Պետք է նշել, որ անիմացիայի այնպիսի վարպեպտների հետ, ինչպիսիք են Մաքս Հովարդը, Ֆրենք Գլեդսթոունը, երազում են աշխատել ԱՄՆ և Եվրոպայի շատ անիմատորներ: Այդ դասախոսությունների և սեմինարների համար նրանք պատրաստ են վճարել հսկայական գումարներ:
Հայաստանում 4 երիտասարդներ երջանկություն ունեցան 4 օրերի ընթացքում բացարձակ անվճար աշխատել այդ մարդկանց հետ՝ ապագա ֆիլմի համար լավ պատմություն գտնելու և արժանի կերպով մատուցելու համար:
Փուլ առ փուլ երիտասարդ անիմատորները սովորում էին, թե ինչպես կարելի է պատմություն գտնել ապագա ֆիլմի համար, ինչպես գրել սեղմ սյուժե և վաճառել նոր նախագիծը: Վարպետության դասերի մասնակիցները ներկայացրեցին իրենց ապագա նախագիծը, հետո, հետևելով մեծանուն անիմատորների խորհուրդներին, անհրաժեշտ փոփոխություններ կատարեցին ինչպես սցենարում, այնպես էլ իրենց խոսքում և վերջին օրը կրկին ներկայացրին իրենց նախագծերը վերջնական տեսքով:
«Որպեսզի ստիպեք պրոդյուսերին վաճառել նոր նախագիծը, դուք պետք է 2-3 րոպեում ներկայացնեք ապագա ֆիլմի սյուժեն և այնպես գրավեք նրա ուշադրությունը, որ նա ցանկանա իմանալ այդ պատմության շարունակությունը»,- ասաց «Առյուծ արքա», «Ջրահարս», «Սպիրիտ. Տափաստանների ոգին» ֆիլմերի ստեղծման վրա աշխատած պրոդյուսեր Մաքս Հովարդը: Խոսքը պետք է տևի ընդամենը 2-3 րոպե, իսկ անիմատորը պետք է իմանա բոլոր հարցերի պատասխանները, որոնք վերաբերվում են հերոսների պատմության զարգացմանը և հերոսների ճակատագրին, ինչպես նաև նրան, թե ինչ լսարանի համար է նախատեսված ֆիլմը, ինչ երկրների համար և այլն: «Եթե դուք չունեք այդ հարցերից գոնե մեկի պատասխանը, ձեր աշխատանքը դեռ անավարտ է և դուք չպետք է նախագիծը ներկայացնեք պրոդյուսերին: «Դա շատ դժվար է բացատրել» արտահայտությունը պետք է բացառել, քանի որ եթե հեղինակը դժվարանում է բացատրել իր ստեղծագործության այս կամ այն մասը, ապա ունկնդիրն առավել ևս չի կարող դա հասկանալ»,- նշեց Ֆրենք Գլեդսթոունը:
«Պետք է միշտ պատրաստ լինել անսպասելի բաների և անսպասելի բաներ կատարել». ահա մեր կարգախոսներից մեկը և մեր ապագա նախագծի հաջողության գաղտնիքներից մեկը»,- ասացին վարպետները:
Մաքս Հովարդի խոսքերով, հաջողակ ֆիլմի ստեղծման երեք կարևորագույն բաղադրիչներից է իրական աշխարհը, որին, չնայած նրան, որ այն հորինված է, կարելի է հավատալ, լավ պատմությունը և հերոսները, որոնք սիրելու են:
«Երբ դուք ներկայացնում եք ձեր պատմությունը, պետք է դերասան դառնաք, որը դա կարող է այնպես պատմել, որ ունկնդիրը մոռանա աշխարհում ամեն ինչի մասին: Երբեմն պատմությունները բանի պետք չեն, բայց պրոդյուսերին դուր է գալիս, թե ինչպես են դա մատուցում: Այդ պահին կարող է վճռվել ապագա ֆիլմի ճակատագիրը: Շատ կարևոր է նաև պահի ճիշտ ընտրությունը. հնարավոր է` դուք այն պատմեք մեկ բաժակ սուրճի ընթացքում, հնարավոր է ` մեծ լսարանի առաջ: Եթե հաշվի առնեք այդ բոլոր նրբությունները և ճիշտ մոտեցում ընտրեք, դուք կհասնեք հաջողության»,- ընդգծեց Գլեդսթոունը:
Հրաժեշտ տալով ուսանողներին` երկու վարպետները նշեցին, որ երիտասարդները շատ բան սովորեցին այս 4 օրում: Նրանք էլ իրենց հերթին շատ բան սովորեցին ուսանողներից: Վերջում նրանք խորհուրդ տվեցին դիտել դասական ֆիլմեր և կինոթատրոն այցելել հատկապես չսիրած ֆիլմերը դիտելու համար, քանի որ դրանց սխալների վրա կարելի է շատ բան սովորել:
«Սա ձեր ստեղծագործական ուղու վերջը չէ, այլ միայն սկիզբը»,- նշեցին անիմատորները` ուսանողներին մաղթելով հաջողություններ: Սեմինարների մասնակիցներն իրենց հերթին շնորհակալություն հայտնեցին ուսուցիչներին և մեկ մարդու նման նշեցին, որ իրենց կյանքում իսկական հրաշք էր նման վարպետների մոտ նման դպրոց անցնելը:
«Այնուհետև մենք վերցրեցինք կիթառը և երգեցինք «Առյուծ արքա» մուլտֆիլմի երգը»,- կատակեց Հովարդը: Հենց այսպիսի հումորով նրանք կարողացան սովորեցնել ուսանողներին, թե ինչպես կարելի է լավ պատմություն գտնել և արժանի կերպով մատուցել: Իսկ ֆիլմի վրա աշխատելու համար ուսանողներին շատ օգնեցին այլ սեմինարներ և դասախոսություններ անիմացիայի պատմության և ժամանակակից անիմացիոն ֆիլմի ստեղծման մանրամասն գործընթացի մասին աշխարհի տարբեր երկրներում և Հոլիվուդում: Բայց այդ դասախոսությունների մասին պետք է առանձին խոսել: