24 սեպտեմբերի 2010 - 13:03 AMT
ՀՈԴՎԱԾ
Այս շաբաթը հաջող էր Մելինե Դալուզյանի համար. ծանրամարտի ԱԱ-ում նա նվաճեց բրոնզե մեդալ
Սեպտեմբերի 16-23-ի գլխավոր մարզական իրադարձությունների ամփոփում
Ծանրամարտ. Սեպտեմբերի 17-26-ն Անթալիայում տեղի է ունենում ծանրամարտի աշխարհի առաջնություն, որտեղ խաղարկվում են Լոնդոնի օլիմպիական խաղերի ուղեգրեր: Սեպտեմբերի 19-ին հայ ծանրորդներից առաջինը ելույթ է ունեցել Էլեն Գրիգորյանը (53 ք/կ): Նա առաջին անգամ էր մասնակցում մեծահասակների ԱԱ-ին և հանդես էր գալիս B խմբում: «Պոկում» վարժությունում Գրիգորյանը բարձրացրել է 80 կգ-անոց ծանրաձող, իսկ «հրում» վարժությունում` 106 կգ: Երկամարտի արդյունքում նա 186 կգ արդյունքով զբաղեցրել է 12-րդ տեղը: Աշխարհի չեմպիոն է դարձել Քսիատինգ Չենը (Չինաստան) 222 կգ-ով:

Սեպտեմբերի 20-ին 63կգ քաշային կարգում մեկնարկեց հայ ծանրորդ Քրիստինե Պետրոսյանը: Դա չափահասների առաջին աշխարհի առաջնությունն է 18-ամյա մարզուհու համար, և ելույթ ունենալով B խմբում` նա 11-րդ տեղը զբաղեցրեց մրցաշարային սանդղակում:

«Հրում» վարժությունում ծանրամարտուհին կարողացավ բարձրացնել 100կգ-անոց ծանրաձողը, իսկ «պոկում» վարժությունում` 114, և «երկամարտի» արդյունքում հավաքեց 214 կիլոգրամ: Չեմպիոնի տիտղոսը նվաճեց ղազախ մարզուհի Մայա Մանեզան (248կգ):

Մելինե Դալուզյանը (69 ք/կ) սեպտեմբերի 22-ին համառ պայքարում դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր և վարկանիշային միավորներ բերեց Հայաստանի հավաքականին Լոնդոնի օլիմպիական խաղերի համար, որոնք կայանալու են 2012-ին: «Պոկում» վարժությունում Դալուզյանը բարձրացրեց 108 և 112 կգ և նվաճեց բրոնզե մեդալ: «Հրում» վարժությունում նա բարձրացրեց 139 կգ և կրկին դարձավ բրոնզե մեդալակիր: Երկամարտի արդյունքում նա հավաքեց 251 կգ և դարձավ աշխարհի բրոնզե մեդալակիր:

Այդ քաշային կարգում չեմպիոն դարձավ ռուս ծանրորդ Սվետլանա Շիմկովան 256 կգ արդյունքով, չինուհի Յու Կանգը նվաճեց արծաթե մեդալ (253 կգ):

Շախմատ. Սեպտեմբերի 21-ին Խանտի Մանսիյսկում մեկնարկել է 39-րդ Համաշխարհային շախմատային օլիմպիադան: Հայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է բոլոր երեք տուրերում: 3:1 հաշվով հայ շախմատիստները հաղթեցին Կոստա Ռիկայի հավաքականին, 3.5:0.5 հաշվով` Ավստրալիայի, նույն հաշվով հաղթեցին նաև Թուրքիայի հավաքականին:

Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արշակ Պետրոսյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ հավաքականն անցկացրել է երկշաբաթյա հավաք, որը տեղի է ունեցել սեպտեմբերի 1-15-ը Ջերմուկում: «Հավաքը նորմալ է ընթացել: Ամենակարևորը` մեր խմբում ընկերական մթնոլորտ է, և բոլոր շախմատիստները պատրաստ են օլիմպիադային: Երկու-երեք տուրերից հետո պարզ կդառնա, թե որ տեղը կարող ենք զբաղեցնել»,- ասել է Պետրոսյանը:

Նա Հայաստանի հավաքականի մրցակիցներ է համարում Ռուսաստանի հավաքականի առաջին և երկրորդ թիմերին, որոնք վարկանիշով զբաղեցնում են բարձր տեղեր: «Մենք մրցելու ենք 10-12 հավաքականների հետ, այդ թվում` Ուկրաինայի, Իսրայելի, ԱՄՆ-ի: Դժվար է ասել, թե որ տեղը կգրավենք, բայց կպայքարենք մինչև վերջ»,- նշել է օլիմպիադայի կրկնակի չեմպիոնների գլխավոր մարզիչը:

Ֆուտբոլ Հյուսիսային Օսեթիայի մայրաքաղաքը մտնում է այն քաղաքների մեջ, որոնք հավակնում են դառնալ Ռուսաստան-Հայաստան EURO-2012 ընտրական խաղի անցկացման վայրը: «Մեր նպատակն է ֆոււտբոլը շրջաններ տեղափոխելը: Ռուսաստանի հավաքականի խաղերը պետք է անցկացվեն ոչ միայն մայրաքաղաքային մարզադաշտերում»,- ասել է Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավար Սերգեյ Ֆուրսենկոն:

Սեպտեմբերի 22-ին ֆուտբոլիՀայաստանի հավաքականը (մինչև 17 տ) Ռեյկյավիկ քաղաքում (Իսլանդիա) 2011թ. Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում խաղաց Թուրքիայի հավաքականի դեմ: Հայ ֆուտբոլիստները պարտվեցին 0:3 հաշվով և 7-րդ խմբում առանց միավորների զբաղեցրեցին վերջին` 4-րդ տեղը: Թուրքիայի և Չեխիայի հավաքականները ունեն 3-ական միավոր և զբաղեցնում են համապատասխանաբար 1-ին և 2-րդ տեղերը:

Չեխ ֆուտբոլիստները 4:0 հաշվով հաղթանակ տարան Իսլանդիայի հավաքականի նկատմամբ: Այս հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն լիգայի 21-րդ տուրի խաղերը: «Փյունիկը» կարողացավ խոշոր հաշվով հաղթել «Կիլիկիային» (5:0): Առաջին գոլը խփեց Գևորգ Ղազարյանը, որը խաղից հետո 12 գոլերով գլխավորում է ռմբարկուների ցուցակը: Մարկոս Պիզելին իրացրեց 11-մետրանոց հարված, Հովհաննես Գոհարյանը դուբլի հեղինակ դարձավ, իսկ Դավիթ Մանոյանը խփեց վերջին գոլը: 21-րդ տուրից հետո առաջնությունը գլխավորում է «Բանանցը»` 49 միավոր, «Փյունիկը» 46 միավորով երկրորդն է, «Ուլիսը»` 42-ով երրորդը:

Դոնեցկի «Շախտյորը», որտեղ հանդես է գալիս Հայաստանի հավաքականի կիսապաշտըպան Հենրիխ Մխիթարյանը, Ուկրաինայի գավաթի 1/6 եզրափակիչում խաղացել է «Կրիվբասի» դեմ: Խաղն ավարտվել է 6:0 հաշվով Դոնեցկի ակումբի օգին: «Շախտյորի» երկրորդ գոլը 34-րդ րոպեին խփել է Մխիթարյանը:

«Շախտյորի» մարզիչ Միրչա Լուչեսկուն Մխիթարյանին գրագետ խաղացող է համարում. «Նա հասկանում է, թե նրանից ինչ է պահանջվում: Եվ դա նրա ամենակարևոր որակն է»:

Ռումինիայի գավաթի խաղարկությունում «Ունիրեան», որում հանդես են գալիս Արման և Արտավազդ Քարամյանները, 1/16 եզրափակիչում հանդիպել են «Դելտայի» հետ: «Ունիրեայի» կազմում առաջին րոպեներից խաղացել է Արման Քարամյանը: Քարամյանների ակումբը հաղթել է 1:0 հաշվով:

Իսկ Դանիայի առաջնությունում Յուրա Մովսիսյանի և Ռոբերտ Արզումանյանի ակումբը` «Ռանդերս»-ը, 2:3 հաշվով պարտվել է «Օլբորգ»-ին: Մրցաշարային սանդղակում «Ռանդերս»-ը 11 միավորով 5-րդ տեղում է:

Ռումինիայի գավաթի խաղարկությունում սեպտեմբերի 22-ին «Ունիրեան», որի կազմում հանդես են գալիս Արման և Արտավազդ Քարամյանները, 1/16 եզրափակչում հանդիպել է «Դելտայի» հետ: Քարամյանների ակումբը հաղթեց 1:0 հաշվով: Նույն օրը Դանիայի գավաթի մրցաշարում «Ռանդերսը» 1:5 ջախջախեց «Նորդվեստին»: «Ռանդերսի» կազմում երկու անգամ աչքի ընկավ ՀՀ հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը՝ կրկնակի գոլ խփելով:

Ուրուգվայահայ Խոակին Պողոսյանը Ավստրիայի առաջնությունում «Զալցբուրգի» կազմում խաղաց «Աուստրիայի» դեմ: Խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Դոնեցկի «Մետալուրգը», որտեղ հանդես է գալիս ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը, Ուկրաինայի գավաթի 1/16 եզրափակչում հանդիպել է «Ալեքսանդրիայի»հետ: Հետխաղային 11-մետրանոցն իրացրեց Արտակ Դաշյանը, սակայն Ալեքսեյ Գոլդինի շեղ հարվածը թույլ չտվեց Դոնեցկի ակումբին հաղթահարել այդ փուլը:

Բռնցքամարտ. «Showtime» հեռուստաընկերությունը պաշտոնապես հաստատել է, որ թեթևագույն քաշային կարգում «Չորսի մրցաշարը» մեկնարկում է Մեքսիկայում դեկտեմբերի 18-ին երկու մենամարտերով, որոնցում առաջին թեթևագույն քաշային կարգում WBA/IBF վարկածով չեմպիոն Վախթանգ Դարչինյանը հանդիպելու է մեքսիկացի Աբներ Մարեսի հետ, իսկ նույն քաշային կարգում IBF վարկածով չեմպիոն Իոննի Պերեսը ռևանշ է տալու նախկին տիտղոսակիր Ջոզեֆ Ակբեկոյին: Վիկ Դարչինյանի խոսքերով, այդ մրցաշարը «Showtime»-ի հիանալի մտահղացումն է: «Սա մրցաշար չէ թեթևագույն քաշում, սա Դարչինյանի մրցաշարն է: Յուրաքանչյուրը, ով կհանդիպի ինձ հետ, կզգա իմ հզորությունը և կպարտվի: Ես Ագբեկոյի հետ չփակված հաշիվներ ունեմ, որովհետև նախորդ անգամ նա խուսափեց: Բայց հիմա հակառակորդի անունը կարևոր չէ ինձ համար: Նույնիսկ երկրորդ կիսաեզրափակիչ մարտի հաղթողը կպարտվի, որովհետև կհանդիպի ինձ հետ»,- ասել է Դարչինյանը:

Super Six Boxing World Classic մրցաշարի կիսաեզրափակիչ մենամարտը, որտեղ միջին քաշային կարգում աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը (Գերմանիա) դուրս է գալու ռինգ երկրորդ միջին կարգում WBC նախկին տիտղոսակիր Կարլ Ֆրոչի դեմ, տեղի կունենա մինչև տարեվերջ՝ նոյեմբերի 27-ին կամ դեկտեմբերի 18-ին: Սկզբից այդ մենամարտը պետք է տեղի ունենար հոկտեմբերի 2-ին Մոնակոյում, սակայն Ֆրոչը հայտնեց մեջքի վնասվածքի մասին, որը բացառում է նրա ելույթն այդ օրը, հաղորդում է allboxing.ru-ն:

«Թե իրականում նա ինչ խնդիր ունի, ոչ ոք չգիտի: Ես ցանկանում եմ, որ մենամարտի օրը որքան հնարավոր է շուտ նշանակվի: Մենք չենք կարող մեզ թույլ տալ ժամանակ կորցնել: Բռնցքամարտիկի կարիերան չափազանց կարճ է, և ես կցանկանայի ռինգ դուրս գալ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ: Շատ դժվար է սպասելը: Այժմ ամեն ինչ հոգեբանական հարթության վրա է, քանի որ մենք նույն պայմաններում ենք գտնվում»,-ասել է հայ բռնցքամարտիկը:

Ձյուդո. Սեպտեմբերի 17-19-ին Սոֆիայում անցնում է ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը Սեպտեմբերի 18-ին հայ ձյուդոիստները 2 մեդալ նվաճեցին: Մինչև 55 կգ քաշային կարգում Գրիգոր Իվանյանը հաղթեց Թոմ Շմիդտին (Լյուքսեմբուրգ), իսպանացի Խոակին Գոմեսին և ֆրանսիացի Մաքսիմ Դեֆոնդին և դուրս եկավ եզրափակիչ: Եզրափակչում Իվանյանի մրցակիցը վրացի Օթար Կայդարաշվիլին էր, որին նա զիջեց և նվաճեց արծաթե մեդալը: Գոռ Հարությունյանը 60 կք քաշային կարգում նույնպես վստահ սկսեց իր ելույթները և հաղթեց 3 մենամարտում՝ Էմանուել Բրունոյին Իտալիայից, Եվգենի Վրեմեին Մոլդովայից ու Լուկաշ Կիելբասինսկուն Լեհաստանից: Կիսաեզրափակչում Հարությունյանը զիջեց Յաղուբ Շամիլովին ՌԴ-ից և երրորդ տեղի համար պայքարեց մեկ այլ հայ մարզիկ՝ Վահե Թութխալյանի հետ, որը ներկայացնում էր Բելառուսը: Հարությունյանը կարողացավ նվաճել ԵԱ բրոնզե մեդալը:

Անդրանիկ Չափարյանը (73 կգ ք/կ) միայն մեկ հաղթանակ տարավ և չկարողացավ պայքարել մեդալների համար: Թենիս. Ֆրանսիայի հավաքականը դարձել է Դևիսի Գավաթ-2010-ի եզրափակչի առաջին մասնակիցը: Կիսաեզրափակչում Գի Ֆորժեի սաները Արգենտինայի հավաքականի, որի կազմում հանդես է գալիս Դավիթ Նալբանդյանը, հետ զույգային հանդիպումից հետո արդեն ապահովեցին իրենց ուղեգիրը եզրափակիչ:

Լիոնի Palais des Sports de Gerland կորտերում ընթացող հանդիպումն ավարտվեց ֆրանսիացիների վստահ հաղթանակով` 5:0, հաղորդում է gotennis.ru-ն: Ֆրանսիացիները որոշիչ միավորը ձեռք բերեցին զույգային հանդիպման ժամանակ: Այդ հանդիպմանը Ֆրանսիայի հավաքականի կազմից մասնակցում էին Առնո Կլեմանն ու Միշել Լյոդրան, իսկ Արգենտինայից կորտ էին դուրս եկել Օրասիո Սեբալյոսն ու Էդուարդո Շվանկը: Նախքան զույգային հանդիպումները դիմակայությունը 2:0 էր` հօգուտ ֆրանսիացիների:

Դավիթ Նալբանդյանը պարտություն է կրել Գաել Մոնֆիսից, իսկ Խուան Մոնակոն` Միշել Լյոդրայից:

ATP նոր վարկանիշում, որը հրապարակվել է սեպտեմբերի 20-ին, Նալբանդյանն իջել է մեկ հորիզոնականով և 1325 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը:

Գոհար Նալբանդյան, Հասմիկ Բաբայան / PanARMENIAN News