30 հուլիսի 2010 - 10:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Բարաք Օբաման գնաց նախկին նախագահ Բուշ կրտսերի ճանապարհով և առաջարկում է «վարկաբեկված» դիվանագետների թեկնածություններ
Նույնիսկ եթե Բրայզան արժանանա Ռիչարդ Հոգլանդի ճակատագրին և Օբաման ստիպված լինի նրան փոխարինող փնտրել, Սպիտակ տան արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի
Կհաստատեն Մեթյու Բրայզային Ադրբեջանում դեսպանի պաշտոնում , թե ոչ, արդեն հետաքրքիր չէ: Ցավոք սրտի, Բարաք Օբաման գնաց նախկին նախագահ Բուշ կրտսերի ճանապարհով և առաջարկում է «վարկաբեկված» դիվանագետների թեկնածություններ, հավանաբար, կարծելով, որ Բրայզան «արժանիորեն» կներկայացնի ԱՄՆ-ն, քանի որ շահագրգռված է Կասպից ծովի ռեսուրսներում:

Ընդհանրապես, հարկ է նշել, որ քանի դեռ Վաշինգտոնն իր շահերի գագաթնակետն է համարում բացառապես նավթը, ոչ մի դիվանագիտության մասին, այդ բառի բուն իմաստով, խոսք լինել չի կարող: Ընդ որում հետաքրքիր է. նման քաղաքակնությունը տևում է արդեն 30-40 տարի առանց տեսանելի առաջընթացի: «Նավթի խնդրին» ԱՄՆ-ն սկսել է դեմ առնել անցյալ դարի 70-ականներից ի վեր, երբ տեղի ունեցավ առաջին էներգետիկ ճգնաժամը, որը փոփոխական հաջողությամբ շարունակվում է մինչ օրս: Մեծ հաշվով ներխուժումն Իրաք թելադրված էր ամենևին ոչ ժողովրդավարություն հաստատելու կամ տարածաշրջանը զանգվածային ոչնչացման զենքից զերծ պահելու ցանկությամբ, որը Սադդամ Հուսեյնը չուներ, այլ բացառապես հիմնվելով նավթով հարուստ Իրաքը վերահսկելու ցանկության վրա: Եվ Քուվեյթի «ազատագրման» գործողությունը ոչ մի կերպ չնպաստեց ժողովրդավարության հաստատմանը, քանի որ Մերձավոր Արևելքում «ամերիկյան ժողովրդավարություն» հասկացությունը նշանակում է երկրի լիակատար փլուզում և ավեր բոլոր ոլորտներում, բացի նավթարդյունահանման ոլորտից: Որքան էլ դա ցավալի լինի, դա է իրականությունը: Նույնը կարելի է ասել նաև ԱՄՆ-ի Իրանն իրեն ենթարկելու համառ ցանկության մասին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա այստեղ ամեն ինչ կարգին է` Իլհամ Ալիևին հետաքրքրում են բացառապես նավթադոլարները և այդ բազմամիլիարդ եկամուտների համար նա պատրաստ է ամեն ինչի: Նույնիսկ եթե Բրայզան արժանանա Ռիչարդ Հոգլանդի ճակատագրին և Օբաման ստիպված լինի փոխարինող փնտրել նրան, Սպիտակ տան արտաքին քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվի

Մինչդեռ Ադրբեջանը ձեռքերը ծալած չի նստել և ակտիվորեն հզորացնում է իր զինված ուժերը: Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, անցյալ տարի Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել «Ռոսօբորոնէքսպորտի» հետ` C-300 զենիթահրթիռային համալիրների երկու դիվիզիոնների ձեռք բերման վերաբերյալ: Պայմանագիրը կարող է կատարվել արդեն առաջիկա 2-3 տարում: Պայմանագրի արժեքն է շուրջ 300 մլն դոլար: Ադրբեջանը զենք է գնում նաև Ուկրաինայում, Բելառուսում, Իսրայելում և ՀԱՀ-ում` ՄիԳ-29-ներ, զրահատեխնիկա, Spaike հակատանկային հրթիռներ, հարվածային արդիականացված Մի-24 ուղղաթիռներ և այլ սպառազինություն:

Հիշեցնենք, որ այդ համալիրներով արդեն զինված են Ալժիրն ու Չինաստանը, 2009-ի ապրիլին ստորագրվեց դրանք Իրան առաքելու վերաբերյալ պայմանագիրը, սակայն այն դեռևս չի կատարվել: Ռուսաստանը սառեցրեց գործընթացը, իսկ 2010 թվականի հունիսին ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պատժամիջոցներ սահմանեց Իրանի դեմ, որոնք Ռուսաստանը գնահատեց որպես C-300-ի առաքման արգելք:

Այս ֆոնի վրա Մեթյու Բրայզայի թեկնածությունը մտավախություններ է առաջացնում: Չի բացառվում, որ դա ԱՄՆ-ի օգնության մի մասն է, որ հասնում է Բաքվին: Սառեցնելով Ազատության ակտի 907-րդ ուղղումը, որը թույլ չի տալիս ուղղակի ռազմական օգնություն ցույց տալ այդ երկրին, Վաշինգտոնն, այնուամենայնիվ, գտնում է շրջանցող ճանապարհներ Ադրբեջան իր զենքն ու տեխնոլոգիաները հասնցնելու համար: Ծամծմված այն արտահայտությունը, թե նոր պատերազմը տարածաշրջանում ոչ ոքի հարկավոր չէ, ոչ մի քննադատության չի դիմանում: Պատերազմը հարկավոր է ԱՄՆ-ին ու Ռուսաստանին, որոնք ռազմական տեխնիկա են առաքում տարածաշրջան, որն առանց այն էլ լեցուն է ժամանակակից զենքով, որը մի օր անպայման գործի կդրվի: Չի կարող գործի չդրվել, ըստ ժանրի կանոնների: Թե ինչ կմնա այդ դեպքում ողջ Հարավային Կովկասից, ավելի լավ է չպատկերացնել:

Մենք գրել ենք, որ գերտերություններին հարկավոր է բացառապես տարածքն, առանց բնակչության: Ինչն էլ նրանք կփորձեն կյանքի կոչել Բրայզայի նման «դիվանագետների» օգնությամբ: Եվ թող ոչ ոքի չզարմացնի, կամ չուրախացնի այն հանգամանքը, որ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Ջոն Քերին հրաժարվել է հանդիպել Բաքվում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածուի հետ: Ամեն ինչ իր ժամանակն ունի: Ուղղակի ընտրությունների շեմին ժողովրդավարները չեն ցանկանում վտանգել հայ համայնքից ակնկալվող քվեները, ուստի զգուշավոր են իրենց նախընտրության մեջ:

Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News