«Մուղնու կառույցի տարեթիվն անհայտ է, ուստի մենք հնագիտական աշխատանքներ ենք սկսել հուշարձանի տարիքը հաստատելու համար: Պատմաբանների, այդ թվում Մարիյ Բրոսսեի, Զաքարիա Քանաքեռցու, Վախուշտի Բագրատիոնիի աշխատություններում հիշատակվում է, որ այդ եկեղեցու տեղում ժամանակին մեկ այլ եկեղեցի է գտնվել»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է Գուրամ Միրցխուլավան: Նա նշել է նաև, որ առայժմ վաղ է խոսել այն մասին, թե արդյոք հայտնաբերված ավելի վաղ կառույցը վրացական եկեղեցի է, թե ոչ: «Սակայն 13-րդ դարի վերջին կառուցված եկեղեցին չէր կարող վրացական չլինել»,- ասել է Գուրամ Միրցխուլավան: Հնագետի խոսքով, Վրաստանում հայ գործընկերների հետ համագործակցությունը միայն ողջունվում է:
ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչ Հովհաննես Սանամյանը Թբիլիսի է այցելել 2009 թվականի նոյեմբերին` եկեղեցու փլուզումից մի քանի օր անց: «Բանավոր պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ վրացական կողմը մեզ կտրամադրի հետազոտությունների արդյունքներն ու մեզ հետ կհամաձայնեցնի Մուղնու եկեղեցու վերականգնման էսքիզային նախագիծը: Ներկա պահին երկրաբանական հետախուզական աշխատանքներ են ընթանում»,- ասել է Հովհաննես Սանամյանը:
Այդ միջոցին եկեղեցու ավերման տեղում հնագիտական պեղումները մեծ եռանդով են ընթանում: Հուլիսի 13-ին iTV հեռուստաալիքի տեսանյութում հաղորդվում էր, որ հայտնաբերվել է ջնարակված խեցեղեն, որը, վրացի գիտնականների պնդմամբ, 13-րդ դարով է թվագրվում:
Թբիլիսիի հայ համայնքի ներկայացուցիչների կարծիքով, հնագիտական աշխատանքների ներկա փուլում նաև հայ փորձագետների մասնակցության անհրաժեշտություն կա, քանի որ Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցին դասվում է այսպես կոչված «վիճելի» եկեղեցիների շարքին: «Դա շատ բարդ, խճճված և, ցավոք, քաղաքականացված հարց է: Միանգամայն ցանկալի կլիներ այդ աշխատանքներին վրացի մասնագետների հետ մեկտեղ հայ հնագետների անմիջական մասնակցությունը»,- PanARMENIAN.Net-ի թղթակցին է ասել Թիֆլիսահայերի վեհաժողովի ներկայացուցիչ Իռենա Օհանջանյանը: Նրա խոսքով, շատ թբիլիսաբնակ հայեր գրեթե ոչինչ չգիտեն ավերված եկեղեցու տեղում կատարվող գործընթացների մասին, ինչը որոշակի անհանգստություն է առաջ բերում համայնքում: Նա նշել է նաև, որ վրացի մասնագետները միայն կողջունեին հայ գործընկերների հետ համագործակցությունը, իսկ հայ համայնքի ներկայացուցիչներն այդ դեպքում կատարվող գործողությունների «թափանցիկության» որոշակի երաշխիքներ կունենային, ինչը բավական կնվազեցներ դժգոհության ալիքն ու զանազան կեղծ լուրերը:
«Հայ համայնքի խնդիրների հանդեպ Հայաստանի ուշադրությունը շատ կարևոր է մեզ համար, իսկ տվյալ փուլում պարբերական հսկողությունն ու սերտ համագործակցությունը Մուղնու տարածքում անցկացվող աշխատանքների հարցում կարող էին ցույց տալ դա: Նման պրակտիկան կարող էր բարի կամքի ու փոխըմբռնման դրսևորում լինել նաև երկու ժողովուրդների մտավորականության ներկայացուցիչների մակարդակով»,- գտնում է Իռենա Օհանջանյանը:
Հունիսի կեսին Վրաստանի կառավարությունը մոտ $27 000 հատկացրեց երկրաբանական հետախուզական աշխատանքների անցկացման, Թբիլիսիում Մուղնու Սուրբ Գևորգ եկեղեցու հետագա վերականգնման համար: Վրաստանի Մշակութային ժառանգության պաշտպանության բաժնի կողմից հայտարարված մրցույթը շահեց «ԱՐԽԻՏԵՔՍ» ընկերությունը: Մինչև 24 մետր խորությամբ հորատման աշխատանքներ անցկացվեցին: Փորձագետները հայտնաբերեցին, որ 5 մետր խորության վրա եկեղեցու տակ գտնվող գրունտը հիմնովին քայքայվել է, ինչն էլ, հավանաբար, եկեղեցու ավերման պատճառ է դարձել:
Միջնադարյան եկեղեցին փլուզվեց 2009թ. նոյեմբերի 19-ի գիշերը` վնասելով միայն բակի ավտոմեքենաները: Փլուզվեց եկեղեցու գմբեթը, խորանը, հյուսիսային և հարավային կամարները, պահպանվեց միայն արևմտյան մասն ու զանգակատունը:
Եկեղեցին, որն ի սկզբանե կրել է Սուրբ Աստվածածին անունը, հիմնադրվել է 1356 թվականին: Երևանում կայացած մամլո ասուլիսում Հայ ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության ղեկավար Սամվել Կարապետյանը նշել է, որ իր բազմադարյա պատմության ընթացքում եկեղեցին բազմիցս վերակառուցվել է:
«Մուղնու տակ հայտնաբերվել է հենց այդ եկեղեցու հիմքը, որը ոչ մեծ կառույց էր և միջնադարում լուսավորման օջախ է եղել: 15-17-րդ դարերից սկսած այստեղ բազմաթիվ հայկական ձեռագրեր են ստեղծվել»,- ասել է Սամվել Կարապետյանը:
1751 թվականին եկեղեցին վերակառուցվել է երեք անվանի թիֆլիսահայ տոհմերի` Մունթոյանների, Բաստամյանների ու Բաշինջաղովների ներկայացուցիչների միջոցներով: Ավանդության համաձայն, նորացված եկեղեցում գտնվել են սուրբ Գևորգի մասունքները, որոնք Թիֆլիս են բերվել հայկական Մուղնի գյուղից (Աշտարակ): Եկեղեցին սկսել է կրել Սուրբ Գևորգ անունը և աստիճանաբար մեծ ճանաչում ստացել հավատացյալների շրջանում` դառնալով Թիֆլիսի հայ համայնքի յուրօրինակ կենտրոնը: Տարբեր ազգության բազմաթիվ հավատացյալներ գալիս էին խոնարհվելու սուրբ Գևորգի մասունքներին: 1789 թվականին եկեղեցուն կից կառուցվեց զանգակատունը: Քանդված եկեղեցու ավերակների տակ հայտնվեցին հայտնի խմբագիր ու մանկավարժ Նիկողայոս Խոստովյանի, Բարսեղ Խոջայանցի, Հովհաննես Խուդադյանցի, Եգոր Պուղինյանցի և այլ հարգված թիֆլիսահայ բարերարների տապանաքարերը; Այստեղ իրենց հանգիստն են գտել նաև եկեղեցու առաջնորդների աճյունները: Խորհրդային իշխանության տարիներին եկեղեցում գտնվում էր Ժողովրդական արվեստի թանգարանը: 1980 թվականին թանգարանի փակումից հետո բոլոր ցուցանմուշները տեղափոխվեցին այլ շենք:
Սամվել Կարապետյանի խոսքով, վկայություններն այն մասին, որ Մուղնու Սբ.Գևորգ եկեղեցին հայկական է, բավականաչափ են ինչպես հայ, այնպես էլ արտասահմանյան պատմաբանների աշխատություններում, ինչպիսիք են Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս Մարիյ Բրոսսեն (19-րդ դար), 19-րդ դարի պատմաբան Պլատոն Իոսելիանին, ճարտարապետության դոկտոր, պրոֆեսոր Թենգիզ Կվիրկվելիան և այլք:
Մինչդեռ, հետազոտական աշխատանքները կշարունակվեն մինչև տարեվերջ: Մինչ այդ հարկավոր է պարզել, թե որքան ծախսեր կպահանջի եկեղեցու վերականգնումը: Ինչպես գտնում են ճարտարապետները, հնարավոր է, եկեղեցին անհրաժեշտ լինի վերստին կառուցել, քանի որ կհաջողվի պահպանել եկեղեցու մի փոքր մասն ու զանգակատունը միայն: