2 հուլիսի 2010 - 11:31 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայաստանի բասկետբոլի կանանց հավաքականը դուրս է եկել Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի կիսաեզրափակիչ
Հունիսի 24-ից հուլիսի 1-ը տեղի ունեցած գլխավոր մարզական իրադարձությունների տեսություն
Հունիսի 23-ին Ջերմուկ քաղաքում կայացել է կանանց չորրորդ ՖԻԴԵ-ի Գրան պրիի բացման արարողությունը: ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը ողջունել է բոլոր հյուրերին և մասնակիցներին, ինչպես նաև մաղթել գեղեցիկ շախմատային պարտիաներ: «Ընդամենը երկու տարի առաջ այս հնագույն խաղի սիրահարները չգիտեին, որ աշխարհի շախմատային քարտեզի վրա կա այսպիսի չքնաղ քաղաք: Հիմա այն հայտնի է աշխարհում որպես շախմատի զարգացման և տարածման կենտրոններից մեկը: Մրցաշարը կարող է դառնալ կանանց շարքում աշխարհի ոչ պաշտոնական առաջնություն»,- նշել է ՖԻԴԵ-ի նախագահը:

ՖԻԴԵ-ի Գրան պրիում արդեն 6 տուր է խաղացվել: Այս տուրում Լիլիթ Մկրտչյանը հաղթել է Մայա Չիբուրդանիձեին (Վրաստան), իսկ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Էլինա Դանիելյանը հանդիպել է Անտոանետա Ստեֆանովայի (Բուլղարիա) հետ և պարտվել է:

Մկրտչյանը հավաքել է 4,5 միավոր և զբաղեցնում է 2-րդ տեղը: Առաջատար Նան Ձագնիձեից (Վրաստան) Մկրտչյանը ետ է մնւմ 1 միավորով: Տատյանա Կոսինցևան (Ռուսաստան) 4 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը:

ՖԻԴԵ-ն հրապարակել է 100 ուժեղագույն շախմատիստների վարկանիշային ցուցակը: Գրոսմայստեր Լևոն Արոնյանը 2783 միավորով 5-րդ տեղում է: Վարկանիշային ցուցակի առաջատարը 2826 միավորով Մագնուս Կառլսենն է (Նորվեգիա), 2-րդ տեղում 2803 միավորով Վեսելին Տոպալովն է (Բուլղարիա), երրորդ տեղում` 2800 միավորով Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան):

Վլադիմիր Հակոբյանը 2691 միավորով զբաղեցնում է 44-րդ տեղը , Գաբրիել Սարգսյանը` 61-րդ տեղը (2673 միավոր): Կանանց շարքում Լիլիթ Մկրտչյանը 30-րդ տեղում է (2468 միավոր), Էլինա Դանիելյանը` 52-րդ (2431) և Լիլիթ Գալոյանը` 78 (2384): Կանանց վարկանիշային ցուցակում առաջատարը 2682 միավորով Յուդիթ Պոլգարն է (Հունգարիա):

Բասկետբոլ. Հունիսի 28-ին «Միկա» մարզահամալիրում մեկնարկեց բասկետբոլի կանանց Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի առաջնությունը: A խմբում Հայաստանի հավաքականը զբաղեցրեց 1 տեղը 6 միավորով` հաղթելով բոլոր 3 խաղերում: 2 տեղը խմբում գրավել է Մոլդովայի հավաքականը:

B խմբում Մալթան առաջատարն է 4 միավորով, երկրորդ տեղում է Շոտլանդիայի հավաքականը: Հուլիսի 2-ին կիսաեզրափակչում կհանդիպեն Հայաստանը և Շոտլանդիան, Մոլդովան և Մալթան:

Ֆուտբոլ. Արման Ամիրխանյանն ու Զավեն Հովհաննիսյանը կսպասարկեն 2011թ. ֆուտբոլի Եվրոպայի մինչև 19 տարեկանների առաջնության 10-րդ ընտրական խմբի հանդիպումները: Մրցաշարը տեղի կունենա 2010 թվականի հոկտեմբերի 6-ից 13-ը Բուլղարիայում: Եվրոպայի առաջնության ուղեգրերը կվիճարկեն Բուլղարիայի, Իռլանդիայի, Սերբիայի, և Լյուքսեմբուրգի ընտրանիները:

Հունիսի 26-ին և 27-ին Հայաստանի Բարձրագույն լիգայում կայացել է 13-րդ տուրը: Առաջին խաղն ավարտվել է ոչ ոքի` 2:2: Իսկ Հայաստանի 2010-ի գավաթակիր «Փյունիկը» կրել է երրորդ պարտությունը` զիջելով «Գանձասարին» (0:1):

Հունիսի 27-ին «Ուլիսը» ջախջախել է «Շիրակին»` 4 անպատասխան գնդակ ուղարկելով Գյումրիի թիմի դարպասը: «Բանանցի» հետ դիմակայությունում «Կիլիկիան» առավել ուժեղ էր «Բանանցից» և հաղթել է 2:0 հաշվով:

Առաջնությունում առաջատարը «Բանանցն» է 32 միավորով, «Ուլիսի» հաշվին կա 29 միավոր, «Փյունիկի»` 26: Իտալիայի Ֆուտբոլի ֆեդերացիան ուշացումով սկսեց զբաղվել օգոստոսի 11-ին կայանալիք ընկերական հանդիպման համար մրցակցի որոնումներով: Այդ իսկ պատճառով իտալացիների ընտրությունը հարուստ չէր. միակ եվրոպական հավաքականը, որի հետ նրանք կկարողանան խաղալ:

Հուլիսի 1-ին «Ուլիս» ֆուտբոլային ակումբը 2010-2011թթ. խաղաշրջանի Եվրոպայի լիգայի առաջին որակավորման փուլում կխաղա «Բնեյ Եհուդայի» հետ (Իսրայել): Հունիսի 30-ին իսրայելական ակումբի գլխավոր մարզիչ Դրոր Կաշտանը և թիմի ավագ Ասի Բալդուտը հանդիպել են լրագրողների հետ: «Բնեյ Եհուդան» նվաճել է Եվրոպայի լիգայի ուղեգիր` անցնելով երկրի գավաթի եզրափակիչ: Անցյալ մրցաշրջանում թիմը Իսրայելի առաջնությունում զբաղեցրել է 4-րդ տեղը: Մարզչի խոսքերով, թիմը հաղթահարել է Եվրոպայի լիգայի 3 փուլերը, բայց այս տարի կփորձի հասնել ավելի մեծ հաջողությունների: «Իհարկե, մենք պետք է ավելի շատ աշխատենք: Մենք շատ երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստներ ունենք և կփորձենք գերազանցել անցյալ տարվա ձեռքբերումները»,- ասել է Կաշտանը:

Երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սևադա Արզումանյանն ասել է, որ «Ուլիսն» առաջին անգամ է հանդես գալիս Եվրոպայի լիգայում և ֆուտբոլիստները ջանադրաբար պատրաստավում են: «Նրանք հասկանում են, որ սա եվրոպական ֆուտբոլում իրենց դրսևորելու հիանալի շանս է: Այս խաղում «Ուլիսի« կազմում չեն խաղա Կարեն Ալեքսանյանը, որը վնասվածք է ստացել Հայաստանի առաջնության 13-րդ տուրում և Ալեքսանդր Պետրոսյանը, որը դեռեևս չի ապաքինվել վնասվածքից»,-ասել է մարզիչը:

«Ուլիսը» պայմանագիր է կնքել բելառուս հարձակվող Վիտալի Լեդենյովի հետ: «Լեդենյովը մեծ փորձ ունի, տակտիկապես ճիշտ է խաղում, սակայն շատ քիչ է խաղացել մեր թիմի հետ և դեռևս մենք չենք կարող ճշգրիտ ասել նրա ֆունկցիոնալ պատրաստվածության մասին»,-ասել է Արզումանյանը:

Ինքը ֆուտբոլիստը գտնում է, որ «Ուլիսը» կկարողանա արժանի դիմադրություն ցույց տալ Իսրայելի թիմին: «Ես ինքս խաղացել եմ իսրայելյան «Ապոել» թիմում և ծանոթ եմ «Բնեյ Եհուդայի» հնարավորություններին ու խաղի մակարդակին»,-ասել է հարձակվողը:

Բռնցքամարտ. Լվով քաղաքում ավարտվեց Եվրոպայի բռնցքամարտի պատանեկան առաջնությունը: Հայաստանի պատվիրակներից երկրորդ տեղը գրավեցին և արծաթե մեդալներով պարգևատրվեցին Հենրիկ Մոքոյանը /46կգ / և Արթուր Ներսիսյանը /50կգ /: Նրանց թիմակիցներ Գոռ Երիցյանը /57կգ / և Ռաֆայել Սիմոնյանը /+80կգ / կանգնեցին պատվո պատվանդանի երրորդ աստիճանին և հայրենիք կվերադառնան բրոնզե մեդալներով:

Խորեն Գևորը (Գերմանիա, 31-4-0, 16 ԿՕ) Սեբաստյան Զբիկի փոխարեն (Գերմանիա) կմենամարտի Դմիտրի Սարտիսոնի հետ (Գերմանիա, 26-1-0, 17 ԿՕ) նրա WBA վարկածով գոտուն տիրանալու համար: Գևորը փոխել է իր քաշային կարգը և բարձրացել երկրորդ միջին քաշային կարգ (մինչև 76,2 կգ):

Խորեն Գևոր - Դմիտրի Սարտիսոն չեմպիոնական մենամարտը կկայանա հուլիսի 31-ին Համբուրգում (Գերմանիա), նույն օրը կմենամարտեն նաև Սեբաստյան Զբիկն ու Խորխե Սեբաստյան Հեյլանդը:

Մեկ այլ հայ բռնցքամարտիկ, առաջին թեթև քաշային կարգում (մինչև 59 կգ) Եվրոպայի չեմպիոն Լյովա Կիրակոսյանը, որը ներկայացնում է Ռուսաստանը, իր հաջորդ մենամարտը կանցկացնի հուլիսի 16-ին: Կիրակոսյանի հակառակորդը կլինի իսպանացի Ֆրանսիսկո Նոխալեսը: Կիրակոսյանի ու Նոխալեսի մենամարտը տեղի կունենա Տուլոնում (Ֆրանսիա):

Քիքբոքսինգ. Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը 8 մեդալով վերադարձավ Հունաստանում կայացած աշխարհի առաջնությունից: Հավաքականը ներկայացնում էր 10 մարզիկ, որոնցից երեքը նվաճեցին ոսկի, երկուսը` արծաթ և երեքը` բրոնզ: 2010 թվականի աշխարհի չեմպիոններ դարձան Գեղամ Մկրտչյանը (65 կգ ք/կ), Գարիկ Ծատուրյանը (75 կգ ք/կ), Միսաք Ասլանյանը (75 կգ ք/կ), արծաթե մեդալներ նվաճեցին Ռաֆայել Հակոբյանը (40 կգ ք/կ) և Հայկ Խաչատրյանը (55 կգ ք/կ), բրոնզ նվաճեցին Արսեն Աբգարյանը (40 կգ ք/կ), Սուրիկ Խաջոյանը և Լևոն Սարգսյանը (55 կգ ք/կ):

Այս տարի հայ քիքբռնցքամարտիկները հուլիսի 17-18-ին կմասնակցեն Հայաստանի առաջնությանը, ինչպես նաև հոկտեմբերին Անապայում կայանալիք Աշխարհի գավաթի խաղարկությանը:

Վազք. Հունիսի 26-ին Երևանում տեղի է ունեցել Միջազգային օլիմպիական օրվան և ՀՀ ԱՕԿ 20-ամյակին նվիրված վազքարշավ: ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նշել է, որ Հայաստանի Օլիմպիական կոմիտեի նպատակը սպորտը զանգվածային դարձնելն է և հնարավորինս շատ մարդկանց ներգրավելը: «Յուրաքանչյուր տարի մեր երկրում երիտասարդ մասնակիցների թիվն ավելանում է և ավելի շատ է զգացվում սպորտային ոգին»,- ասել է Ծառուկյան:

Վազքարշավին մասնակցում էին մարզիկներ 7 տարիքային կարգերում, ինչպես նաև հեծանվորդներ և ֆիզիկական սահմանափակ հնարավորություններով մարդիկ:

Հաղթողները ստացել են ՀԱՕԿ պատվոգրեր և դրամական պարգևներ, իսկ մասնակիցները` ՄՕԿ հավաստագրեր:

Հասմիկ Բաբայան, Գոհար Նալբանդյան / PanARMENIAN News