22 սեպտեմբերի 2010 - 20:09 AMT
ՀՈԴՎԱԾ
Ոչ բոլորին հաջողվեց համտեսել աշխարհի ամենահամեղ փառատոնի բարիքները՝ հյուրերը չափազանց շատ էին
Կազմակերպիչները խոստանում են արդեն հաջորդ տարի շտկել բոլոր թյուրիմացությունները` կապված փառատոնի հետ
Խորովածի 2-րդ փառատոնը տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա քաղաքում կիրակի օրը: Այն նվիրված էր ևս երկու իրադարձությունների` 12-րդ դարի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծմանը և աշխարհում երկրորդ ամուսնական մատանիների հուշարձանի տեղադրմանը:

Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու վերաօծման արարողությունը չկայացավ Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի հրահանգով: Արարողության օրը տեղափոխվեց արդեն երկրորդ անգամ, բայց չնայած այդ ամենին, եկեղեցին, նրա քահանա Վազգեն Ղազարյանի խոսքերով, արդեն 8 ամիս է, ինչ գործում է:

Մնացած միջոցառումները տեղի ունեցան նախօրոք մշակված պլանով: «Այս տարվա հունվարին մենք հաղորդել էինք այն մասին, որ պատրաստվում ենք Ախթալայում տեղադրել ամուսնական մատանիների աշխարհում առաջին հուշարձանը: Բայց մարտին մեզ հայտնի դարձավ, որ նման հուշարձան տեղադրվել է Կանադայում: Ճիշտ է, այդ քանդակը ֆուտուրիստական է, և իսկույն գլխի ընկնել, որ դրանք ամունսական մատանիներ են, բավական բարդ է: Մեր հուշարձանը քանդակագործ Համլետ Մատինյանի գործն է, և իրենից ներկայացնում է երկու միահյուսված ամուսնական բրոնզե մատանիներ: Նրանք այնպես են պատրաստված, որ միջին հասակի մարդը կարող է հանգիստ անցնել դրանց միջով»,- պատմել է Հայաստանի սոցիալական հարցերի կառավարման պետ Վազգեն Խաչիկյանը:

Մատանիների միացման կետում քանդակագործը դրել է նուռ` սիրո և պտղաբերության խորհրդանիշը Հայաստանում, իսկ մատանիների տակ պատկերել է կարիճ և օձ, որպեսզի դրանց վրայով անցնող մարդը կարողանա ոտնակոխ անել այդ կենդանիների կողմից մարմնավորվող բացասական երևույթները` չարությունը, նախանձը, ատելությունը: Ամուսնական մատանիների հուշարձանը մեծ հետաքրքրություն էր առաջացրել տեղի բնակչության և հյուրերի շրջանում: Մարդիկ հերթ էին կանգնում բաղձալի ծիսակարգը կատարելու համար: Դա վկայում է այն մասին, որ հետագայում ևս հուշարձանը մյուս տեսարժան վայրերի հետ միասին Ախթալա է բերելու զբոսաշրջիկների և դարձնելու է այն Հայաստանի զբոսաշրջային կենտրոնը:

Եկեղեցու բակում խորովածի հոտը տարածվելուն զուգընթաց օրվա ամենահամեղ իրադարձության շուրջ իրարանցումն ավելի էր աշխուժանում: Մարդիկ մեծ հետաքրքրությամբ հետևում էին Երևանի ռեստորանների տասնյակ խոհարարների աշխատանքին: Եկեղեցու բակում արտիստները զբաղեցնում էին հյուրերին ազգային երգ ու պարով: Բոլոր խոհարարներն առաջին հերթին ջանում էին գոհացնել ժյուրիի անդամներին, որոնք պետք է որոշեին հաղթողին: Ժյուրիի անդամներին հյուրասիրելուց հետո խորովածի տարբեր տեսակները պետք է բաժանվեին հյուրերին և փառատոնի մասնակիցներին:

Սակայն հյուրերը նախատեսվածից շատ էին, ուստի խոհարարները ուղղակի չգիտեին, թե ինչպես բաժանեն միսը, դրա հետ կապված առաջացան վեճեր և լեզվակռիվ: Բայց կազմակերպիչները խոստացան, որ հաջորդ տարի նման թյուրիմացություն չի կրկնվի:

«Բնական է, որ ժյուրին չէր կարող ուտել պատրաստված ողջ միսը, ուստի մենք հանձնարարեցինք խոհարարներին, որպեսզի նրանք որոշեն, թե ինչ անեն դրա հետ: Հավանաբար, լավ կլիներ բացել մեկ մեծ սեղան, որի վրա կցուցադրվեին խորովածի բոլոր տեսակները փառատոնի մասնակիցների համար: Բայց քանի որ այս փառատոնն արդեն երկրորդ անգամ համընկնում է այլ միջոցառումների հետ, մեզ չի հաջողվում ինչպես հարկն է նախապատրաստել այն: Սակայն, տարեցտարի տոնն ավելի լավն է դառնում, և հաջորդ տարի մենք ամեն ինչ մանրակրկիտ ձևով կնախապատրաստենք»,- PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Հայկական խոհանոցի պահպանման և զարգացման» ՀԿ-ի անդամ, խորովածի փառատոնի ժյուրիի անդամ Գրիշա Անտինյանը:

Նրա խոստումն ամրապնդվում է նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունում խորովածի փառատոնի նախապատրաստման համար հատուկ կազմակերպչական կոմիտեի ստեղծմամբ: Դա վկայում է այն մասին, որ խորովածի փառատոնն ավանդական կդառնա և այն մասին, որ դրանով արդեն կզբաղվեն պրոֆեսիոնալ մակարդակով և այդ փառատոնը կդարձնեն հայկական ապրանքանիշ, հուսով ենք` աշխարհահռչակ:

Ընդհանուր առմամբ, փառատոնը հաջողվեց և գրավեց շատ հյուրերի ուշադրությունը: Փառատոնի մի քանի անվանակարգերում հաղթողները ստացան շնորհավորանքներ և ծափահարություններ: Դիպլոմները նրանք կստանան Երևանում պարգևատրության ժամանակ:

Բեմը հավաքեցին, հյուրերը ցրվեցին, և Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակը դատարկվեց, մնացին միայն ցիրուցան եղած տոպրակները, շշերը և ամանները:

Սակայն Վազգեն Խաչիկյանը, որը ծնունդով Ախթալայից է, խոստացավ, որ այդ ողջ աղբը կհավաքվի եկեղեցու բակից. «Իհարկե, մենք ամեն ինչ կարգի կբերենք: Դուք չնկատեցի՞ք, թե ինչպես էինք մաքրել եկեղեցին բացումից առաջ: Մենք շատ թանկ ենք գնահատում այս հողը և այս վայրը»: Փառատոնի հաջորդ օրն արդեն եկեղեցու բակը մաքուր էր:

Մանե Ամիրջանյան / PanARMENIAN News