3 հուլիսի 2010 - 19:04 AMT
ՀՈԴՎԱԾ
Ղարաբաղյան պատերազմը ռեժիսորի աչքերով
Նա երբեք զենք չէր պահել ձեռքին և չէր մտածել այն մասին, թե ինչ է նրան սպասում, սակայն հստակ գիտեր թե որտեղ պետք է լինի և հանուն ինչի պայքարի
Ռուբեն Հովհաննիսյանը սկսնակ դերասան էր, նա մասնակցում էր Ժողովրդական թատրոնի ներկայացումներին, սակայն պատկերացնել անգամ չէր կարող, որ մի քանի տարի անց կդառնա «Արաբո» ջոկատի մարտիկներից մեկը և կմասնակցի ղարաբաղյան պատերազմին, որն ընդմիշտ փոխեց հայ ժողովրդի կյանքը:

«Գիտեք, մեր ժամանակ շատերը երջանիկ կլինեին գոնե մեկ անգամ կրակել թուրքերի ուղղությամբ: Խորհրդային տարիներին մենք դաստիարակվել ենք հայրենասիրական ոգով, մեզ դուր էր գալիս մոմի լույսի տակ լսել Արթուր Մեսչյանի երգերը, ցավոք, այսօր նման բան չես տեսնի»,-ժպիտով նշեց Հովհաննիսյանը: Ամեն ինչ սկսվեց 1988 թվականի հանրահավաքներից, երբ Հովհաննիսյանը երեք ընկերների` Հրաչի, Մանուկի և Ավետիսի հետ, գիտակցելով, թե ինչ ընթացք կստանան իրադարձությունները, որոշեցին զենք ճարել և որպես կամավորական անդամակցել «Արաբո» ջոկատին: «Մենք ամաչում էինք առանց զենքի գնալ»,-խոստովանեց նա:

Նա երբեք զենք չէր պահել ձեռքին և չէր մտածել այն մասին, թե ինչ է նրան սպասում, սակայն հստակ գիտեր թե որտեղ պետք է լինի և հանուն ինչի պայքարի: «Կարծես, հենց այդպես էլ պետք է լիներ, մենք ուղղակի հաշտվեցինք: Նույնիսկ ամենածանր մարտերի ժամանակ տղաները չէին կորցնում հումորի զգացողությունը և դա մեզ ոգևորում էր: Մենք այլևս չէինք վախենում»,-ասել է նա:

Մեր զրույցը հանկարծ ընդհատեց մի կտրուկ ձայն`միացավ սրճարանի կանաչապատ տարածքի ոռոգման համակարգը, Հովհաննիսյանը բնազդաբար կռացավ: Պատերազմից նույնիսկ այսքան տարի անց կրակոց հիշեցնող ցանկացած ձայն, հիշեցնում է նրան պատերազմը: «Ամենավախենալուն առաջին կրակոցն է, դրանից հետո արդեն սկսում ես ընտելանալ»,-ասել է նա:

Չնայած նրան, որ պատերազմը խլեց Հովհաննիսյանի ընկերներից շատերին և նրա անհոգ երիտասարդությունը, կարելի է ասել, որ հենց ղարաբաղյան շարժման տարիներին նա գտավ ինքն իրեն և մարդկային, և մասնագիտական առումով: «Ես միշտ երազել եմ տեսնել, թե ինչպես են մարտի դաշտում մարտնչել Անդրանիկն ու Նժդեհը: Եվ մարտերից մեկի ժամանակ, երբ ես տեսա, թե ինչպես են կռվում իմ ընկերները, հասկացա, որ նրանք ոչնչով չեն զիջում այդ մեծ մարտիկներին: Այդ պահից ես որոշեցի հետագայում մեր բոլոր մարտերը նկարահանել տեսախցիկով և լուսանկարչական ապարատով, որպեսզի ժողովուրդը ճանաչի իր հերոսներին»,,-ասել է Ռուբեն Հովհաննիսյանը: Պատերազմի տարիներին բարդ էր լավ լուսանկարչական ապարատ գտնել, էլ չասած տեսախցիկի մասին: Երբեմն, նա ստիպված էր լինում ստել իր հարևաններին կամ բարեկամներին` ասելով, թե իրեն տեսախցիկ է հարկավոր հարսանիք կամ տարեդարձ նկարահանելու համար:

Ղարաբաղյան պատերազմի ամենածանր պահերից մեկը Հովհաննիսյանի և նրա ջոկատի համար 1992 թվականի ամառն էր, երբ անհայտ կորան «Արաբո» ջոկատի մարտիկները, նրանց թվում նաև իր ընկերը` Ավետիս Ավետիսյանը: «Ես սնահավատ չեմ, բայց երբ մենք մեկնում էինք Մարդակերտ, երկինքն աստղալից էր, իսկ երբ անցանք ճակատային գիծը, երկինքը միանգամից մթագնեց` կարծես բոլոր աստղերը միանգամից մարեցին»,-ասել է նա: 03:30-ին Ավետիսյանի դասակը պատրաստվում էր շարժվել դեպի Հասան-Հայ: Հովհաննիսյանը ևս պետք է նրանց հետ գնար, նա գերադասում էր միշտ ընկերոջ կողքին լինել` այդ թվում Ավետիսյանի մասնակցությամբ մարտերը նկարահանելու նպատակով: Ըստ նրա, Ավետիսյանը գերազանց մարտիկ էր: «Բայց ինձ ասացին, որ տղաները չեն հարձակվելու, իսկ ես ցանկանում էի նկարահնել հենց հարձակման կադրեր: Ուստի, մեկ այլ ջոկատի հետ ես մեկնեցի Լենինավան: Եթե նման որոշում չկայացվեր, ես այսօր այստեղ չէի լինի»,-դառը ժպիտով ասաց Հովհաննիսյանը: Նրա մոտ նույնիսկ պահպանվել է այն տեսաժապավենը, որտեղ նա հրաժեշտ է տալիս իր ընկերներին: «Մութ էր, ոչինչ չէր երևում, բայց ես շարունակում էի նկարահանել»,-նշել է նա:

Ջոկատի տղաների ճակատագիրը տարիներ շարունակ անհայտ էր մնում և դարձավ հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարի ամենաողբերգական ու խորհրդավոր էջերից մեկը: Եվ միայն երկու տարի առաջ հաղորդագրություն հայտնվեց այն մասին, որ ինտերնետում տեսակադրեր են զետեղված, որտեղ պատկերված են 1992-ի ամռանը ղարաբաղյան Հասան-Հայ գյուղի մոտ սպանված հայ զինվորները:

«Երբ մենք իմացանք, որ մեր ընկերները կորել են, մեր ջոկատի անդամները գնացին Հասան-Հայ`մարմինները բերելու հմար: Սակայն, մեզ հաջողվեց արտաշիրիմել միայն երեքի մարմինները: Ադրբեջանական կողմը մինչ օրս հրաժարվում է հանձնել մեզ մյուս զոհվածների դիակները»,-ասել է Հովհաննիսյանը: Ըստ նրա, այս միջադեպի շատ մանրամասներ դեռ պարզված չեն: «Դեպքեր են եղել, երբ գյուղի համար 3 հոգի է կռվել, և տրամաբանական է, որ կես ժամում չէին կարող զոհվել ջոկատի բոլոր 79 անդամները` հաշվի առնելով նրանց ունեցած զենքը: Հավանաբար, այդ ողբերգությունն ամենամեծ հանելուկներից մեկը կմնա ինձ համար»,-ասել է նա:

Ղարաբաղյան պատերազմից արդեն 16 տարի է անցել, կյանքը ցրել է ընկերներին աշխարհով մեկ` Ավետիսը զոհվել է մարտի դաշտում, Հրաչը բնակվում է ԱՄՆ-ում և միայն մի քանի տարին մեկ է այցելում Հայաստան, Մանուկը` ԶՈւ գնդապետ է, իսկ Ռուբեն Հովհաննիսյանը շարունակում է զբաղվել իր սիրած գործով` ազատամարտիկների մասին փաստագրական ֆիլմեր է նկարահանում և պատրաստվում է հրատարակել «Հեյ-հո» գիրքը «Արաբո» ջոկատի տղաների մասին:

Այն հարցին, թե կմեկնի նա արդյոք որպես կամավոր պատերազմի վերսկսման դեպքում, Հովհաննիսյանը պատասխանեց սեղմ և վստահ. «Իհարկե, կմեկնեմ, ես կարծում եմ, որ մենք պարտք ենք մնացել թուրքերին…»:

Մատնիշյան Մարիամ / PanARMENIAN News