Ինչ վերաբերում է Հարավային Կովկասի երկրներին, ապա այստեղ ամեն ինչ այդքան դյուրին չէ` փոքր շուկա և դրան գումարած տարածաշրջանային հակամարտությունները: Եվրոպացի պաշտոնյաները շատ լավ գիտակցում են, որ չլուծված ղարաբաղյան հակամարտությունը զրոյի է հավասարեցնում տարածաշրջանում միասնական տնտեսական պլատֆորմ հաստատելու բոլոր հնարավոր ծրագրերը: Սակայն Բրյուսելը չի շտապում նաև ամբողջությամբ հրաժարվել Հարավային Կովկասի հետ կապերից` հաշվի առնելով տարածաշրջանի աշխարհաքաղաքական նշանակությունը: Իսկ Թուրքիայում իսլամիստական ու հակաեվրոպական տրամադրությունների աճն Արևմուտքին, մասնավորապես` Եվրոպային ստիպում է ավելի լրջորեն պատրաստվել հնարավոր սցենարներին, որոնք կարող են զարգանալ Անկարայի նեոօսմանիզմի քաղաքականության արդյունքում:
Այս ամենից բացի, Հարավային Կովկասը ԵՄ-ին ձգում է որպես էներգետիկ ռեսուրսների մատակարարման այլընտրանքային միջանցք: Ինչպես Երևանում Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտնել է արտաքին կապերի հարցերով Եվրոպական հանձնաժողովի գլխավոր տնօրինության տնօրեն Գուննար Վիգանդը, բացի քաղաքական, տնտեսական ու մշակութային հարցերից Հայաստան-ԵՄ բանակցությունների օրակարգում կլինի նաև համագործակցությունն էներգետիկայի ոլորտում: Սակայն միամտություն կլիներ մոտ ապագայում ԵՄ հետ համատեղ էներգետիկ նախագծերի իրագործում ակնկալել և դարձյալ ղարաբաղյան հիմնախնդրի չլուծված լինելու պատճառով:
Այնուամենայնիվ, Հարավային Կովկասի միանգամից երեք երկրներում Ասոցիատիվ համաձայնագրի մասին բանակցությունների մեկնարկը վկայում է այն մասին, որ ԵՄ-ն բոլորովին չի պատրաստվում թուլացնել իր դիրքերը տարածաշրջանում: Ավելի շուտ հակառակը: Դանդաղ, բայց վստահ քայլերով Եվրամիությունը փորձում է պահպանել և ուժեղացնել իր ազդեցությունը տարածաշրջանում` միևնույն ժամանակ Հարավային Կովկասի երկրներին չխոստանալով շուտափույթ արդյունքներ, օրինակ` անդամակցություն ԵՄ-ին: Ամենայն հավանականությամբ, հենց դա նկատի ուներ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով Եվրամիության գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, երբ հայտարարեց, որ ասոցացման մասին բանակցություններն ամբողջությամբ արտացոլում են Բրյուսելի ռազմավարական շահերը Հարավային Կովկասում:
Ինչ վերաբերում է Հայաստանի մոտեցմանը ԵՄ հետ համագործակցության նման ձևաչափին, ապա այն բավական հավասարակշռված է: Պաշտոնական Երևանը գիտակցում է, որ այդ բանակցությունները երկար ու բարդ գործընթաց է, և չի կարելի հստակ նշել դրանց ավարտի ժամկետը: Հայկական կողմը եվրոպական գործընկերներին հասկացրել է, որ լուրջ է վերաբերվում այդ նախաձեռնությանը և պատրաստ է գործադրել բոլոր ջանքերը, որպեսզի բանակցությունները հաջող ավարտին հասնեն: Երևանում նաև ակնարկել են, որ նման պատրաստակամությանն ի պատասխան, Հայաստանն ակնկալում է մինչև այս տարվա վերջ ԵՄ հետ անցագրային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիր ստորագրել: