Անշուշտ, դժվար է հակառակվել այն իրողությանը, որ հայ հանրության պատկերացմամբ Ռուսաստանը, պատկերավոր ասած, հանդես է գալիս «ավագ եղբոր»դերում, որը պատրաստ է պաշտպանել հայկական պետությունը Ադրբեջանի և Թուրքիայի պոտենցիալ ագրեսիայի դեպքում: Սակայն, եթե ավելի խորը նայենք ստեղծված իրավիճակին և չսահմանափակվենք միայն «հայ-ռուսակասն դարավոր բարեկամության ֆոնով», կնկատենք, որ Մոսկվան մեկ հարվածով երկու նապաստակ է ցանկանում սպանել:
Վերջերս ռուսական մամուլում հայտնված հաղորդագրությունն այն մասին, թե ՌԴ-ն մտադիր է Բաքվին վաճառել C-300 զենիթահրթիռային համալիրների երկու «Ֆավորիտ» տիպի դիվիզիոն, հայկական կողմի մոտ կասկածներ է հարուցում ՌԴ մտադրությունների անկեղծության առումով: Մի կողմից Մոսկվան զինում է Ադրբեջանին, մյուս կողմից առաջարկում է երկարացնել Հայաստանում ռազմակայանի ներկայության ժամկետը` կանխելու համար Ադրբեջանի ռազմական ագրեսիան: Ռուսաստանի երկակի խաղը տարածաշրջանում նոր չէ: Հայաստանի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում որոշակի բալանսի պահպանումը միշտ եղել է Մոսկվայի տարածաշրջանային քաղաքականության գլխավոր առանձնահատկություններից մեկը: Անկախ նրանից, թե հավաստի է տեղեկատվությունը Մոսկվայի ու Բաքվի միջև 300 մլն դոլարի պայմանագրի մասին, որը կարող է ստորագրվել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի սեպտեմբերին Ադրբեջան կատարելիք այցի ժամանակ, Հայաստանի ղեկավարությունն ու հասարակությունը վաղուց պետք է յուրացնեին այն դասը, որի համաձայն «չկան հավերժ դաշնակիցներ, կան հավերժ շահեր»: Ցավոք, ներկա պայմաններում ՌԴ-ի կողմից առաջարկվող անվտանգության երաշխիքներն անփոխարինելի են: Սակայն Մոսկվայի հետ ՀՀ տարածքում ռուսական ռազմակայանի ներկայության երկարացման մասին փաստաթուղթ ստորագրելուց առաջ, ճիշտ կլիներ, եթե Հայաստանի ղեկավարությունը մտահոգություն հայտներ ՀԱՊԿ իր դաշնակցի վարքագծի վերաբերյալ և պնդեր, որպեսզի նա դադարեցնի զինել Ադրբեջանին: Սակայն, չպետք է մոռանանք ևս մեկ չգրված ճշմարտություն` դա ուղղակի բիզնես է, ոչ մի անձնական բան: Զենքի առևտուրը միշտ եղել է ռուսական, իսկ մինչ այդ` խորհրդային բյուջեի համալրման հիմնական միջոցը: Հիշենք, որ ԽՍՀՄ զենք էր վաճառում արաբական աշխարհի ու Աֆրիկայի բավականին կասկածելի ռեժիմներին:
Հայաստանում շատերն են հասկանում, որ Մոսկվայի ձգտումը շուտափույթ կերպով հզորացնել իր ռազմական ներկայությունը Հայաստանում հենց այժմ ոչ այնքան հիմնավորված է «ռազմավարական դաշնակցի» պաշտպանությունն ու անվտանգությունն ապահովելու մտադրությամբ, որքան նպատակ է հետապնդում կանխել Ռուսաստանի համար անբարենսպաստ սցենարները, որոնք կարող են կիրառվել Իրանի շուրջ լարվածության աճին համընթաց: Այն դեպքում, երբ արևմտյան խաղացողները փորձում են խոսքից գործի անցնել և հարված հասցնել Իրանին, մեր ռազմավարական գործընկերը հզորացնում է իր ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում և շտապում է հիշեցնել Արևմուտքին, թե ով է իրականում տերը այս տարածաշրջանում:
Բացի այդ, ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման ժամկետի երկարացումը կարող է լուրջ հարված հասցնել Հայաստանի միջազգային հեղինակությանը որպես անկախ պետության և անդրադառնալ Իրանի հետ նրա հարաբերությունների վրա, որը, թեև, լռություն է պահպանում, սակայն կարող է կտրուկ արձագանքել Մոսկվայի ռազմական ներկայության ընդլայնմանը: Ճիտ է, հարկ է հիշեցնել, որ Հարավային Կովկասի հետխորհրդային հանրապետությունների անկախությունը բավականին մշուշոտ հասկացություն է: Կարելի է ասել, որ Հայաստանը նույնքան «անկախ է» Ռուսաստանից, որքան Վրաստանն` Արևմուտքից, իսկ Ադրբեջանը` Թուրքիայից ու նավթից: