13 օգոստոսի 2010 - 09:22 AMT
ՀՈԴՎԱԾ
Հայերը չեն նշում Նավասարդը որպես պետական տոն, որովհետև Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել
Նավասարդի տոնը Հայաստանում համաժողովրդական սիրված տոն է եղել, բայց այն դադարել են նշել Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով
7 հեթանոսական աստվածներին նվիրված տոնը նշանակալի է դարձել հայ ժողովրդի համար մի քանի կարևորագույն դեպքերով: Հին հայկական Նոր տարի Նավասարդը Հայաստանում նշվում է տասնյակ դարեր շարունակ օգոստոսի 11-ին: Այդ տոնն ամենասիրված և պաշտված տոներից մեկն է եղել մեր նախնիների համար, իսկ հիմա նրա մասին կարելի է լսել միայն պատմաբանների պատմություններից և ընթերցել հայկական ժողովրդական բանահյուսության ստեղծագործություններում:

«Օգոստոսի 11-ն ըստ հին հայկական օրացույցի նոր տարվա առաջին օրն է: Հնուց այն նշվել է որպես Նավասարդի տոն: Այն մի քանի օր նշել են բոլորը` արքայական ընտանիքի ներկայացուցիչներից մինչև հասարակ գյուղացիներ: Դա համաժողովրդական, ինչպես այն անվանել են «համաշխարհային» տոն է եղել Հայաստանում»,- հաղորդել է ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի առաջատար գիտաաշխատող, ազգագրագետ Գոհար Վարդումյանը:

Նա պատմել է ժողովրդական զվարճությունների, երգերի, պարերի, գուշակությունների, այդ օրը նշելու ավանդական միջոցների մասին:

«Նավասարդը նվիրվել է 7 հայկական հեթանոս աստվածներին. Արամազդը` հայոց գերագույն աստծված, Անահիտը` գերագույն աստվածուհի, Աստղիկը` ջրի աստվածուհի, Նանեն` պատերազմի և իմաստության աստվածուհի, Վահագն` պատերազմի, որսորդության, կրակի և կայծակի աստված, Միհր` արևի, երկնային լույսի և արդարության աստված, Տիր` գրի, իմաստության, գիտելիքների, գիտությունների հովանավորի և արվեստների աստված: Ավանդույթի համաձայն, այդ օրն աստվածներն իջել են երկրի վրա, լողացել են Արածանի սուրբ գետում և հետո դիտել են տոնակատարությունները ձյունապատ լեռներից: Մարդիկ պետք է հաճոյանային աստվածնեևրին, որպեսզի տոնը հաջող անցներ, ուստի նրանց զոհաբերում էին ցորենի հատիկներ, տնային կենդանիների արյուն և անցկացնում էին այլ ծեսեր: Նավասարդը համարվում էր նաև սիրո տոն:

Բացի դրանից, օգոստոսի 11-ը Հայաստանում նշվում է որպես Արարատ լեռան վրա Նոյան տապանի կանգ առնելու օր: Դժվար է ասել, թե հենց որ հազարամյակում է տեղի ունեցել այդ իրադարձությունը, սակայն հայերը վաղուց նշել են այդ տոնը հենց օգոստոսի 11-ին»,- նշել է Վարդումյանը:

Մ. թ. ա. 2492թ. օգոստոսի 11-ին նշվում է ևս մեկ կարևոր իրադարձություն հայ ժողովրդի համար: Այդ օրը, ինչպես գրում է պատմաբան Ղևոնդ Ալիշանը, տեղի է ունեցել Դյուցազնամարտ, որի ժամանակ հայ ժողովրդի ազգապետ Հայկազունիների դինաստիայի հիմնադիր Հայկ Նահապետը սպանել է ասորացի բռնակալ Բելին և սկիզբ դրել ապագա հայոց պետությանը: Անվանի հայ պատմաբան Մովսես Խորենացին նշում է, որ հայոց երկիրը և ժողովուրդն իրենց Հայք անվանումը ստացել են Հայկ Նահապետի անունից: «Դա լիովին հերքում է ենթադրություններն այն մասին, որ հայերը քոչվոր ցեղերի նախնիներ են, որոնք այդ հողեր են քոչել»,- ընդգծել է Գոհար Վարդումյանը:

Բոլոր այս իրադարձությունները միավորվելով իրապես ազգային համաժողովրդական տոն են կազմել Հայաստանի համար, որը Գրիգորիանական օրացույցին անցնելու պատճառով դադարել են նշել: « Գրիգորիանական օրացույցը ներմուծվել է 16-րդ դարում Հռոմի Պապ Գրիգորիոս 13-րդի կողմից, սակայն հայերն այդ օրացույցն ավելի ուշ են կիրառել:

Սկզբից այն օգտագործել են Վենետիկի կաթոլիկ հայերը, այնուհետև Լեհաստանում, իսկ հետո` Ռուսաստանում, իսկ Հայաստան եկել է 18-րդ դարում: Նոր տարին հունվարի 1-ին տոնել են 20-րդ դարի սկզբին, իսկ Հայաստանում Նոր տարին պաշտոնական տոն է դարձել միայն խորհրդային ժամանակները»,- պատմել է ազգագրագետը:

Նա ցավով նշել է, որ հիմա նույնիսկ Հայաստանի մարզերում և գյուղերում, որտեղ պահպանվել են հին ավանդույթները, չեն նշում Նավասարդը: «Մենք նշում ենք մեր հեթանոսական տոները, ինչպիսիք են Զատիկը և Վարդավառը, բայց արդեն որպես ժամանակակից եկեղեցական տոներ` Հարություն և Քրիստոսի Պայծառակերպություն: Հայ եկեղեցին ամեն տարի օրացույցներ է թողարկում այդ տոների նկարագրությամբ, սկսած դրանց հեթանոսական արմատներից, սակայն, ցավոք սրտի, Նավասարդը չկա, և մենք մասնագետների խմբով որոշել ենք շտկել դա»,- նշել է Գոհար Վարդումյանը: Նա պատմել է, որ երկու անգամ դիմել է Հայաստանի կառավարությանը` առաջարկելով Նավասարդը նշել որպես պետական տոն: «Կառավարությունն իր հերթին դիմել է Հայ Առաքելական եկեղեցուն, որը մերժել է առաջարկը և բացատրել նրանով, որ Հայկ Նահապետը քրիստոնյա չի եղել»:

Այդպես հայերը մնացել են առանց ամառային տոնի, թեև դրա որոշ ծեսեր կրկին հարություն են առել Էրեբունի-Երևան տոնի ժամանակ: «Ի դեպ այդ տոնը ևս երկար ժամանակ թույլ չեն տվել անցկացնել, սակայն այս դեպքում մենք կարողացանք հասնել մեր ուզածին»,- ասել է Գոհարը:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News