Նախանձելի մազոխիզմով և գրեթե «անսահման հարգանքով» մի շարք հայկական ԶԼՄ-ներ հաջողությամբ փոխարինեցին թուրքականներին՝ հիացմունքով նկարագրելով հանդիպումները Վանում և պատարագը: Հավանաբար, նրանք անկեղծորեն գտնում էին, որ կատարում են իրենց մասնագիտական պարտականությունները: Ի դեպ, ոչ ոք չի էլ հերքում դա՝ սակայն, ամեն ինչ իր չափն ունի և այստեղ ավելորդ չէր լինի օրինակ վերցնել նույն թուրքական ԶԼՄ-ներից, որոնք սահմանափակվեցին փաստի արձանագրմամբ և գրում էին նույնը, ինչ պատարագից առաջ: Մամուլից հեռու չգնացին նաև Սբ Էջմիածնի որոշ ներկայացուցիչներ: «Հայտարարելով, որ պատարագի մատուցումը Սբ Խաչ եկեղեցում Թուրքիայի հերթական շոուն է, Հայաստանը վերածեց այդ հարցը շահարկումների առարկայի»,-Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարեց Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմի վարդապետ Կոմիտաս Հովնանյանը: Ավելին, վարդապետը սխալ է համարում այն, որ հայերը չմասնակցեցին պատարագին:
Իր մտորումներում վարդապեն ավելի հեռուն գնաց՝ հայտարարելով, թե հենց Հայաստանը հասավ նրան, որ թույլատրվեց պատարագ մատուցել Սբ Խաչ եկեղեցում: Ավելի մեծ անհեթեթություն անհնար է հորինել: Թուրքիան որոշեց, որ այդպես է պետք և արեց դա: Մեծ հաշվով, այդ երկրի կառավարության համար միևնույն է, թե քանի հայ է ներկա եղել արարողությանը՝ 100 թե 10 հազար: Գլխավորն այն է, որ պատարագը տեղի ունեցավ, ինչն Անկարային լրացուցիչ հաղթաթուղթ է տալիս բանակցություններում, ԵՄ-ում, ԱՄՆ-ում, վերջապես: Դա չի կարող չնկատել միայն շատ սահմանափակ մարդը, որի համար աշխարհն ավարտվում է իր տան շեմին: Կրկին, ցավոք, որովհետև, ՀԱԵ սպասավորների մեծամասնության համար այդպես էլ կա: Միակ բանը, ինչին ընդունակ եղավ Մայր Աթոռ Էջմիածինը, պատարագին մասկանցելուց հրաժարվելն էր: Կարելի է ենթադրել, որ դա արվեց Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հրաժարվելուց հետո: Եվ ոչ ոքի չմտահոգեց Թուրքիայի սառը վերաբերմունքն այն գործողությանը, որը լեզուն չի պտտվում պատարագ անվանել: Ստամբուլի հայերը սպասում էին, որ որևէ պաշտոնյա կլինի Անկարայից, սակայն ներկա էր միայն Վանի գավառապետը: Եվ ինչու պիտի ներկա լիներ՝ եկեղեցին վերականգնված է, ՅՈՒՆԵՍԿՕ-ն ու աշխարհը գոհ են, կամ ձևացնում են, թե բավարարված են: Էլ ի՞նչ է հարկավոր: Եվ ոչ ոք չհասկացավ, որ դեպի եկեղեցին տանող ճանապարհը սարքված է խաչքարերի բեկորներից, պղծված են եկեղեցականների շիրիմները, իսկ ողջ վանական համալիրը, բացառությամբ եկեղեցու, ավերակ վիճակում է և ոչ ոք այն չի վերականգնելու: Էլ չենք ասում հազարավոր ավերված ու պղծված եկեղեցիների մասին:
Առաջին աշխարհամարտից առաջ Կոստանդնուպոլսի վերջին ղեկավար, եպիսկոպոս Մաղաքիա Օրմանյանը դեռևս 1913 թվականին զգուշացնում էր իր թեմին օսմանների վտանգավորության ու նենգության մասին: Ավաղ, նրանք չանսացին բանականության ձայնին: Ողբալի հետևանքը հայտնի է՝ 1,5 միլիոն սպանված, կես միլիոն աշխարհով մեկ սփռված հայեր: Իսկ որքանն են բռնի կրոնափոխ արվել, հայտնի չէ: Նրանց ժառանգներն այժմ են միայն խոսում իրենց հայկական արմատների մասին: Իսկ մենք, Հայաստանի բնակիչներս, գրեթե հիացած սկսում ենք խոսել որևէ թուրք գործչի մասին, որ նա իրականում հայ է, ոչ թե թուրք: Ո՞ւմ ենք խաբում և ինչի համար՝ հռետորական հարց է:
Սեպտեմբերի 19-ի իրադարձության վտանգը նաև նրանում է, որ Թուրքիան կարող է թանգարանի վերածել ևս մի քանի եկեղեցիներ, թույլ տալ ժամերգություն անցկացնել և արդեն մաքուր խղճով շարունակել Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականությունը:
Ընդհանրապես հարկավոր է ասել, որ հայերն մինչ այժմ միֆերով են ապրում Թուրքիայի որպես պետության և Ստամբուլի հայ համայնքի վերաբերյալ դատողություններում: Մասնավորապես, համայնքը պատկերացվում է որպես պատանդ թուրք պետության ձեռքում, թեև դա միայն մասամբ է այդպես: Իրականում, Ստամբուլի հայերը այնքան էլ վատ չեն ապրում, կարևորը նրանց համար ընդհանուր օսմանյան զանգվածից չտարբերվելն է: Եվ հարկ է խոստովանել, որ համայնքին, որը նախկինում ղեկավարում էր արքեպիսկոպոս Մեսրոբ Մութաֆյանը, իսկ այժմ Արամ Աթեշյանը, դա հաջողվում է: Տրամաբանությունը պարզ է՝ որ աչքի չընկնենք, ոչինչ չի լինի: Ստամբուլի հայերն այդպես էլ չսերտեցին 1915 թվականի դասը և դրա օրինակն է Հրանտ Դինքի սպանությունը, պատրիարքի և համայնքի անդամների հասցեին հնչող սպառնալիքները: Բանը հասնում է նրան, որ «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Քոչունյանը չի օգտագործում «ցեղասպանություն» եզրույթն իր հրատարակության էջերին…Այս առնչությամբ հատկանշական են Թուրքիայի խորհրդարանի անդամ, գրող Գրիգոր Զոհրապի խոսքերը, որ նա ասել է 1915թ.ապրիլի լույս 24-ի գիշերը: Երբ նրան ասել են, որ հարկավոր է փախչել, կոտորած է լինելու, նա պատասխանել է. «Ի՞նչ եք ասում: Թուրքերը մեր բարեկամներն են: Երեկ ես նարդի էի խաղում Թալաաթի հետ, նա ինձ կասեր…»: Անցել է 95 տարի և ոչինչ չի փոխվել՝ հայերը նույնքան պարզամիտ են և հավատում են հայտարարությունների, նամակների, բողոքի գործողությունների ազդեցությանը, թուրքերը շարունակում են ermeni milliyet վերացմանն ուղղված քաղաքականությունը: Եվ միշտ է այդպես լինելու, քանի դեռ մենք կունենանք վարդապետ Հովնանյանի նման սպասավորներ և Կոստանդնուպոլսի պատրիարքի նման հովվապետներ: