ականատես եղանք այսօր այստեղ, ապահովում են Հայաստանի առաջատար դիրքերը ոչ միայն այս տարածաշրջանում, այլ անգամ, կարող եմ ասել, համաշխարհային մակարդակով: Օրանժ Արմենիան մեր խմբի համար նորարարությունների դարբնոց է, որի` անգամ այս կարճ ժամանակահատվածում կուտակած փորձը կարող է հաջողությամբ կիրառվել անգամ ավանդապես գերզարգացած շուկաներում», ասաց խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին:
Այս շաբաթ Օրանժ Արմենիան գործարկեց տվյալների ձայնային փոխանցման HD voice տեխնոլոգիան (բարձր հստակության ձայն) Հայաստանում: Ինչպես հունիսի 24-ին լրագրողների հետ հանդիպմանը նշեց Եվրոպայի գծով Օրանժ խմբի գործադիր տնօրեն, Ֆրանս Տելեկոմ Խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին, Հայաստանն ապրանքանիշի ներկայության 42 երկրներից երկրորդն է (Մոլդովայից հետո), որտեղ գործարկվեց այդ տեխնոլոգիան: Հայաստանում տեխնոլոգիայի հաջող կիրառությունից հետո մենք ծրագրում ենք HD voice-ը գործարկել Բելգիայում, Մեծ Բրիտանիայում ու Եվրոպայի այլ երկրներում»,- ասել է Օլաֆ Սուանտին: Ընկերությունը ներկայացրեց նաև HD ձայնի հնարավորություն ունեցող Nokia 6720 Classic հեռախոսը, որն արդեն Հայաստանում է և 125 հազ. դրամ արժեքով վաճառքում է Orange-ի խանութներում: Հետագայում Օրանժ Արմենիան ծրագրում է վաճառքի հանել նաև HD Voice հնարավորություն ունեցող հեռախոսների այլ մոդելներ: Եթե ստանդարտ հեռախոսազանգն իրականացվում է 300-3400 Հց հաճախականային տիրույթում, ապա HD ձայնով հեռախոսազանգն իրականացվում է առավել մեծ` 50-7000 Հց հաճախականային տիրույթում, որի շնորհիվ մարդկային ձայնի և շրջապատող աշխարհի բոլոր նրբերանգները լսելի են դառնում: Ձայնի բարձր որակի ցուցադրման համար Օրանժ Արմենիան առաջին անգամ կազմակերպել էր Կոմիտասի«Լորիկ» և «Շողեր ջան» ստեղծագործությունների կարատումը Վահե Բրուտյանի կողմից թավջութակով:
Հայաստանի ուսումնական հաստատությունները Ինտերնետի միջոցով մուտք կստանան ռուսական գրադարանների ռեսուրսներին: Այդ մասին հունիսի 22-ին կայացած մամլո ասուլիսում հաղորդեց «ԱրմենՏել» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Ուսումնական տարվա սկզբին մենք Հայաստանի բոլոր ուսումնական հաստատություններին մուտք կտրամադրենք Ռուսաստանի մի շարք լուրջ գրադարաններ: Աշխատանքն ավարտական փուլում է, ավարտվել են բանակցությունները բազմաթիվ ռուսական գիտական գրադարանների հետ»,- ասել է Իգոր Կլիմկոն: ՀՀ կրթական հաստատություններին հնարավորություն է ընձեռվում օգտվել Hi-Line ծառայությունից առանց միացման վճարի: ADSL մոդեմը նույնպես կտրամադրվի անվճար: Hi-Line Unlimited 256/64, 512/128 և 1024/256 անսահմանափակ սակագնային փաթեթների ամսավճարը համապատասխանաբար կազմում է 3900, 6000 և 7500 դրամ:
Ընկերությունը կրթական հաստատություններին առաջարկում է օգտվել արտոնյալ պայմաններից 12 ամիս և ավել ժամանակահատվածով: Պայմանագրից վաղաժամկետ հրաժարվելու դեպքում կրթական հաստատությունը կվճարի միայն մոդեմի արժեքը: Արտոնյալ և շուկայում գործող գների տարբերությունը, ինչպես նաև միացման վճարը ընկերության կողմից ետ չի գանձվի:
ՀՀ նախագահը մրցանակ է շնորհել Ինտել կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրեն-տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարեթին «ՏՏ ոլորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար»: «Այս մրցանակը Հայաստանի Հանրապետության համեստ ներդրումն է համաշխարհային մակարդակով տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման գործում: Սրանով մենք պատվում ենք դոկտոր Բարեթին և գնահատում Ինտել կորպորացիայի ներդրումը բարձր տեխնոլոգիաներն ու գիտելիքն աշխարհի բոլոր կողմերը հասցնելու գործում: Մենք խրախուսելու ենք նրանց ուսումն ու աշխատանքն այս ոլորտում, որոնելու և գտնելու ենք դրա համար անհրաժեշտ նոր ուղիներ և միջոցներ», - ասել է նախագահը:
Քրեյգ Բարեթը շնորհակալություն է հայտնել մրցանակի հանձնման կազմակերպիչներին և ՀՀ նախագահին և նշել, որ ներկայացնում է հազարավոր մարդկանց, ովքեր տասնամյակների ընթացքում մեծ նպաստն են բերել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջընթացի հարցում: Քրեյգ Բարեթի խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաներն էապես ազդում են տնտեսական զարգացման, կրթության, առողջապական ոլորտների վրա:
Մրցանակը սահմանվել է 2009 թվականին և Synopsys Armenia-ի նախաձեռնությամբ այն ամեն տարի կշնորհվի ՏՏ ոլորտում եզակի ներդրում ունեցող անձանց: Մրցանակի հանձնման հովանավորներն են Հայաստանի Հանրային հեռուստատեսությունն ու ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Մեդալը պատրաստված է ոսկուց և ադամանդակուռ է: Մեդալի ձևավորման հեղինակն է Վալերի Ռիկերդը, որն աշխատել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի վրա: